Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-Մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսել են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրել, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

 

Scroll Up