«Սփյուռք ամառային դպրոց-2014». ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցներին

Հուլիսի 23-ին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցներին: Անվանի կոմպոզիտորին ու երաժիշտին ներկաները ողջունեցին հոտնկայս, բուռն ծափահարություններով:

Արա Գևորգյանը ծանոթացավ մասնակիցների հետ, իր խոսքում կարևորեց ազգային արժեքների՝ լեզվի, պատմության, մշակույթի կարևորությունը հայապահպանության գործում և նշեց, որ իր համերգների ժամանակ նա հպարտությամբ ներկայացնում է դրանց առնչվող տեսանյութեր: Երգահանը դպրոցի մասնակիցներին ցուցադրեց իր մի քանի աշխատանքները, որոնց միավորում էր «Խաղաղություն» նշանաբանը:

«Իմ տեսակով ես խաղաղություն սիրող մարդ եմ և ուզում եմ, որ այն տիրի աշխարհում»,-իր խոսքում նշեց Արա Գևորգյանն ու հավելեց, որ այդ ամենին նա ձգտում է հասնել շնորհիվ իր արվեստի, իր երաժշտության: Ապա հնչեցվեց «Խաղաղության երգը», որը կատարել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում. այն դեռ երկար կմնա Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հոգիներում:

Scroll Up