«Մալայզիայում օդի ու ջրի պես ձգում էր հայկական համայնք ստեղծելու միտքը».Էմիլ Պետրոսյան

Անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանը հայ ժողովրդին համեմատում էր հաստաբուն ծառի հետ: Նա ասում էր, որ հայի արմատը Հայրենիքում է, իսկ նրա ճյուղերը`աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի այդ ճյուղերի պտուղներից օգտվեն բոլոր ժողովուրդները։ Եվ, իրոք, հայը, որտեղ էլ, որ լինի, կառուցում է և շենացնում՝ հավատարիմ մնալով իր ակունքներին:

Այդպիսի մարդկանցից մեկն էլ «Հայերն այսօր»-ի զրուցակից Մալայզիայի հայկական համայնքի նախագահ Էմիլ Պետրոսյանն է, ով հեռավոր Մալայզիայում ապրող հայերի համար  հայապահպանության մի նոր դարբնոց է ստեղծել:

-Պարո՛ն Պետրոսյան, ապրելով Մալայզիայում, համայնքային գործունեություն ծավալելուց բացի՝ աշխատանքային այլ զբաղվածություն ունե՞ք:

-Ընտանիքով Մալազիա եմ տեղափոխվել 2008 թվականին՝ աշխատանքի բերումով։ Լինելով «Էրիքսոն» միջազգային կապ ապահովող կազմակերպության առաջատար մասնագետ՝ գործուղվեցի Մալայզիա։

Մալայզիան մի հիասքանչ, բազմազգ, բազմակրոն արևադարձային, տնտեսապես բավականին կայուն և սահուն զարգացման տեմպի մեջ գտնվող երկիր է։ Պետական հիմնական կրոնը իսլամն է, սակայն կողք կողքի համերաշխ ապրում են  նաև քրիստոնյաներն  ու բուդդայականները:Այս հանգամանքները նպաստեցին, որ Մալայզիայում հաստատվելու որոշում կայացնեմ:

2011 թվականին սեփական կազմակերպություն հիմնեցի, որի գործունեության ոլորտները ընդգրկում են հետևյալ ճյուղերը՝ կապ (հեռահաղորդակցություն), կիսահաղորդիչների թեստավորման լուծումներ,  ինչպես նաև՝ ընտանեկան ժամանցի կենտրոններ:

17475460_10154545775972297_216099505_o

-Ներկայացրեք, խնդրեմ, նորաստեղծ հայկական համայնքի պատմությունը, ի՞նչ խնդիրներ, մարտահրավերներ կան ծառացած համայնքում

-Առաջին տարիներին մեկ-երկու հայի էի ճանաչում.թվում էր՝ շատ ավելի հայ չկար այնտեղ։ Մենք հայոց լեզվով միայն ընտանիքում էինք խոսում։ Երեխաներս հաճախում էին միջազգային նախակրթական հաստատություն, որտեղ ուսուցման լեզուն անգլերենն էր։ Հիմա հաճախում են միջազգային դպրոց՝ դարձյալ անգլերենի ուսուցմամբ։ Ժամանակի ընթացքում, արյան կանչով, ինձ պես Մալայզիայում աշխատանքային գործուղման մեջ գտնվող հատուկենտ հայերի հանդիպեցի, ովքեր ընտանիքով կամ միայնակ էին եկել։

Մալազիայում օդի ու ջրի պես ձգում էր հայկական համայնք ստեղծելու միտքը։ Հավելեմ, որ 2012 թվականին Մալայզիա եկավ Ռաֆայել Հովհաննիսյանի «Օտար ամայի ճամփեքի վրա» հեղինակային հաղորդաշարի ստեղծագործական խումբը՝ հաղորդում պատրաստելու նպատակով։ Արդեն չորս հայկական ընտանիք էր ապրում Մալայզիայում, և այդ ընտանիքներին նվիրված հաղորդում նկարահանվեց։

Այդ ընթացքում սկսեցի Մալայզիայում հայկական հետքեր փնտրել և պարզեցի, որ Պենանգ կղզու Ջորջթաուն, այժմ՝ Պենանգ քաղաքում, ապրել են երևելի և արժանահիշատակ մեծահարուստ հայազգի ընտանիքներ, որոնք Հնդկաստանից 200 տարի առաջ են տեղափոխվել։ Նրանք ունեցել են այն ժամանակվա համար լավագույնը համարվող հյուրանոցների ցանց, բուժհաստատություններ, տպարան, նավային բեռնափոխադրման ընկերություն։ Ապրել են ազգային նկարագիր ունեցող լիարժեք կյանքով, կառուցել են եկեղեցի, եղել է նաև ընտանեկան գերեզմանոց: Ժամանակի ընթացքում այլևայլ պատճառներով հայերը լքել են երկիրը, եկեղեցին քանդել և տեղափոխել են Սինգապուր, որը մինչ օրս կանգուն է։ Իսկ գերեզմանոցն այսօր էլ, որպես քաղաքի պատմության մաս, խնամքով պահպանվում է ազգությամբ չինացի Կլեմենտ Լիանգի կողմից:

Մեր համատեղ ջանքերով 2013 թվականի ամռանը Պենանգում՝ վերոհիշյալ հյուրանոցի շքեղ սրահում, տեղի ունեցավ հայազգի Արշակ, Տիգրան և Ավետ Սարգիս մեծահարուստ եղբայրների հիշատակին նվիրված միջոցառում։ Սկզբում տեսապատկեր ցուցադրվեց Հայաստանի և  հայ ժողովրդի արժանավոր զավակների մասին, այնուհետև իր գիրքը ներկայացրեց մեծ հայասեր Նադիա Ռայդը։ Գիրքն իր բովանդակությամբ ձոն էր՝ ուղղված միշտ ստեղծող, կառուցող ու շենացնող հայ մարդուն:

Կարևոր եմ համարում նշել, որ ի սկզբանե այս ազգանվեր գործում ինձ լիարժեքորեն աջակցել է կինս՝ Նաիրա Հարությունյանը, ով իր մեծ ներդրումն ունի իմ փափագի իրագործման հարցում:

Մալազիայում Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, միջինասիական երկրներից հայերն այնքան էին շատացել՝ շուրջ 50 մարդ, որ բոլոր ազգային տոները միասին էինք նշում.հասունանում էր համայնք ձևավորելու հրամայականը։Այդ ընթացքում մի ստվար խմբով մասնակցեցինք հայկական ճանաչողական «Տնից հեռու» հեռուստանախագծի:Մեր հիմնադիր ժողովը կայացավ 2016 թվականի մայիսի 28-ին:Մեր համեստ համայնքի ձևավորման աշխատանքներում ինձ միշտ աջակցել են համայնքի բարեխիղճ անդամներ Աշոտն Թունյանն ու Լորան, Մարինե Իվանյանը, Մանյա Ադամյանը, Արա Թորոսյանը, Արտյոմ Գրիգորյանն իր ընտանիքով, Սիմոնյան և Գալստյան ընտանիքները, և այլոք՝ հիմնականում մայրաքաղաք Կուալա ֊Լումպուրից, ինչպես նաև՝ Ջոհոր մարզից: Դեռևս վերջնականապես պետական կառույցներում չենք գրանցվել, սակայն, ըստ հերթականության, իրականացնում ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ մեր համայնքային աշխատնքները վերջնական նպատակին հասցնելու:

Համայնքի ձևավորման այս փուլում դեռ որևէ մեծամասշտաբ խնդիր չունենք.դա կապված է համայնքի՝ փոքրաթիվ  և երիտասարդ լինելուց:Այնուամենայնիվ, Մալայզիայի ապրող հայերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում համայնքի հետ կապված բոլոր հարցերին, ինչն էլ օգնում է հաղթահարելու ներկայիս խնդիրները: Հուսով եմ՝ այսպես կշարունակվի նաև հետագայում:

dsc004818

-Մալայզիայում հայերը հիմնականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացված և ի՞նչ աշխատանքներ են կատարում:

-Ինչպես ասացի, 45-50 հայեր են ապրում Մալայզիայում, ովքեր հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Կուալա Լումպուրի շրջակայքում, Ջոհոր մարզում ապրող ընտանիքներ էլ կան:

Տեղի հայերի մի մասն ունի սեփական կազմակերպություներ (արտահանում,ներկրում, արևային մարտկոցների արտադրություն, հեռահաղորդակցություն, մոդելային գործակալություն, ընտանեկան ժամանցի կենտրոններ և այլն), մյուս մասը պայմանագրային հիմունքներով աշխատում է տարբեր բնագավառներում: Բոլորն էլ բացառիկ մասնագետներ են, քանի որ իրենց ներկայությամբ լրացրել են փնտրվող մասնագետների պահանջը:

Մալայզիայում դեռևս չունենք հայապահպանությանը նպաստող կառույցներ ու հաստատութուններ: Համայնքի առաջիկա ծրագրերից մեկը համատեղ ջանքերով կրթական և մշակույթային միջոցառումների հաստատություն հիմնելն է:

Առայժմ մեր ընտանիքներում ենք իրականացնում ազգային ինքնության պահմանման բոլոր աշխատանքները: Երեխաների հոգում հայրենասիրությունը վառ պահելու նպատակով գալիս ենք Հայաստան, որի ընթացքում հաճախում ենք թատրոն, օպերա, ինչպես նաև՝ այցելում ենք հայկական պատմամշակութային տարբեր վայրեր:

-Հայ-մալայզիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկու՞մ եք: Ի՞նչ հիմքերի վրա են այժմ գտնվում այդ հարաբերությունները:

-Հայ-մալայզիական հարաբերություններն առայժմ տարերային բնույթ ունեն: Մեր աշխատանքային միջավայրում ջանում ենք հնարավորինս լավագույն ձևով ներկայացնել հայ մարդուն և Հայաստան աշխարհը:

-Համայնքում ազգային, եկեղեցական, պետական տոները նշու՞մ եք:

-Տոները նշում ենք ներընտանեկան միջավայրում, որը սնուցում է մեր ազգային ոգին:

-Պարո՛ն Պետրոսյան, Մալազիայում ապրող հայ երիտասարդների մասին որևէ ասելիք ունե՞ք:

-Նշեմ, որ համայնքի կազմը բազմաշերտ չէ.չունենք տարեցներ, երիտասարդներ. հիմնականում միջին տարիքի մարդիկ են և մանկահասակ երեխաները, ինչպես նաև՝ դպրոցականներ, ովքեր  տղաներ և աղջիկներ, ովքեր օտարալեզու կրթություն են ստանում: Սակայն իմ ջանքերով հաճախակի կազմակերպվող հայկական հավաքները նրանց համար դառնում են իրենց արմատների ճանաչման իսկական դարբնոց: Այդ հավաքները մենք իրականացնում ենք վարձակալած սրահներում:

1dsc00257

-Վերջերս Կուալա Լումպուրի Ռուս Ուղղափառ «Սուրբ Միքայել Հրեշատակապետ» եկեղեցում Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ տեր Զավեն վարդապետ Յազիչյանի ձեռամբ՝ առաջին անգամ Սուրբ Պատարագ մատուցվեց: Համայնքում ի՞նչ ոգևորություն առաջացրեց այդ արարողությունը:

-Մի աներևակայելի ոգևորություն և հուզմունք էր պատել ներկաներին, շատերն արտասվում էին, նաև մկրտություն կատարվեց:

Կուալա Լումպուրի պատմության մեջ առաջին անգամ «Հայր մեր» տերունական աղոթքը հնչեց, և հայ֊ մանուկը քրիստոնյա մկրտվեց։ Ի դեպ, մկրտվողները երեքն էին։

Սուրբ Պատարագը և մկրտությունը մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե որքան խորն են հայ մարդու ազգային պատկանելության զգացումները և քրիստոնեական հավատքի արմատները։

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

 

 

 

 

 

Scroll Up