Դեսպան Սհոյանի հանդիպումները Բուլղարիայի Ազգային ժողովում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed15-300x225.jpg)
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխայիլ Միկովի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:
Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին:
Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր են գնահատել 99 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում:
Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսական կապերի աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան հետագա խորացումն ու ընդլայնումը՝ բարեկամական խմբերի ուղղակի շփումների միջոցով:
Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունն է հայտնել` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ: