Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Օգոստոսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման արարողությունը:
Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքված Սփյուռքի պատանիներին ողջունեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, վստահ եմ, որ Հայրենիքում գտնվելու այս ժամանակահատվածում ջերմ զգացումներ և ոգևորություն է արթնացել ազգային արժեքների՝ մեր պատմության, մշակույթի, մեր ոսկեղենիկ մայրենիի հանդեպ: Արդեն բավական վարժ հաղորդակցվում եք հայերենով, հասցրել եք ընկերանալ: Հավատում եմ, որ տուն եք վերադառնալու հարուստ տպավորություններով, ջերմ հիշողություններով ու ձգտելու եք ևս մեկ անգամ գալ Հայաստան»:
Ձաղկաձորյան «Արի տուն» ճամբարում մինչև ուշ երեկո թևածում էր ազգային ոգին, երեխաները ներկայացրին ծրագրի շրջանակներում սովորած ազգային երգն ու պարը, ասմունքը:
Ծրագրի 5-րդ փուլին մասնակցեց 185 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլանդներից, Բելգիայից, Լիբանանից, Վրաստանից, Չեխիայից, Սիրիայից, Ղազախստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Կանադայից, Շվեդիայից: «Արի տուն» ծրագրի այս փուլին միացել էին նաև 18 պատանի Արցախից: