Փարիզում երկու օր կցուցադրվի «Թումանյանի հեքիաթները»

Բելգիայի Օստենդ քաղաքում կայացավ «Թումանյանի հեքիաթներ» խորագրով հայկական ներկայացումը՝  Փարիզի «Bonheur Retrouvé» («Վերագտնված երջանկություն») ասոցիացիայի թատերախմբի կողմից: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց «Bonheur Retrouvé» կազմակերպության խոսնակ, Ֆրանսիայում հայտնի «ԱՅԲ FM» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Արտակ Թադևոսյանը:

«Բեմադրության մեջ ներգրավված դերասանները բելգիահայ փոքրիկներին ներկայացրեցին թումանյանական շուրջ չորս հեքիաթ՝ «Ամբան Հուռին», «Սուտասանը», «Կիկոսի մահը» եւ «Անխելք մարդը»: Ներկայացումը լայն արձագանք գտավ եւ մեծ ոգեւորությամբ ընդունվեց: Ավելին՝ մի շարք նոր առաջարկներ ենք ստացել եւ այդ թվում՝ տեղի կազմակերպություններից մեկի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ Ամանորին նվիրված մի նոր ներկայացմամբ կրկին Բելգիա վերադառնալու», – ասաց Ա. Թադեւոսյանը:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ «Թումանյանի հեքիաթներ» թատերական ներկայացման հաջորդ կանգառը կլինի Փարիզում. «Հունիսի 9-ին այն կցուցադրվի Փարիզի Թարգմանչաց դպրոցում, իսկ հունիսի 10-ին՝ Փարիզի հայկական եկեղեցուն կից սրահում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Bonheur Retrouvé» կազմակերպության նախագահ Հայկ Մելիքյանին, ում շնորհիվ ստեղծվեց այս թատրոնը, դերասանուհի Արմինե Գաբրելյանին, առանց որի բեմադրությունը, պարզապես, չէր լինի, ինչպես նաեւ դերասաններ Սիլվի Բարկովին, Ռուզաննա Մաթեւոսյանին, Հայկ Կոտանյանին, Ֆրունզե Գեւորգյանին, Կորյուն Հարոյանին, եւ, իհարկե, փոքրիկ Մարգուշիկին ու Ռաֆայելին, որոնց դերակատարությունը առանձնահատուկ համ ու հոտ է տալիս ներկայացմանը»:

Նյութը՝ Հրանտ Սաֆարյանի

Scroll Up