Տեղի ունեցավ «Ստեղծարարություն, նորարարություն, ժուռնալիստիկա և հանրային կապեր» թեմայով դասախոսություն
Մայիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պողոսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:
Բանախոսը, ծավալելով երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում՝ որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, ինչպես նաև ունենալով երկարամյա դասավանդման փորձ ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում, նախարարության աշխատակիցներին ներկայացրեց ստեղծարարության, նորարարության, ժուռնալիստիկայի և հանրային կապերի մերօրյա կարևորության և կիրառելիության բանաձևերը:
Մարի-Հրաչուհի Պողոսյանը մասնավորապես նշեց. «Ստեղծարարությունը ուղղակի և անուղղակի կերպով բարելավում է մեր կյանքը, նոր գիտելիքներով զինում մեզ, ծնում նոր մտքեր և մոտեցումներ, հարստացնում առօրյան, կոտրում է պահպանողական կարծրատիպերը, արթնացնում նորը հայտնաբերելու մեր մեջ առկա բնազդը: Այն ի վերջո ստեղծում է ավելի բարեկարգ պետություն և միջավայր: Այս դասախոսության նպատակը ստեղծարար և նորարար մտածողության հիմունքների, հմտությունների, տարրերի և գործոնների բացահայտումն է, քննադատական մտածողության խրախուսումը և համագործակցության կարևորության վերհանումը: Այս ամենի կիրառումը թույլ կտա աշխարհի հետ համարժեք քայլել և զարգանալ»:
Դասախոսության ընթացքում հնչեցին հարցեր, ներկաները ներկայացրին իրենց կարծիքներն ու փորձը:
Նշենք, որ դասախոսությունը կրելու է պարբերական բնույթ, և Սփյուռքի նախարարության բոլոր աշխատակիցները կունենան հնարավորություն այն ունկնդրելու: