Հայաստանը Կ’ընէ Հնարաւոր Ամէն Բան` Քեսապահայութեան Օգնելու Համար. Էդուարդ Նալբանդեան
«Քեսապի իրադարձութիւնների վերաբերեալ Հանրապետութեան Նախագահի յայտարարութիւնը մեր խորը մտահոգութեան վկայութիւնն է: Նախագահը տուել է յանձնարարականներ, եւ մենք անում ենք հնարաւորինը, որպէսզի անհրաժեշտ օժանդակութիւն, օգնութիւն ցուցաբերենք քեսապահայութեանը: Նիւ-Եորքում եւ Ժընեւում` ՄԱԿ-ի կառոյցներում, այլ միջազգային կազմակերպութիւններում մեր ներկայացուցչութիւնների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկւում: Մեր մտահոգութիւնները բարձրացուել են նաեւ երկկողմ մակարդակով, մօտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում:
Մեր դեսպանութիւնը Դամասկոսում ունի յանձնարարականներ եւ համապատասխան աշխատանք է տանում»,- այս մասին մարտ 26-ին Կառավարութեան հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացուցած է ՀՀ ԱԳ Նախարար Էդուարդ Նալբանդեան` պատասխանելով ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանի այն հարցին, թէ ինչ քայլեր կը ձեռնարկուին քեսապահայութեան օգնելու ուղղութեամբ:
«Մինչեւ վերջին իրադարձութիւնները Քեսապի բնակչութեան շուրջ 70 տոկոսը հայեր էին: Այսօր մօտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղաւորուել են Լաթաքիայի հայկական եկեղեցում,- ըսած է ՀՀ ԱԳ նախարարը: – Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպուել Ազգային ժողովի պատուիրակութեան հետ: Դուք գիտէք, որ ԱԺ պատուիրակութիւնը մեկնել է Սիրիա: Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, եւ հիմա ընթանում է հանդիպումը: Կարծեմ, մի երկու ժամից պէտք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատուիրակութիւնը նախատեսել է այլ հանդիպումներ: Պատգամաւորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը:
Մեր պատգամաւորները, երբ վերադառնան Հայաստան, կը ներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսապահայերի հետ հանդիպումների ընթացքում: Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիւանագիտական խողովակները, նաեւ այլ հնարաւորութիւններ` հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսապահայութեան առջեւ»: