Հայաստանն անում է հնարավոր ամեն բան՝ քեսաբահայությանն օգնելու համար. Էդվարդ Նալբանդյան

«Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել է հանձնարարականներ, և մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։  Մեր մտահոգությունները բարձրացվել են նաև երկկողմ մակարդակով,  մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում։

Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում»,- այս մասին մարտի 26-ին Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում քեսաբահայությանն օգնելու ուղղությամբ:։

«Մինչև վերջին իրադարձությունները Քեսաբի բնակչության շուրջ 70-ը տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղավորվել են Լաթաքիայի հայկական եկեղեցում,- ասաց ՀՀ արտգործնախարարը: – Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպվել Ազգային ժողովի պատվիրակության հետ։ Դուք գիտեք, որ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա։ Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, և հիմա ընթանում է հանդիպումը։ Կարծեմ, մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատվիրակությունը նախատեսել է այլ հանդիպումներ։ Պատգամավորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։

Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսաբահայերի հետ հանդիպումների ընթացքում։ Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիվանագիտական խողովակները, նաև այլ հնարավորություններ՝ հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսաբահայության առջև»։

Scroll Up