Եվրոպան երես է թեքում Ադրբեջանից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/download9.jpg)
Եվրախորհրդի և Ադրբեջանի միջև օրավուր մեծանում է լարվածությունը: Դա մի նոր աստիճանի հասավ այն բանից հետո, երբ Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանին անցավ նախագահությունը: Ինչպես գրում է ֆրանսիական Dernières Nouvelles d’Alsace պարբերականը, Ստրասբուրգում հանվեցին այն բոլոր պաստառները, որոնք տեղեկացնում էին Ադրբեջանի նախագահության մասին: Էլեկտրոնային պարբերականում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ Ստրասբուրգում ընդունված կարգ է մեծարել այն երկրին, որը Նախարարների կոմիտեում ստանձնում է նախագահությունը: 2009 թվականից սկսած՝ քաղաքում կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, որոնք նվիրվում են կազմակերպության անդամ այս կամ այն պետությանը: Այսպես՝ որպես միջոցառումների սկիզբ, քաղաքապետարանի դիմաց բարձրացվում են տվյալ երկրի դրոշները: Ապա հանրակառքերը ներկվում են տվյալ երկրի դրոշի գույներով:
Ադրբեջանի նախագահության առաջին շրջանում ամեն ինչ ընթանում էր ընդունված կարգին համապատասխան, մայիսի սկզբին բարձրացվել էին դրոշները: Սակայն մի քանի օր անց Բաքվի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Ադրբեջանը հրաժարվեց մուտքի վիզա տրամադրել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ Ռընե Ռուկեին, որը Եվրոպական խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում հանդիսանում է ԵԽԽՎ փոխնախագահ: Ռընե Ռուկեն պիտի մասնակցեր ադրբեջանական մայրաքաղաքում տեղի ունենալիք խորհրդակցությանը: Պաշտոնական Բաքուն իր մերժումը պատճառաբանեց այն հանգամանքով, որ Ռուկեն նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ:
ԵԽԽՎ-ն որոշել է կիրառել որոշ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ և առաջիկա երկու տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնց անցկացումը ծրագրված էր Բաքվում, համարել անվավեր:
Այս սանկցիան պատահական չէ: Ադրբեջանում տարիներ շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները, դատապարտվում են ազատամիտ լրագրողները, երկրում իշխում է բռնությունը, սակայն նույն ԵԽ-ն ոչ միշտ է ուշադրություն դարձրել այն հանգամանքին, որ իր անդամ երկրում չեն գործում ժողովրդավարական կառույցները, արհամարհվում է ժողովրդավարությունը: Այդուհանդերձ, հատկապես Ռընե Ռուկեին առնչվող միջադեպը խիստ զայրացրել է ինչպես Ստրասբուրգի քաղաքապետարանին, այնպես էլ ԵԽ-ին, քանի որ Ադրբեջանում այս անգամ խոչընդոտել են ԵԽ աշխատանքներին, նրա ներկայացուցչին զրկել պաշտոնական լիազորություններն իրականացնելուց:
Անտարակույս, կատարվածը բնավ էլ չի նշանակում, թե եվրոպական կառույցները վերջապես ուշքի կգան և համակողմանի գնահատական կտան Ադրբեջանում տիրող իրավիճակին, ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին, այլև հայատյացությունը պետական քաղաքականություն հռչակելու հայեցակարգին: Եվրոպան միշտ էլ մատների արանքով է նայել այն ամենին, ինչ կատարվում է միջնադարյան բռնապետություն հիշեցնող երկրում՝ հրապուրված լինելով այն կաշառքներով, որոնք ժամանակ առ ժամանակ բաժին են հասնում որոշ եվրոպական աստիճանավորների: Սակայն այս միջադեպը դառնում է նախանշան, որպեսզի վերջապես շատերը մտահոգվեն Ադրբեջանում տիրող իրավիճակով, հատկապես քննարկման նյութ դարձնեն այն, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելում է տարբեր մարդկանց այցելել չճանաչված պետության տարածք: Հենց սա պետք է դառնա բուռն քննարկման առարկա, Ադրբեջանի կողմից «սև ցուցակում» հայտնված պաշտոնյաները, պատգամավորներն ու մշակույթի գործիչները պիտի պահանջեն պաշտոնական Բաքվից վերջ տալ մարդու իրավունքների այսօրինակ ոտնահարումներին:
Լևոն Մութաֆյան