ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը սիրիահայերի «Շառավիղ» մանկապատանեկան երգչախմբի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ներկա եղանք սիրիահայ մանուկների մի երգչախմբի հերթական մենահամերգին, ունկնդրեցինք նրա հրաշալի կատարումները, երգչախմբի, որի ստեղծման մեկ տարին դեռ չի բոլորել, բայց հասցրել է իրեն սիրել տալ երևանյան հանդիսատեսին` ներկայացնելով նոր գույն ու կոլորիտ, և արժանացել մեր մեծերի՝ սիրելի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի և անգամ մեծն Մաեստրոյի՝ Հովհաննես Չեքիջյանի  դրվատանքին: Պատահական չէ երգչախմբի «Շառավիղ» անունը.  հանդիսանալով ցեղասպանությունից փրկված, Սիրիայում հաստատված  իրենց նախնիների հետնորդները, ազգային հոգևոր-մշակութային արժեքների կրողը` այսօր այս երեխաները մեծ սիրով ու խանդավառությամբ կատարում են հայկական ազգային-հայրենասիրական, մանկական երգեր, Կոմիտասի անզուգական մշակումները՝ լուսարձակելով իրենց մանկական տոկուն ոգին, թովիչ ձայնը: Հայրենիքում հաստատված սիրիահայերի ստեղծագործական խմբերի, համույթների, այդ թվում՝ «Շառավիղ» մանկապատանեկան երգչախմբի գոյությունը ապացույցն են հայի հերոսական ոգու,  անկոտրում կամքի և, միաժամանակ, մի փոքր սպեղանի են դեռ չսպիացած սիրիահայի վերքին:

Այսօր սիրիահայն իր Հայրենիքում է և ցույց է տալիս ողջ աշխարհին, որ ոչ մի արհավիրք ու եղեռնագործություն, ոչ մի պատերազմ չի կարող կոտրել հայի ոգին, որ իրենց սիրելի երկրից՝ Սիրիայից տեղափոխվելով Հայաստան, նա կարողացավ արագ մեկտեղել իր բոլոր ուժերը և հայրենի կառավարության, Սփյուռքի նախարարության, հոգևոր, բարեգործական, միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, մեր ողջ ժողովրդի աջակցությամբ վերստին ոտքի կանգնեց ապրելու, արարելու և շենացնելու Հայաստան Հարենիքը:

Իմ սիրասուն ու շնորհաշատ մանուկնե՛ր, պատանինե՛ր ու աղջիկնե՛ր.

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում, որ այսօրվա ձեր երգը, թևածելով Հայաստանից, հասնի մինչև Սիրիայի երկնակամար ու խաղաղություն բերի չարչրկված երկրին: Որտեղ էլ լինեք, ապրե´ք խաղաղությամբ, եղե´ք անհոգ ու երջանիկ, սիրե´ք ձեր երկիրն ու Հայաստանը՝ Մայր հայրենիքը:

Ուզում եմ երախտագիտության խոսք ուղղել «Շառավիղ» երգչախմբի հիմնադիրներ Մկրտիչ Փանոսյանին, Թամարա Մութաֆյանին և հիմնադիր ու գործող խմբավարներ Գայանե և Մարիա Սիմոնյաններին` առանց որոնց ջանքերի չէր հիմնվի այս երգչախումբը: Շնորհակալության իմ խոսքն եմ ուղղում հատկապես ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչությանը, ատենապետ Նարինե Գալստյանին, այս գեղեցիկ հանդիսության բոլոր կազմակերպիչներին: Վստահեցնում եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեր կողքին է և կաջակցի ձեր ձեռնարկումներին:

Երգչախմբին ցանկանում եմ նորանոր բեմերի նվաճում, ստեղծագործական  նորանոր վերելքներ:

Բարին ընդ ձեզ:

 ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան

Scroll Up