Հովհաննես Չեքիջյան. «Ուրիշ որևէ տեղ նման զգացողություն չեմ ունենում…»

«Յովհաննէս Չէքիճեանի ղեկավարութեան ներքեւ Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախումբի կողմէ Սփիւռքի մէջ սարքուած ամէն համերգ գեղարուեստական դէպք է այդ Սփիւռքին համար եւ առաւելաբար այդպէս է նաեւ մեր քաղաքի առնչութեամբ: Այդ տեսակէտէ երէկ գիշերուան համերգը, որ սարքուեցաւ Գումգաբուի Որդւոց Որոտման Եկեղեցիի արուեստի կեդրոնին մէջ, կրնանք գեղարուեստական դէպք որակել… Երէկ գիշերուան համերգը Իսթանպուլահայ արուեստի կեանքէն ներս պիտի արձանագրուի անմոռանալիներու ցանկին մէջ»:

    «Մարմարա», 07  Յունիս, 2014թ.

 

Հայաստանի  Ազգային ակադեմիական երգչախմբի ստամբուլյան ելույթները անկասկա´ծ տարբերվում են երգչախմբի մյուս բոլոր համերգներից` լինեն դրանք Հայաստանում թե արտերկրում, ամենատիտղոսավոր բեմերում թե ոչ այնքան հայտնի համերգասրահներում: Խոսքս ամենևին էլ կատարողական մակարդակի և մյուս որակների մասին չէ (այս առումներով երգչախումբը միշտ էլ իր բարձրության վրա է), այլ մի տարբեր, թերևս ենթագիտակցականի  զգայական ոլորտը թափանցող  իրողության, որը թե´ երգչախմբի արտիստներին, թե´ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին համակում է մի «ուրիշ տեսակի» պատասխանատվությամբ, ուրիշ տեսակի մի խանդավառությամբ, ինչի արդյունքում կայանում է երգի իսկական հրավառություն.  չէ՞ որ Ստամբուլ-Պոլիսը , հայոց ինքնության և յուրատիպ մշակույթի (այդ թվում` երգարվեստի), հայ գեղարվեստական ու կառուցողական մտքի օրրան լինելուց զատ, այն քաղաքն է, որտեղ հայազգի բազում երևելիների հրաշալի փաղանգի շարքին, ապրել ու արարել է մեծն Կոմիտասը: Եվ վերջապես` քաղաք, որը ծնել է  Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

Տողերիս հեղինակին բախտ վիճակվեց ս. թ. հունիսի 5-8-ը  ոչ միայն ներկա գտնվելու, այլև Ազգային երգչախմբի կազմում մասնակիցը լինելու ստամբուլյան համերգ-հրավառության, որը մատուցեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Դրա տրամաբանական շարունակությունը սույն հարցազրույց-երկխոսությունը եղավ մաեստրոյի  հետ Ստամբուլից Երևան վերադառնալուց հետո, ինչը սիրով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի ընթերցողին:

-Մաե´ստրո, Ազգային Կապելլայի ստամբուլյան 3-րդ համերգային շրջագայությունն էլ դարձավ պատմություն` պոլսահայության մշակութային կյանքում արձանագրվելով, ինչպես «Մարմարան» գրեց, իբրև «Անմոռանալի»: Չորս օրում` երկու փայլուն համերգ և Սբ. Պատարագի երգեցողություն Գումգաբուի Մայր եկեղեցում: Վերջինը շրջագայության անակնկալն էր` անկասկա´ծ  հաճելի, միաժամանակ խիստ պարտավորեցնող, ինչը տեղում լրացուցիչ փորձեր անցկացնելու առիթ դարձավ`փաստորեն  կրկնապատկելով Ձեր և խմբի անելիքը: Այդու հանդերձ, չնայած հավելյալ ծանրաբեռնվածությանը, համերգները գերազանցեցին բոլոր սպասելիքները` պոլսահայության համար վերածվելով իսկական տոնի: Ձեր ավելի քան կեսդարյա փորձառությանը, կարծում եմ, անծանոթ չեն նման անակնկալները, ինչը որ «հուշում է» չզարմանալ հերթականի համար: Եվ այնուամենայնիվ, մաե´ստրո, ինչպե՞ս է դա լինում…

-Այո´, մենք իսկապես էլ պատրաստել էինք շատ հետաքրքիր ծրագիր Ստամբուլի համար` առանց անդրադառնալու, որ այնտեղ մեր պարտավորությունը կարող է ավելանալ: Ստամբուլ հասնելուց հետո պարզվեց, որ մեր պոլսահայ հայրենակիցների բուռն ցանկությունն էր, որ հյուրախաղերի վերջին` կիրակի օրը երգչախումբը իմ ղեկավարությամբ մասնակցեր Սբ. Պատարագի արարողությանը Գումգաբուի Մայր եկեղեցում` կատարելով Կոմիտասյան «Պատարագը» (դպրաց դասի ամբողջ երգեցողությունը – Հ.Կ.): Դրա համար էլ հենց տեղում ստիպված եղանք հավելյալ փորձեր  անցկացնել, որպեսզի  պատշաճ մակարդակով ներկայանանք  Սբ. Պատարագին: Շատ ժամանակ չունեինք արդեն, ընդամենը երեք փորձ կարողացանք անցկացնել: Իսկ Կոմիտասի «Պատարագը» երեք փորձով «բեմ հանելը», պիտի ասեմ, հեշտ բան չէ: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ: Մայր եկեղեցու շքեղ սրահում հավաքված հայությունը, որոնց մեծ մասը այդ օրը եկել էր հատուկ մեր խմբին լսելու համար, վստահաբար շատ գոհ մնաց: Եվ ընդհանրապես, մեր խումբը այդ օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր:

Իսկ այն, որ մեր երգչախումբը օժտված է բացառիկ որակներով, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ինչ էլ որ երգի` լինի Պատարագ թե աշխարհիկ երգեր, մշտապես առկա է խմբի ուրույն, բոլորից տարբերվող «ձեռագիրը» և, թույլ տուր ասեմ` ի´մ ձեռագիրը. չէ՞ որ ինչ  կատարվում է, իմ ձեռքով է կատարվում: Այն հնչողությունը, որ ես եմ ստեղծում, միայն իմն է, ուրիշ ոչ ոք չի կարող այդ հնչողությունը ստանալ: Խոսքը ավելի լավ կամ վատի մասին չէ. ով էլ լինի` իմը, մերը տարբերվում է: Գուցե դժվար է խոսքերով բացատրել կամ, առավել ևս, «ապացուցել»  ասածս, սակայն համարձակվում եմ ասել` երբ որ ես եմ մոտենում խմբին, բոլորովին այլ հնչողություն է ստեղծվում:

-«Չեքիջյանակա´ն»  հնչողություն… արդեն ավելի քան 50 տարի:

-Այո´, 53 տարի այդ բանը կա: Ոչ միայն համերգների, այլ նաև յուրաքանչյուր փորձի ժամանակ եմ ես դա զգում, և երգիչնե´րն  են զգում. ես նաև իրենց  ասածն ու զգացածն եմ փոխանցում: Այս իմաստով ես անչափ ուրախ եմ ու երջանիկ, որ խումբը մեկ մարդու նման ընկալում ու ընդառաջում է ինձ ու երգում է այնպես, ինչպես ես եմ ուզում, ինչի արդյունքում էլ ստեղծվում է քո ասած «Չեքիջյանական»  հնչողությունը: Եվ  դա մեր հաջողության ամենակարևոր, կարող եմ ասել` գլխավոր առհավատչյան է, խմբի՝ միշտ առաջացող ու երբեք չնվազող որակի հիմնական բանալին: Մի բան էլ ասեմ. մեր երգիչները  նաև խոստովանում են (և դա ինձ համար շատ հաճելի է), որ ինչքան էլ դժվար լինի ծրագիրը, իմ ձեռքով չեն հոգնում:

-Նման դեպքում ասում են` «ձեռքը թեթև է»…

– Կերևի` այդպես էլ կա: Ինչ վերաբերում է վերջին շրջագայությանը, Պոլսի Մայր եկեղեցու թաղական խորհուրդը մեզ հրավիրեց` բացումը կատարելու Մայր եկեղեցուն կից նոր վերանորոգված կառույցի, որը նույնպես եկեղեցի է`Որդվոց Որոտման անվանակոչյալ, սակայն ծառայելու է գլխավորապես որպես Արվեստի կենտրոն: Մեկնեցինք կրճատված կազմով` 63 հոգի, չնայած պետք է  ասեմ, որ այդ դահլիճի համար 63 հոգին լիուլի էր: Այնտեղ մենք ունեցանք բավականին հաջող ընտրված ծրագրով երկու համերգ, որ շատ ջերմ ընդունվեց, մեր սպասածից էլ ավելի: Ապացույցը ժողովրդի բուռն, չդադարող  ծափերն ու ծաղիկներն էին, Պոլսի հայկական  թերթերի ջերմ արձագանքները: Շատ երջանիկ ենք, որ պատվով կատարեցինք մեր առաքելությունը՝ մեր երգով պոլսահայությանը պարգևելով նույնպիսի երջանիկ պահեր, և չնայած որոշակի հոգնածությանը՝ վերադարձանք, ինչպես ասում են, հաղթանակած:

-Մաե՛ստրո, 2014-ը կառավարական մակարդակով հայտարարվել է «Չեքիջյանական տարի»: Այն սկսվեց Ձեր 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգով և ըստ ամենայնի` պիտի շարունակվի ողջ տարվա ընթացքում: Ուրիշ ի՞նչ միջոցառումներ են սպասվում «Չեքիջյանական տարվա» շրջանակներում:

-«Չեքիջյանական տարի» ասելով` հասկանում ենք, որ այս տարի Չեքիջյանի մասին ավելի շատ պետք է խոսվի, այդպես չէ՞…որ Չեքիջյանը պիտի լինի ուշադրության  կենտրոնում: Միջոցառումներ, իհարկե, նախատեսված են:  Այս առիթով տարվա սկզբին ստեղծվեց մի հանձնախումբ, որի նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Բայց վարչապետի հրաժարականից հետո առայժմ ամեն ինչ մնացել է մի տեսակ «օդից կախված»: Նոր վարչապետի հետ այս թեմայով խոսելու առիթ, ճիշտն ասած, դեռ չեմ ունեցել` իր բազմազբաղության պատճառով: Հույս ունեմ, որ նոր վարչապետը ինքը կստանձնի այդ հանձնաժաղովի նախագահի պարտականությունը, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսօրվա դրությամբ այսքանը կարող եմ ասել:

-Մաե´ստրո, երկու ամիս առաջ Դուք արժանացաք ԱՊՀ երկրների մասշտաբով մի բացառիկ մրցանակի, որը, եթե չեմ սխալվում, տրվում է ԱՊՀ անդամ երկրների գիտության, մշակույթի մեկական ներկայացուցչի ընդամենը` հիշյալ բնագավառներում աչքի ընկած բացառիկ ծառայությունների համար: Հեղինակավոր հանձնաժողովը այս տարի Հայաստանից ընտրել էր Ձեզ, ինչը, անկասկած, մեծ նվաճում է և պատիվ է բերում ողջ Հանրապետությանը: Խնդրում եմ` փոքր-ինչ մանրամասն այդ մասին:

-Գիտեք, այն, ինչ կատարվում է այստեղ, եթե Մոսկվայում, ԱՊՀ երկրների մակարդակով արձագանք է գտնում, դա ընդհանուր առմամբ շատ մեծ հաջողություն է, ինչպես դու ասացիր, ամբողջ Հանրապետության համար: Դա նշանակում է, որ իրոք կա´ արժանիք: Եվ ուրեմն`երևի պատահական չէր, որ հանձնաժողովը անդրադարձել էր Հայաստանին` ի դեմս ինձ: Ասեմ, որ այդ մրցանակի բացառիկությունը արժևորվում է նախ և առաջ նրանով, որ այն միջազգային մրցանակ է, և շնորհում են լուրջ ծանրութեթև անելուց, ամենամանրակրկիտ ու հանգամանալից քննությունից հետո միայն (չմոռանանք, որ հանձնաժողովը կազմված է բացառապես օտարազգիներից):  Ես, իհարկե, անչափ շոյված եմ ու երջանիկ, որ ևս մեկ անգամ գնահատվեց  վաստակս, և հենց ինձ բախտ վիճակվեց արժանանալու այդ մրցանակին, որը իմ կյանքի ընթացքում  ստացած հարյուրից ավելի մրցանակների, կոչումների, շքանշանների մեջ երկրորդն է, որը միջազգային արժեք ունի (առաջինը Ժողովուրդների բարեկամության շքանշանն է): Ասեմ նաև, որ այս վերջին մրցանակը ինձ համար անակնկալ էր, անշուշտ՝ հաճելի անակնկալ: Այսինքն՝ ես այդ մասին իմացել եմ, երբ արդեն ամեն ինչ որոշված էր: Այդ առիթով ինձ հրավիրեցին Մոսկվա, որտեղ մեծ հանդիսություն էր կազմակերպվել: Համընդհանուր տոնական մթնոլորտ էր. տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ հայտնի մտավորականներ, գիտության, մշակույթի գործիչներ, պետական այրեր՝ ծանոթ ու անծանոթ, իմ շուրջն էին հավաքվել, մոտենում, շնորհավորում էին, հիացական, ջերմ խոսքեր ասում: Վերջում սեղանի շուրջ նույնպես հավաք եղավ, այստեղ էլ շատ ականավոր մարդիկ վեր էին կենում և ինձ շնորհավորում, իմ վաստակը արժևորում: Ի՞նչ ասեմ, բառերով դժվար է նկարագրել. ես ինձ իսկապես երջանիկ էի զգում ու վարձատրված:

-Վերադառնանք ստամբուլյան համերգներին: Կապելլայի համերգային այցը ստամբուլահայության համար բառի բուն իմաստով դարձավ մեծ իրադարձություն, իսկական տոնական հրավառություն: Ինչպես «Մարմարան» գրեց՝ «Համերգ մը, որ կարձանագրվի Անմոռանալիներու ցանկին մեջ»: Ստամբուլում, որը Ձեր ծննդավայրն է, մեկ այլ ձևով են սիրում մաեստրո Չեքիջյանին: Այդ սերը «համեմված է» մի զգացողությամբ, որ թերևս միայն ստամբուլահային է հատուկ: Դա հպարտության զգացումն է՝ Չեքիջյանին իրենցը համարելու հպարտության. Պոլսում ամեն մարդ՝ հայտնի մտավորականներից մինչև պարզ ունկնդիր, անթաքույց հպարտությամբ ասում էր՝ Չեքիջյանը մերն է: Բայց 50-ից ավելի տարիներ են անցել, որ Դուք…իրենցը չեք, ավելի ճիշտ՝ միայն իրենցը չեք, այլ համայն հայությանը, իսկ ավելի լայն առումով՝ երաժշտական աշխարհինը: Մաե՛ստրո, իսկ Դուք ի՞նչ կասեիք Պոլսի մասին. Պոլիսը Ձե՞րն է, և ինչո՞վ են տարբերվում ստամբուլյան համերգները մյուսներից…

-Սկսեմ նրանից, որ մեր գործը կարծես թե օդում ցնդում է, այսինքն՝ ճարտարապետի ստեղծածի նման մի «շոշափելի» բան կարծես թե չենք թողնում կամ, ասենք, գրողի ստեղծածի. երգեցինք՝ օդում ցնդեց, անցավ-գնաց… Բայց դա այդքան էլ այդպես չէ: Տեսե՛ք, ուղիղ 10 տարի է անցել պոլսահայ ունկնդրի հետ մեր վերջին հանդիպումից, բայց մարդիկ հիշում էին մեր ելույթը Ստամբուլում այնպես, կարծես թե երեկ էր եղել: Ստամբուլի իմ ընկերների, մտերիմների մեծ մասը արդեն չկան, բայց անգամ երիտասարդները, որ ունկնդիրների մեծամասնությունն էին կազմում, գոնե անունով ինձ գիտեին և գիտեին Կապելլային: Ինքներդ տեսաք, թե ինչ խանդավառություն էր դահլիճում: Եվ ամեն տեղ, ճիշտ ես նկատել, բոլոր ստամբուլահայերը հպարտանում էին ու մի տեսակ չէին ուզում համակերպվել այն մտքին, որ իրենցից բաժանվել եմ, որ իրենք ինձ կորցրել են…

-Ի դեպ, Ձեզ «կորցնելու» հետ կապված. «Մարմարա»-ի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը Ստամբուլում իր հետ ունեցած մեր հարցազրույցի ժամանակ գիտե՞ք՝ ինչ ասաց: Ասաց՝ «1997-ին՝ Կապելլայի Պոլիս կատարած առաջին համերգային շրջագայությանը, բեմահարթակից ունեցած իմ եզրափակիչ խոսքի մեջ ասացի՝ Մենք Չեքիջյանը կորսնցուցինք, որպեսզի ամբողջ Հայաշխարհը շահի զայն»: Հետո ավելացրեց՝ «Նույնը պիտի կրկնեմ նաև այսօր…»:

-Պ-ն Հատտեճյանի գնահատականի մեջ, ինքնասիրությունս շոյելուց զատ, իհա՛րկե մեծ իմաստ կա: Պոլիս մնալով՝ սահմանափակ պիտի լիներ իմ գործունեությունը, միայն Պոլսո շրջանակներում և վերջ: Մինչդեռ Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի գործունեությունը ողջ աշխարհի մասշտաբով է ծավալվել, մենք փառահեղ ու անմոռանալի ելույթներ ենք ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն, Ս. Պետերբուրգ, Մոսկվա և շատ ու շատ ուրիշ քաղաքներ: Այսինքն՝ մենք աշխարհի՛  հետ խոսեցինք, և աշխա՛րհը մեզ ճանաչեց: Իսկ եթե Ստամբուլում մնայի, այդպես չէր լինի երբեք: Այս իմաստով իհա՛րկե ճիշտ էր իմ քայլը, որ եկա Հայաստան, և ուրեմն նաև երիցս ճշմարիտ է «Մարմարա»-ի հարգարժան խմբագրապետը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է Պոլիսը իմը, միանգամից ասեմ՝ շատ-շատ բաներով: Սկսեմ ամենապարզ մարդկային զգացողություններից. այնտեղի ծովի օդը ինձ վրա անչափ դրական է ազդում, մի տեսակ երիտասարդանում եմ: Նաև չմոռանանք ծննդավայրի գործոնը. բժիշկներն ասում են, որ եթե մարդը իր ծննդավայրից հեռու է ապրում, ապա առիթը չպիտի կորցնի երբեմն-երբեմն այնտեղ վերադառնալու, ինչը որ ես փորձում եմ անել: Մյուս՝ ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ նախքան Հայաստան գալն արդեն ես այնտեղ, թող անհամեստ չհնչի, բավական ճանաչված մարդ եմ եղել որպես դիրիժոր, ահագին մեծ գործունեություն եմ ծավալել: Ունեցել եմ «Չեքիջյան» երգչախումբ, որի հետ շատ հիշարժան համերգներ եմ անցկացրել ամենախոշոր դահլիճներում ու, չնայած երիտասարդ տարիքիս, իմ անունն այնտեղ շատ է շոշափվել: Հիմա, ինչպես ասացի, իմ ընկերներից քչերն են մնացել, բայց կա քաղաքը, կա Պոլսի հայկական միջավայրը՝ թեկուզև շատ բանով փոխված, որտեղ, սակայն, ինձ ճանաչում և հիշում են: Եվ այս իմաստով իմ յուրաքանչյուր այցելությունը Ստամբուլ՝ մենակ թե խմբով, մի տեսակ ուրիշ զգացում է արթնացնում. ես վերադառնում եմ Տուն, որը ինձ համար թանկ է: Ուրիշ ոչ մի տեղ, բացի ծննդավայրից, նման զգացողություն չի լինում: Գիտեք, պոլսահայը հայի մի տեսակ է, որը ձևավորվել է դարերի ընթացքում՝ իր ուրույն մշակույթով, կենցաղով, իր հոգեմտավոր արժեքներով, ապրելակերպով… Այն եկեղեցին, որ դուք տեսաք՝ Մայր եկեղեցին, որտեղ Պատարագ երգեցինք, կարծում եմ՝ Հայաստանում էլ նմանը չունի՝ շքեղաշուք, ազդեցիկ, և այն էլ, չմոռանանք՝ Թուրքիայում: Այն ժամանակ ես նաև այդ եկեղեցու դպրաց դասի երգչախումբն եմ ղեկավարել: Այսօր Պոլսում 36 գործող եկեղեցի ունենք, որտեղ ամեն կիրակի Պատարագ է մատուցվում, և դա փոքր բան չէ: Ես, ուրեմն, այդ միջավայրում եմ ծնվել, մի քաղաքում, որտեղ ապրել ու ստեղծագործել են Կոմիտասը, Զոհրապը, Վարուժանը…ո՞ր մեկին ասեմ՝ Պոլսո համբավավոր պատրիարքները՝ Օրմանյան, Շնորհք Գալուստյան… Տեսեք՝ որքան «պատճառ» կա, որ ես էլ Պոլիսը իմը համարեմ:

-Ստամբուլյան համերգի եզրափակիչ մասը գերազանցեց բոլոր սպասելիքները: Խոսքս Տիգրան Չուխաջյանի «Կարինե» («Լեբլեբիջի») հայտնի օպերետի մասին է, պոլսահայության սրտին մոտիկ մի ստեղծագործության, որից չորս հատված կատարվեց որպես համերգի վերջաբան: Այս առիթով նույնպես ուզում եմ «դիմել»  «Մարմարա»-ին. «Չէքիճեան յարմար տեսած էր, որ այս բացառիկ համերգը վերջացնէր Չուխաճեանի «Լէպլէպիճի»-էն ընտրուած հատուածներով, որովհետեւ գիտէր, որ այս գործը շատ կը խօսէր Պոլսահայերուն: Բայց պէտք է ըսել, որ մենք մեր սպասածէն ալ շատ շատ աւելին գտանք այս հատուածին մէջ, ուր գրեթէ ամբողջ օփէրէթ մը ներկայացուցին երգչախումբը, դաշնակն ու չորս մենակատարները:… Միայն այս վերջին հատուածը, զոր մենք յաճախակի կերպով լսելու կարելիութիւնը չունինք, կարծես Չէքիճեանին եւ ամբողջ երգչախումբին նուէրն էր Պոլսահայութեան, եւ այդ նուէրը ընդունուեցաւ ամենաջերմ ծափահարութիւններով»: Կարծես թե ամեն ինչ ասված է, մաե՛ստրո…

-Ասվածին պիտի ուզենայի ավելացնել, որ մեզ մոտ էլ, չգիտես ինչու, Չուխաջյանի անունը շատ չի շոշափվում: Այնինչ նա ազգային օպերայի հիմնադիրն է մեր իրականության մեջ, առաջին հայ մարդն է, որ կոմպոզիտոր կոչվելու իրավունք է վաստակել: Բայց, ցավոք, իրեն արժանին չի մատուցվում: Եվ եթե պոլսահայոց համար ես այս առիթը չօգտագործեի, շատ բան թերի պիտի լիներ: Իհարկե, կարևոր էր նաև, որ այդ հատվածները հնչեցին համերգի վերջում: Ինչ վերաբերում է կատարմանը, ես էլ, խումբն էլ կարելին արեցինք՝ Չուխաջյանին հարազատ մնալու համար: Եվ կարծում եմ՝ ոչ միայն ստամբուլահայերի սպասելիքները, այլև մենք մեզ գերազանցեցինք: Օգտվելով առիթից՝ հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել երգչախմբին, իսկ Չուխաջյանի առիթով՝ հատկապես բոլոր մենակատարներին առանձին-առանձին՝ անմիջական ու փայլուն «ներկայացման» համար:

-Մաե՛ստրո, չեմ ուզում հարցնել՝  Ձեզ 85 տարեկան զգում եք: Վստահ եմ՝ ո՛չ: Բայց…ստամբուլյան «անակնկալի» պատճառով կրկնապատկված փորձերի ամենամեծ ֆենոմենը Ձեր զարմանալի առույգությունն էր, որը մի տեսակ գերբնական ուժ էր փոխանցում խնբին (դա ակնհայտ էր): Ո՞րն է Ձեր երիտասարդության, Ձեր անսպառ եռանդի գաղտնիքը…եթե գաղտնիք չէ:

-Ինչ էլ որ ասենք, տարիքը անտեսել հնարավոր չէ. այո՛, 85 տարեկան եմ. զառամյալ ծերունու տարիք է, չէ՞…Բայց, ի՞նչ ասեմ, ես ինձ այդքան չեմ զգում, մեջս եռանդ կա. երևի նրանից է, որ դեռ ասելիք ունեմ: Հույս ունեմ, որ դեռ էլի «կձգեմ», բայց ամեն ինչ Աստծո ձեռքին է: Կարծում եմ՝ նաև ծնողներս «դեր ունեն» այս հարցում. մայրս շատ առողջ կին էր, 109 տարի ապրեց, քիչ բան չէ: Ես այդքան ապրելու հավակնություն չունեմ, բայց և այնպես…բաներ կան, որ անբացատրելի է:

-Մաե՛ստրո, փառահեղ կենսագրություն, մնայուն վաստակ, հարգանք, սեր, ճանաչում, գնահատանք, շքանշաններ, մրցանակներ…այս ամենը Դուք ունեք: Բայց կարծում եմ՝ Դուք ունեք դրանցից ոչ պակաս ևս մի բան, մի հարստություն, և այդ հարստությունը երգչախմբի արտիստների անկեղծ սերն է… Կուզենայի՝ ասեք՝ համաձա՞յն եք, որ դա հարստություն է, և որքանո՞վ է դա Ձեզ համար կարևոր:

-Քիչ է մնում՝ հավատամ քո ասածին (ծիծաղում է – Հ.Կ.): Ընդհանրապես ղեկավարների հասցեին իրենց հետևից հաճախ հայհոյում են, ճի՞շտ է: Բայց…ես էլ եմ ուզում հավատալ, որ մեր դեպքում պարագան ուրիշ է: Եվ գիտե՞ս՝ ինչու: Մեր գործը այնպիսի գործ է, որ, օրինակ, եթե երաժշտական ֆրազները լավ են ստացվում, դա, չէ՞ որ, մեծապես ինձանից է: Բայց մյուս կողմից՝ եթե նվիրումով չաշխատեն երգիչները, ոչինչ չի ստացվի (մանավանդ՝ այս աշխատավարձով): Այդ ինքնամոռաց նվիրումը, ուրեմն, մարդկանց հոգու մեջ բարի հետք է թողնում, և այդ հետքը կանխում է ամեն տեսակի չարիք: Այլ կերպ ասած՝ սա նորին մեծություն Արվեստի կախարդական ուժն է, որը միավորում ու մեկ է դարձնում բոլորիս, ինչից էլ ծնվում է քո ասած Սերը, որը իհա՛րկե  հարստություն է՝ հարստություններից ամենամեծը…

-Եվ վերջում, մաե՛ստրո… Քանի որ մեր զրույցը Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլ. օրաթերթի համար է, իսկ Դուք Սփյուռքի նախարարին կից Ատյանի անդամ եք նախարարության հիմնադրումից ի վեր, պիտի խնդրեմ՝ երկու խոսքով ներկայացնեք Սփյուռքի նախարարություն-Չեքիջյան համագործակցությունը:

-Ամենայն սիրով: Սփյուռքի նախարարությունը, ավելի ճիշտ՝ նախարարը, այո՛, ինձ ընտրել է որպես Նախարարության բարձրագույն կառույցի անդամ: Ես, իհարկե, շատ շոյված եմ դրա համար: Բայց դրանից ավելի ուրիշ բան կա, որ չեմ կարող չասել. ես մշտապես զգում եմ տիկին նախարարուհու ջերմությունը դեպի իմ անձը և իմ արած գործը: Եվ պատահական չէ, որ իմ 85-ամյակին նվիրված միջոցառումներին ամենաակտիվ ու նաև նախաձեռնողական մասնակցություն ունի տիկին Հրանուշ Հակոբյանը, ինչի համար երախտապարտ եմ:  Սփյուռքահայության հույսն ու հավատը Հայաստանն է, և Հայաստանի «ուշացած» Սփյուռքի նախարարությունը վիթխարի գործ է կատարում: Երանի՛ Սփյուռքի նախարարի եռանդը բոլորն ունենային, որովհետև նա ընդամենը 5 տարվա ընթացքում արեց, առանց չափազանցության, երևի 50 տարվա գործ: Եվ եթե նախարարի բազմազբաղության ծիրի մեջ իր ուշադրությունից ու հոգածությունից չի վրիպում իմ անձը, և  արժանանում եմ նրա ջերմ համակրանքին, դա ինձ համար մեծ պատիվ է և  հրճվանք:

-Շնորհակալություն, սիրելի՛ մաեստրո:

Հարցազրույցը՝ Հայկ Կարապետյանի

 unnamed-47-300x146

Scroll Up