«Մշտական  վերադարձս Հայաստան՝  շատ մոտ է». Ամալյա Ակոպովա

Հայրենիքում կատարած ամեն մի ներդրում հայրենասիրական խոսուն քայլ է, որով  Հայաստանում  ստեղծվում են աշխատատեղեր, ինչ-որ չափով զարգանում է այս կամ այն ոլորտը, և շահույթ է ունենում նաև ինքը՝ ներդրողը: Այդպիսի նախաձեռնություններից մեկի հեղինակը երիտասարդ  հայուհի Ամալյա Ակոպովան է, ում  հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված զրույցի ընթացքում ինձ զարմացրեց և հիացրեց Ամալյայի  ակտիվ,  գաղափարապես շատ հասուն, ինքնատիպ, եռանդուն գործելակերպը, որից էլ  ծագեցին  հաջորդող հարցադրումներս:

-Ամալյա՛,  որտե՞ղ եք բնակվում և աշխատում այս  օրերին:

-Ես  աշխատում և ապրում եմ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում. Երևանում «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային օպերատորի, ընկերության  հիմնադիրն եմ, նաև՝  արդեն 9-ը տարի  որպես  գլխավոր խմբագիր  եմ աշխատում Մոսկվայի հեռուստատեսությունում՝ առաջին ալիքում, ստեղծագործական  գծով պրոդյուսեր եմ:  Մասնագիտությամբ լեզվաբան եմ,  մասնագիտացել եմ գերմաներենի և անգլերենի  գծով, սակայն բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել հեռուստատեսությունում. իհարկե՛, լեզուների իմացությունն ինձ այնտեղ անպայման օգնել է, առավել ևս՝ օգնում է  զբոսաշրջային ընկերության աշխատանքում:

-Ամալյա՛, իսկ ինչու՞ այդպիսի անվանում՝ «Վարդանուշ տատիկ». հարազատի՞ անուն է…

-Ես այդպես եմ անվանել ընկերությունն իմ տատիկներից մեկի պատվին, բացի այդ՝ Երևանում գրեթե բոլոր զբոսաշրջային ընկերությունները  Travel-ով են սկսվում, ես ցանկացա, որ իմ ընկերության անվանումը տարբերվի:

-Ո՞րն է զբոսաշրջային աշխատանքում  Ձեր գերնպատակը:

-Ես ուզում եմ այնպես անել,  որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկող  զբոսաշրջիկների համար այդ ուղևորությունն ամենից առաջ վերածվի տոնի: Իմ նպատակն է ձևավորել մեր երկրի զբոսաշրջության յուրահատուկ  դիմագիծը: Այժմ ես աշխատում եմ հե՛նց այդ ուղղությամբ: Նույնիսկ Ռուսաստանում, որտեղ մեզ շատ լավ ճանաչում են, Հայաստանը շատ լավ ներկայացված չէ, եթե փողոցում մի պատահական, սովորական անցորդի կանգնեցնես ու հարցնես արդյոք ի՞նչ է մտածում, ի՞նչ գիտի Հայաստանի մասին, նա կպատասխանի այն, ինչը 70 տոկոսով չի համընկնում մեր երկրի հետ. ցավալի է, սակայն  նրանցից շատերը կարծում են, թե Հայաստանը մահմեդական երկիր է: Դա նշանակում է, որ մենք մեր երկիրը լավ չենք ներկայացնում: Մենք պարտավոր ենք մեր մշակույթը հասցնել, լավ ներկայացնել մարդկանց, ու եթե մարդիկ չեն ճանաչում մեզ, նշանակում է, որ մենք լավ չենք ներկայացնում հային ու Հայաստանը: Դրա ճանապարհներից մեկն էլ  զբոսաշրջային հետաքրքիր, գրավիչ ծրագրերի կազմակերպումն է:  Մեր ընկերությունում այս պահին աշխատում է մոտ 5 մարդ, սա  նոր սկսվող բիզնես է,  և առաջին զբոսաշրջային ընկերությունն է, որը որոշել է  Հայաստանի բոլոր շրջաններում զբոսաշրջիկներին   տեղավորել ոչ թե հյուրանոցային համարներում,  այլ՝ մասնավոր տներում:

-Ամալյա՛, հաջողությունը ժպտու՞մ է Ձեզ:

-Փա՛ռք Աստծո,  առայժմ՝այո՛:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ եք բարեկամացել:

-Քանի որ ես պոտենցիալ հայրենադարձ եմ, եթե, իհարկե, արդեն հայրենադարձ չեմ կոչվում, ապա հայրենադարձությանը շատ մոտ եմ կանգնած,  մշտական վերադարձս Հայաստան ՝ շատ մոտ է: Ես  ծանոթացել եմ «Վերադարձ Հայաստան» կազմակերպության նախագահ Վարդան Մարաշլյանի հետ, նա շատ դրական փոփոխությունների առումով ոգևորեց: Մենք իրականացնում ենք  մշակութային ծրագրեր. «Վերադարձ Հայաստան»-ի շրջանակներում ամիսը մեկ անգամ միջոցառումներ ենք իրականացնում հայրենադարձվածների ռեստորաններում. սկսել ենք «Լեբանոն» ռեստորանից, հետո՝ «Մանդալուն», հաջորդ ռեստորանը՝«Նոր գյուղ»-ն է, ուր պետք է փետրվարի կեսերին  կազմակերպենք միջոցառում-հանդիպում, Մոսկվայից  13 տարի հայրենադարձված  հայորդու է պատկանում: Ինձ համար շատ կարևոր է սատարել այս մարդկանց և ոչ միայն սատարել, այլև ցույց տալ Հայրենիք վերադարձածների հաջողությունները:  Որևէ ռեստորանում խոհարարական վարպետության դասեր ցուցադրելուն, համեղ կերակրատեսակներ, խորտիկներ պատրաստելուն և մատուցելուն զուգահեռ՝ այդ հայրենարձները նաև պատմում են  իրենց հայրենադարձվելու պատմությունը, Հայրենիքում հաստատվելու և նոր պայմաններին  հարմարվելու մասին, թե ինչու  և երբ  են հաստատվել Հայաստանում: Այդ ընթացքում հյուրերը կարող են հարցեր տալ:

-Ովքե՞ր են  Ձեր ծավալած գործունեության հովանավորները,  ո՞վ է Ձեզ  ֆինանսապես օգնում:

-Ես արդեն ասացի, որ աշխատում եմ Մոսկվայում, որպեսզի ներդրում անեմ իմ սեփական բիզնես համար: Հայաստանում ես երբեք որևէ մեկին օգնության համար չեմ դիմել: Կարծում եմ ՝ դա նորմալ է յուրաքանչյուր մասնավոր անձի համար, ով իր սեփական գործն է ստեղծում և ցանկանում է ներդրում անել իր Հայրենիքում:

-Շնորհակալությու՛ն, Ամալյա, կսպասենք Ձեր նախընտրած ոլորտի նոր հաջողություններին:

Կարինե Ավագյան

Scroll Up