Դեսպան Քոչարյանը հանդիպեց Լիբանանի վարչապետին

Օգոստոսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի հետ:
Դեսպանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Միաժամանակ նշվեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, մոտակա ժամանակներին միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման, ինչպես նաև գործարար համաժողովի կազմակերպման կարևորությունը:
Անդրադարձ եղավ Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: Ընդգծվեց լիբանանահայ համայնքի կարևոր դերը Լիբանանի զարգացման գործում:
Լիբանանի վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: