«Օղակ», որը թևեր է տալիս հայ կանանց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/օղակ1.jpg)
««Օղակի» ստեղծումը տարիների ընթացքում բյուրեղացած որոշում էր, որը փորձեցի իրականություն դարձնել: Հայաստանի կյանքին մոտիկից ծանոթ լինելով՝ միշտ մտածել եմ զբաղվել մի աշխատանքով, որը օգտակար կլինի Հայաստանին: Ճիշտ է` մեր փոքրիկ կենտրոնով ամբողջ Հայաստանի կարիքները չենք կարող լուծել, բայց յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունների, մասնագիտության սահմանում պետք է փորձի օգտակար լինել: Ինձ համար Հայաստանին օգտակար լինելու հիմնական միջոցներից մեկը նման ծրագրի իրագործումն է»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է «Օղակ» հասարակական կազմակերպության հիմնադիր, լիբանանահայ Վերա Սիսեռյանը:
Ի՞նչ է «Օղակ»-ը. Երևանի Նորք Մարաշ թաղամասում գտնվող, ընտանեկան տաքուկ օջախ հիշեցնող կենտրոն, ուր կարող է այցելել յուրաքանչյուր կին և մասնակցել այն անվճար դասընթացին, որին ցանկանում է: 2015 թվականին հիմնադրված կենտրոնի դռները բաց են բոլորի առաջ: Ընդամենը տանից դուրս գալու ցանկություն է պետք, որը երբեմն շատ դժվար է, հատկապես երբ կինը չի աշխատում:
Կենտրոնում մշտապես գործում է 7 խմբակ՝ պարի (6-15 տարեկան և 18-ից բարձր), մարմնամարզության (ֆիտնես), անգլերենի, ձեռքի աշխատանքի, հոգեբանության, առողջապահության, գրքի քննարկման: Մյուսները՝ կարուձևի, խոհարարության, նկարչության, ծաղկային ձևավորման, գերմաներենի, Սվազի և Մարաշի աստեղնագործության և այլն, կազմակերպվում են ըստ մասնակիցների ցանկության և անհրաժեշտության: Դասընթացները տևում են 3 ամիս, ավարտին մասնակիցները վկայագրեր են ստանում:
«Օղակ»-ի հիմնական հովանավորները Հրաչ և Էլիզաբեթ Սիսեռյաններն են, իսկ յուրաքանչյուր խմբակ ունի իր բարերարը, որն օժանդակում է և´ ֆինանսապես, և´ անհրաժեշտ պարագաներ, գործիքներ տրամադրելով: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, նպատակներին և ամենակարևորը՝ վստահելով նախաձեռնողներին՝ ցանկություն են հայտնում աջակցելու, ոմանք գումար են հատկացնում, մյուսները՝ անհրաժեշտ պարագաներ տրամադրում:
«Օրինակ՝ մեր ծանոթներից մեկը ցանկացավ Սվազի ասեղնագործություն սովորեցնել, մեկ ուրիշը՝ ֆրանսերեն դասավանդել: Կիպրոսից մի կին, ում մայրը նկարիչ է, ցանկացավ գումար հատկացնել նկարչության խմբակ բացելու համար: Ամռանը մենք կազմակերպեցինք նկարչության դասընթացներ: Յուրաքանչյուր խմբակում դասավանդում են արհեստավարժ մասնագետներ: Դեկտեմբերին ձեռքի աշխատանքի խմբակի աշխատանքներով Բեյրութում ցուցահանդես-վաճառք է կազմակերպվում: Գումարով խմբակի համար անհրաժեշտ նյութեր ենք գնում: Անցյալ տարի՝ «Օղակ»-ի տարեդարձի առիթով, Հայաստանում ևս ցուցահանդես էինք կազմակերպվել»,-պատմում է արդեն «Օղակ» հասարակական կազմակերպության տնօրեն, միաժամանակ պարի ուսուցիչ Սանան Գանտահարյան-Քերթեշյանը, որն արդեն 7 տարի է՝ Լիբանանից հայրենադարձվել է, Հայաստանում կազմել է ընտանիք ու զբաղվում է մի աշխատանքով, որն ինչպես ինքն է նշում՝ իր համար ավելին է քան սովորական աշխատանք:
«Երբ ամեն առավոտ կենտրոնի դռնից ներս եմ մտնում, հոգեկան հանգստություն է իջնում վրաս, որովհետև գիտեմ, որ կարողանում եմ 20-25 մարդու՝ իմ խմբակի անդամներին, ժպիտ, ուրախություն պարգևել: Նաև գիտեմ, որ Հայաստանում ունեմ մի փոքրիկ ու տաքուկ անկյուն, որտեղ կարող եմ ներաշխարհս խաղաղեցնել՝ մարդկանց շատ փոքրիկ բան տալով: Եվ ամենակարևորը՝ «Օղակ»-ը միայն տալ չէ: Այն, ինչ մենք տալիս ենք, մեզ վերադարձվում է կրկնապատկված, որովհետև աջակցությունը փոխադարձ է: Կենտրոն հաճախող մարդկանց շնորհիվ ես հնարավորություն ունեցա նաև ավելի մոտիկից ծանոթանալ հայաստանյան կյանքին, ինչպես նաև յուրացնել պարզ, հասարակ մարդ լինելու մշակույթը,-պատմում է Սանանը ու շարունակում,– Երկու տարի առաջ երբ բացեցինք կենտրոնը՝ 31 հոգի էինք, այսօր արդեն մեր ընտանիքը մեծացել է և ունի շուրջ 374 անդամ: Սկզբում շատերը թերահավատ էին, չգիտեին, թե ուր են գնում, ինչ կենտրոն է: Տեսնելով մեր աշխատանքը՝ կամաց-կամաց սկսեցին վստահել մեզ: Այսօր ո´չ միայն հաճույքով են հաճախում, այլև խորհուրդ են տալիս հարևանին, ընկերուհուն, ազգականին: «Օղակ» հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր փետրվար ամսին իրականացնում է մամոգրաֆիայի արշավ: Առաջին տարում հետազոտվել է 50 կին, անցյալ տարի՝ 80: 2018 թվականի փետրվարին նախատեսում ենք շուրջ 100 կնոջ հնարավորություն տալ անվճար հետազոտվելու: Յուրաքանչյուր կին մեկ բարերար է ունենում, որի շնորհիվ անվճար հետազոտվում է Մամոգրաֆիայի կենտրոնում»:
Անցնող երկու տարիների ընթացքում փոխվել է ո´չ միայն վերաբերմունքը կենտրոնի, այլև մարդկանց մոտեցումը սեփական անձի հանդեպ: Եթե նախկինում նրանք շատ ներամփոփ էին, հաճախ վատ տրամադրություն ունեին, տխուր էին, երբեմն ընկճված, այսօր արդեն ներս են մտնում ժպիտով, լավ տրամադրությամբ, կոկիկ հագնված, ուրախ: Եվ սա այն պարզ պատճառով, որ կենտրոնի հիմնական նպատակներից է, որ կինը, հա´յ կինը, միշտ լավ տրամադրություն, առողջ միտք ունենա, լինի գնահատված:
«Երբ նոր էինք սկսում մեր աշխատանքը, ցանկանում էինք, որ «Օղակ»-ը նախևառաջ լինի վայր, որը ո´չ միայն հմտություններ կփոխանցի կամ դասընթացներ կկազմակերպի, այլև ազդեցություն կունենա մարդու մտածելակերպի վրա: Մասնագիտությամբ հոգեբան եմ: Մոտիկից ծանոթ լինելով մարդկանց հոգեբանությանը՝ գիտեմ, որ երբ մարդը փորձի փոխել իր մտածելակերպը, սկսի այլ կերպ մտածել, կկարողանա այլ ձևով գործել, առավել խորքային մտածողություն ունենալ: Մեր աշխատանքի հիմնական նպատակը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Օգնել մարդկանց վստահություն ունենալ սեփական անձի հանդեպ, ճանաչել իր կարողությունները, հասկանալ, թե ինչի է ունակ, ինչպես կարող է դրական լինել, դրական լինելով՝ իր ազդեցությունն ունենալ ընտանիքում: Հմտություններ փոխանցելը, դասընթացները միջոց են՝ մեր հիմնական նպատակն իրականացնելու համար»,-մանրամասնելով «Օղակ»-ի նպատակները՝ նշում է Վերա Սիսեռյանը:
«Օղակ»-ում հավաքվել են ընտանիքի անդամներ, հարազատ մարդիկ, որոնք փորձում են միասնաբար աշխատել, օժանդակել, աջակցել մեկը մյուսին և´ նյութապես, և´ ֆիզիկապես: «Օղակ»-ում հարգված է անգամ ամենակրտսերի կարծիքը:
«Կազմակերպության կողքին, անշուշտ, նաև մեր ընկերներն են, բարեկամները, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Մարդիկ, որոնք վստահում են մեզ և ցանկանում են օգտակար լինել:
Միշտ չէ, որ մարդ մեծ կարելիություններ պետք ունենա, որևէ գործ նախաձեռնելու համար: Փոքրիկ քայլերով անգամ՝ կարող ենք մեծ գործեր իրականացնել: Եթե ունես ցանկություն, նպատակ ու ստեղծագործական կարողություն, կարող ես հաջողել նաև քիչ միջոցներով»,-նշում է Վերա Սիսեռյանը:
Կենտրոնն օգնում է նաև բացահայտել կանանց թաքնված կարողությունները, որոնք միգուցե այլ պարագայում այդպես էլ «չբացահայտված» մնային: Օրինակ՝ մեկը չէր պատկերացնում, որ լեզուների ուսուցումն իրեն այդքան հեշտությամբ կտրվի, մյուսը, որ կարող է նկարել, երբ երբեք իր ձեռքը վրձին չէր վերցրել:
«Կենտրոն հաճախում եմ մոտ մեկ ու կես տարի: Մասնակցում եմ պարի, մարմնամարզության, ձեռքի աշխատանքի, նկարչության դասընթացներին: Երբեք չէի կարողանա պատկերացնել, որ կարող եմ նկարել, կենտրոնի շնորհիվ՝ բացահայտեցի:
Եթե կինը հանգիստ է, ուրախ, գոհ՝ իր տրամադրությունն անդրադառնում է նաև ընտանիքի անդամների վրա: Կենտրոնում միշտ բարի մթնոլորտ է, երբ դուռը բացում ես, ընդունում են որպես տան անդամի: Այստեղ մենք զգում ենք, որ կարող ենք նոր բան սովորել, մեր առօրյան հետաքրքիր անցկացնել: Խոհարարության խմբակում շատ օգտակար են տիկին Սոնայի խորհուրդները, որոնք կիրառում եմ նաև մեր տանը,- պատմում է «Օղակ» հաճախող կանանցից մեկը՝ Գայանե Համբարձումյանը, ով նաև դասավանդել է գերմաների խմբակում ու հավելում,-Փորձեցի՝ ստացվեց, դեկտեմբերից նորից կշարունակենք»:
Կենտրոնը միաժամանակ հետաքրքիր հանդիպումների վայր է: Ամռանը, օրինակ, այցելել են ՀՄԸՄ համահայկական խաղերի մասնակից Ֆրանսիայի թիմի անդամները: Շատ հետաքրքիր, ջերմ հանդիպում է ստացվել Հայաստանում և Սփյուռքում ապրող մարդկանց միջև: Նման եղանակներով փորձ է արվում փոխադարձ կապ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև, որպեսզի կենտրոն հաճախող կանայք իմանան, որ դրսում իրենց մասին մտածող մարդիկ կան, իսկ վերջիններս էլ զգան, որ կարող են իրենց հնարավորությունների սահմանում օգտակար լինել՝ իրենց այցելություններով, գումարով, հաճախ իրենց հմտությունները փոխանցելով:
«Կարևոր է՝ փոխադարձ կապ ստեղծելը: Նպատակը միայն Հայաստանին օգտակար լինել չէ, Սփյուռքում ապրող մարդիկ էլ կարիք ունեն Հայաստանից սնունդ ստանալու, որպեսզի կարողանան իբրև հայ գոյատևել: «Օղակ»-ը յուրօրինակ կամուրջ է Սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև, օգնում է, որպեսզի նրանք զգան, որ իրենք ո´չ թե տարբեր են, ինչպես հաճախ են ասում, այլ նման են իրար, պարզապես ապրում են տարբեր երկրներում:
Համոզված եմ՝ փոքրիկ քայլերով էլ հնարավոր է հասնել մեր նպատակին: Ու խոսել ոչ թե մեզ բաժանող տարբերությունների, այլ նմանությունների մասին: Ես չեմ հավատում տարբերություններին, ես փորձում եմ նմանություն, նույնություն գտնել: Օրինակ՝ երբ Հայաստանում մի բառ եմ լսում, որը մեծ մայրս էր գործածում, անմիջապես խանդավառվում եմ, երբ որևէ ծանոթ պատմություն, առակ եմ լսում, փորձում եմ նույնության վրա կենտրոնանալ, ո´չ թե տարբերությունների: Ցանկանում ենք միավորվել, իսկ միավորվելու համար նմանություններ պետք է փնտրել, ո´չ թե տարբերություններ: Եվ սա այն պարզ պատճառով, որ ինձ համար ամենօրյա մտահոգություն է Հայաստանը, Հայաստանի խնդիրները: Եթե ես կարողանամ 300 հոգու փոխանցել, որ այլ կերպ մտածեն, կառչած մնան իրենց հողին, հայրենիքին, դա կլինի ամենամեծ հարստացնող գործոնն իմ կյանքում: Հայաստանը՝ իր փոքր ու մեծ սխալներով, խրճիթներով, դժվարություններով, կնճռոտ մարդկանցով, ինձ համար միշտ առաջնային դիրքերում է, –պատմում է Վերա Սիսեռյանն ու շարունակում,– Հավանաբար ուզում եք հարցնել, թե ինչն է ի՞նձ հարստացնում: Պատասխանս միանշանակ է՝ այն ամենը, ինչ որ անում եմ Հայաստանի համար: Եթե աշխարհի ամենալավ գործն էլ ունենայի, պիտի ուրախ չլինեի, որքան ուրախ եմ այսօր: Ես ամեն օր արթանում եմ ու քայլում Երևանի փողոցներով ու դեռ չեմ հավատում, որ գտնվում եմ ի´մ հողի վրա: Սա չի կարող հասկանալ այն մարդը, որը օտար երկրում չի ապրել, երբ փոքր տարիքից քարտեզների, դրոշների գրքերում իր երկրի դրոշն է փնտրել ու չգտնելով՝ հարցրել, պահանջել՝ ինչո՞ւ:
Ես զգացական մարդ չեմ, իմ ոտքերն ամուր կառչած են հողին, բայց ինձ համար Հայաստանը իմ կյանքից առավել է: Երանի յուրաքանչյուր մարդ այսպես մտածի, որպեսզի մնա´ այս երկիրը, մարդիկ չհեռանա´ն: Չեմ մեղադրում հեռացողներին, բայց ցանկանում եմ, որ մեկնելուց առաջ՝ մի պահ մտածեն, թե ինչ են թողնում»:
Հեռացողները, թերևս, թողնում են ավելին, քան գտնում են մեկ այլ վայրում: Իսկ «Օղակ» հաճախող կանայք՝ գտնում են թեկուզ փոքրիկ «պատառիկներ», որոնք օգնում են կյանքին նայել այլ աչքերով: «Կենտրոն հաճախելով՝ իմ կյանքում շատ բան է փոխվել: Նոր շրջապատ, նոր մարդիկ, հետաքրքիր զրույցներ, սեփական ես-ը գնահատելու և որևէ բանով քո ընտանիքին, շրջապատին, օգտակար լինելու կարողություն: Կանաց համար շատ կարևոր է կենտրոնի գոյությունը: Շնորհակալ եմ Վերային, Գոհարին, Սանանին: Կենտրոնը մեզ թևեր տվեց, այստեղ հաճախող կանայք թևեր առան»,- նշում է «Օղակ»-ի անդամներից Գայանե Բաղրամյանը, որը, թերևս, կենտրոնը բնորոշող յուրատեսակ հայելի է:
Լուսինե Աբրահամյան