Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ մեծանուն գրող Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն:

Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին մասնակցում էին պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Արժևորելով և բարձր գնահատելով գրողի ներդրումը հայ գրականության ու մշակույթի զարգացման գործում՝ Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Դուք Ձեր ստեղծագործությամբ և նկարագրով դարձել եք մի կենդանի ջահ, որ լուսավորում ու իր հետևից տանում է գրականության ճամփան բռնած նոր սերունդներին: Անգերազանցելի է Ձեր հրապարակախոսության դերը  նոր սերունդների ազգային դիմագծի ձևավորման գործում: Ընդամենը մեկ օրից հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երեկոն խորհրդանշական է նրանով, որ շուրջ կես դար Ձեր ստեղծագործություններով թույլ չեք տվել, որ «ժանգոտվի մարդկության հիշողությունը»:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Մեծ գրողին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:

Իր կենդանության օրոք դասական դարձած մեծ գրողի ստեղծագործությունը ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյաը: Նա մասնավորապես ասաց. «Իմ սերնդի համար Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները դուռ բացեցին դեպի ժամանակակից համաշխարհային գրականություն: Նա եղավ այն հզոր անհատականությունը, ով բերեց նոր մատածողություն, նոր հոգեբանություն, իր ապրած ժամանակի գաղափարաբանությունը, սակայն, առանձնանալով իր ինքնատիպությամբ, իր կերտած ազնիվ ու մարտնչող գրական հերոսներով: Նրա ստեղծագործություններում արտացոլվել են մարդկության ճակատագրի հանդեպ գրողի մտահոգություններն ու տագնապները, նրա գրականությունն արժևորվում է  մեր պատմության նորարարական մեկնաբանությամբ: Նա խիզախեց և Խորհրդային անհանդուրժողականության պայմաններում մեր թատերգության մեջ ևս դարձավ նորարար՝ արծարծելով ցեղասպանության թեման»:

Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվեցին հատվածներ գրողի  հարցազրույցներից, ինչպես նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Լևոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր՝ Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը:

Ներկայացվեց մի դրվագ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրամայից (բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան, Սողոմոն Թեհլերյանի դերում՝ Տիգրան Ներսիսյան):

Իրենց կատարումներով Պերճ Զեյթունցյանին հարգանքի տուրք մատուցեցին  Կոմիտասի անվան պետական քառյակը, Արարատյան հայրապետական թեմի  «Ծաղկազարդ», ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթները:

2                                                                                           3

Scroll Up