«Կարծում եմ, որ հայերն ամբողջ աշխարհու՛մ  են  սիրված». Դանիել Խաչիկյան

«Արի տուն-2017» հայրենաճանաչողական ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներից «Հայերն այսօր»-ի համար փոքրիկ զրույց  ունեցա Հունաստանից եկած գեղեցկադեմ   հայորդու՝ 15-ամյա Դանիել Խաչիկյանի հետ, ով, չնայած իր ոչ այնքան  պարզ ու վարժ հայերենին, կարողացավ  ամբողջապես վերարտադրել իր ասելիքը: 

«Ես եկել եմ Հունաստանի  Ալիմուշ ծովեզրյա քաղաքից: Դպրոցից իմացա այս ծրագրի մասին:  Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ հավանեցի Երևանը: Իմ ծնողներն ազգությամբ հայեր են, սակայն  Հայաստանում չեն ծնվել, բայց մեր տանը խոսում ենք հայերենով: Ես մի քիչ դժվարությամբ եմ հասկանում արևելահայերենը: Մեր տան մեծերը՝ տատիկս ու պապիկս, միշտ խոսում են հայերեն, նրանց հայերենն ու իմ գիտցած հայերենը տարբեր են Հայաստանի հայերենից: Այստեղ պետք է հաճախենք դպրոց և կատարելագործենք մեր հայերենը, հուսով եմ, որ այդ ընթացքում շատ բան կսովորենք: Ուրախ եմ, որ ոչ միայն պետք է շրջենք տեսարժան վայրերով, այլև պետք է շփվենք միմյանց հետ, լինենք ճամբարում, սովորենք հայկական երգեր ու պարեր: Հայաստանի մասին շատ բան եմ լսել. իմ մեջ  տպավորված է Հայոց ջարդերի պատմությունը, որը ես լսել եմ մեր մեծերից, ծնողներիցս: Գիտեմ, որ հայերը շատ տաղանդավոր են և աշխարհին տվել են  ճանաչված, մեծանուն հայերի: Կուզենայի ճանաչել բոլոր հայ մեծերին:  Հայերին հույները սիրում են ու գնահատում:

 Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհու՛մ են հայերը սիրված՝ իրենց աշխատասիրության ու տաղանդի համար. ուրախ եմ, որ հայ եմ, երջանիկ եմ, որ հայերի Հայրենիքում եմ»:

Կարինե Ավագյան

Scroll Up