Սփյուռքի նախարարության շնորհիվ՝ մեր թիկունքում զգում ենք Մայր հայրենիքի աջակցությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Վիրահայ-1.jpg)
«Հայերն այսօր»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնին հատկացվեցին տեսալսողական սարքավորում, բարձրախոսներ, համակարգիչ, տպիչ և տեխնիկական այլ միջոցներ:
Նվիրված տեխնիկան հասցեատիրոջը փոխանցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից, ով այս առիթով դեկտեմբերի 2-4-ը գտնվում էր Բաթումիում:
«Արդեն երկրորդ ուսումնական տարին է՝ գործում է Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնը: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ կենտրոնի ստեղծումը, հարմարավետ դասասենյակների և պայմանների առկայությունը բազմակի անգամ արդյունավետ են դարձրել մեր աշխատանքները մայրենիի ուսուցման, հայրենագիտության և հայապահպանության կյանքում: Թույլ տվեք ևս մեկ անգամ երախտագիտության խոսք հղել Ձեզ՝ տիկին Հակոբյան, այն ջանքերի համար, որոնք Դուք ներդրեցիք մեր կենտրոնի ստեղծման գործում: Հպարտ և ուրախ ենք, որ դուք մշտապես Ձեր հորիզոնում եք պահում մեր համայնքային կյանքը և կենտրոնի գործունեությունը: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեր նախաձեռնությամբ մեր կենտրոնին նվիրած նորագույն տեխնիկայի, համակրգչի և այլ միջոցների համար: Հիրավի, մեր թիկունքում զգում ենք Մայր հայրենիքի աջակցությունը», –«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ուղղված շնորհակալական խոսքում նշել է կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Բաթումիում Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնը պաշտոնապես բացվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, հատկապես՝ ՀՀ սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ: Վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում գործում են հետևյալ բաժինները`կրթական, մշակութային, երիտասարդական: Կենտրոնի կրթական բաժնում գործում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» անվան մեկօրյա դպրոցները և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը: Մշակութային բաժնում գործում է «Աղբյուր» երգչախումբը (վերջինս այս տարի մասնակցեց Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին), Գեղագիտական խմբակը, «Հեղնար» պարային խումբը, ասմունքի և թատերական խմբակը: