Պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով, որը նրան Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Պ. Զյուսկինդիի «Կոնտրաբաս» պիեսի բեմադրության ներկայացումից հետո հանձնեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Հովհաննես Բաբախանյանը շատ վաղ է սկսել իր ստեղծագործական գործունեությունը՝ արդեն տասնհինգ տարեկան հասակում ավարտելով դպրոցն ու ընդունելով Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանի արվեստանոց: 1988-ին, բուհն ավարտելուց հետո, աշխատանքի է անցել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որն էլ դարձավ նրա ստեղծագործական որոնումների և հաստատումների, ինքնատիպ դերասանական նկարագրի բացահայտման հրաշալի հանգրվանը: Հովհաննես Բաբախանյանն իր առաջին իսկ դերակատարումներով արդեն հաստատեց, որ թատրոն է եկել մի դերասան, որի տեսակը, գեղարվեստական առանձնահատկություններն իրապես նոր են և թարմ, որն իր արտահայտչականությամբ ավերում է մի շարք կարծրատիպեր: Մի առիթով Սոս Սարգսյանն ասել է, որ այժմ մեր թատրոնում աշխատում են շատ ավելի տաղանդավոր և շատ ավելի բացառիկ երիտասարդներ: Ասվածը վերաբերում էր նաև Հովհաննես Բաբախանյանին, քանզի դերասանը թատրոն էր բերում հիմնականում խաղային շեշտված էքսպրեսիա, բարձր ցուցադրում, արտահայտչական հարուստ համակարգ՝ միավորված արտակարգ երաժշտականությանը: Դրամատիկականի բեմում ստեղծված Թավջութակահարի («Ավտոբուս»), Մերկուցիոյի («Ռոմեո և Ջուլիետ»), Պետրոսի («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Բեմադրիչի («Կինը և տղամարդը»), Մակդուֆի («Մակբեթ») և այլ կերպարներ հաստատեցին, որ Բաբախանյանը մղվում է դեպի վառ արտահայտված գրոտեսկը, բնութագրի ցայտուն ընդգծումները, շեշտված կերպարայնությունը: Նրա Բեմադրիչը Նորայր Ադալյանի «Կինը և տղամարդը» պիեսի բեմադրության մեջ դերասանական ուշագրավ հայտնություն էր, մի այնպիսի աշխատանք, որը հաստատում էր նոր դերասանական որակներ, գրոտեսկը՝ իբրև արտահայտչականություն ու ձև, դարձնում խաղարկման հիմնառանցքը: Ազգային բեմական շեքսպիրապատումում իրենց մնայուն տեղն արդեն ունեն Մերկուցիոն և Մակդուֆը, որոնցից վերջինը հատկապես այս կերպարի լավագույն մարմնավորումներից մեկն է մեր թատրոնում:

Բացի թատրոնում ստեղծած իր դեր-կերպարներից, Հովհաննես Բաբախանյանը մի շարք արտահայտիչ ու ամբողջական կերպարներ է ստեղծել նաև գեղարվեստական ֆիլմերում և սերիալներում, նկարահանվել «Մոռանալ Հերոստրատին» ֆիլմում՝ խաղալով Հերոստրատի դերը: Ստանալով երաժշտական կրթություն՝ ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան, Հովհաննես Բաբախանյանը զբաղվում է նաև երգչական գործունեությամբ՝ կատարելով հիմնականում ժամանակակից բալլադներ, ջազային մշակումներ:

Հովհաննես Բաբախանյանը 2002 թվականին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության մրցանակին, իսկ 2004 թվականին «Կոնտրաբաս» պիեսում իր դերակատարման համար դարձել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի գլխավոր մրցանակակիր: 2007 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Արդեն մի քանի տարի է՝ Հովհաննես Բաբախանյանը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ էլ նա ծավալել է ակտիվ թատերական գործունեություն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի հետ հիմնադրելով առաջին խաղացանկային արհեստավարժ թատրոնը:

Դերասանի երևանյան այցը նվիրված էր ծննդյան 45 և բեմական գործունեության 30-ամյակներին, ինչի առթիվ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց նրան և հանձնեց ՀԹԳՄ «Ոսկե մեդալը»: Դերասանին ողջունեց նաև ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը՝ հանձնելով Գրիգոր Նարեկացի հուշամեդալը:

Լ. Մութաֆյան

Scroll Up