«Ես այստեղ թողել եմ իմ ամենաթանկ զավակին՝ Հայաստա՛նս». Ջավահիր Մխիթարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Javahir.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում Ուկրաինայի Օդեսա քաղաքից հյուրընկալված Ուկրաինայի կանանց միության ներկայացուցիչ, «Նռնենի» ամսագրի գլխավոր խմբագիր Ջավահիր Մխիթարյանի հետ հարցազրույց է ունեցել«Հայերն այսօր»-ի թղթակիցը. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
-Տիկի՛ն Ջավահիր, հայտնի է, որ Ուկրաինայի հայկական համայնքում բավականին աշխույժ ու ակտիվ մթնոլորտ է՝ հայապահպանական գործունեության առումով, սակայն այսօր պետք է խնդրեմ պատմեք նորաստեղծ, ընդամենը մեկամյաԿանանց միության աշխատանքների մասին :
–Ուկրաինայի հայ կանանց միությունը, որը ձևավորվել է Օդեսայում, արդեն մեկ տարեկան է, այն ստեղծվել է կանանց խորհրդի հիման վրա: Ուկրաինայում կան շատ հայկական համայնքներ, որոնցից շատերն ունեն կանանց խորհուրդներ, այդ խորհուրդների աշխատանքներն այնքան շատ էին և շատ էին նաև ստեղծագործող, շնորհաշատ, ձեռներեց կանայք, որ խնդիր առաջացավ՝ միավորելու, որպեսզի և՛ նրանց կատարած աշխատանքը երևա, և՛ համագործակցություն լինի, և՛մեկը մյուսին կարողանա ինչ-որ բանով օգնել: Հայ կանանց խորհուրդը հիմնել է համայնքի մշակույթի տնօրեն Աննա Գևորգյանը, և ինքն էլ դարձավ միության նախագահը. նա՛ որոշեց միավորել տարբեր քաղաքների հայկական համայնքների կանանց խորհուրդները՝ իրենց ցանկությամբ յուրաքանչյուր համայնքի կանանց խորհրդից միության կազմում ընդգրկելով երկու հոգու:
-Տիկի՛ն Մխիթարյան, որոշակի ի՞նչ աշխատանքներով են զբաղվում միության կազմում ընդգրկված կանայք :
-Ուկրաինան բազմաշերտ ու բազմադեմ է, բնականաբար, հայկական համայնքն էլ այդպիսին է, ուստի այս բազմաշերտությունն ու բազմադիմությունը հարկավոր էր համախմբել: Նախ՝ համախմբումը եղավ լեզվի շուրջ, հետո՝ ազգային արժեքների պահպանման շուրջ, այնուհետև՝ հավատքի, կրոնի, որից հետո՝ աշխատանքի շուրջ. այս ամենը խթան հանդիսացավ, որպեսզի կանայք, ովքեր, թվում է, թե նիրհած էին, արթնանան. նրանք ասես վերակենդանացան ու լծվեցին գործի, իսկ գործ՝ միշտ էլ կա: Ունենք ընտանիքներ, որոնք հայերեն արդեն չեն խոսում՝ չնայած գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, իսկ Կիևում կա մի դպրոց, որտեղ հայկական դասարան է գործում, և այդ դասարանի միջոցով ծնողների հետ եղած համագործակցությունն այդ ընտանիքներին ավելի է մերձեցնում համայնքին ու հայոց լեզվին: Իմիջիայլոց, կա մի սխալ մտայնություն, թե Հայրենիքից գնացած կանայք հեռացել են արմատներից. ես կասեմ հակառակը՝ շատ ավելի նախանձախնդիր են մեր հայկական արմատների ամրացման, պահպանման գործում: Այն հայորդիներն, ում կանայք հայուհիներ չեն, սկսում ես երկմտել՝ արդյոք նրանք և նրանց զավակները կսկսե՞ն խոսել հայերեն: Բոլորս էլ գիտենք, որ ընտանիքում առաջին հերթին մայրն է պահում լեզուն. ունենք նաև բացառություններ՝ հայերի հետ ամուսնացած ուկրաինուհիներ կան, ովքեր շատ մաքուր հայերեն են խոսում, օրինակ Վանիկի կինը՝ Սվետան, ոչ միայն խոսում է հայերեն, այլև խոսում է Շիրակի մաքուր բարբառով:
-Անձամբ Դուք ի՞նչ աշխատանք եք կատարում Ուկրաինայի հայ կանանց միության շրջանակներում:
-Ես «Նռնենի» ամսագրի գլխավոր խմբագիրն եմ, որն ունի երկու տարվա պատմություն: Ամսագիրը կենտրոնացնում է Ուկրաինայի հայկական բոլոր համայնքների կանանց կատարած աշխատանքերը , սա կանանց յուրօրինակ դաշտն է, սակայն մենք արդեն փորձում ենք մեր աշխատանքներում ընդգրկել արժանահիշատակ գործերով աչքի ընկած տղամարդկանց, որ նրանք էլ թույլ տան իրենց կանանց ՝ընդգրկվելու մեր միության շարքերում: Մեր նպատակն է, որ այս ամսագիրն անմիջական պորտալար լինի Հայրենիքի և Սփյուռքի միջև. որպեսզի մեր համագործակցությունը շարունակական լինի, իմ աղբյուրը պետք է անպատճառ Հայաստանը լինի: Մենք շատ խորագրեր, էջեր ունենք, որոնք շատ ավելին են տալիս. ունենք գրական էջ, ուր ներկայացրել ենք Համո Սահյանին, Մուշեղ Իշխանին, Մուշեղ Գալշոյանին, Անահիտ Պարսամյանին, Սոնա Վանին և այլ գրողների: Այդ էջում տեղ են գտնում նաև Ուկրաինայի ստեղծագործող հայ կանանց գործերը, նրանցից շատերը հրաշալի գրողներ են. օրինակ՝ Լիզա Մոսինյանը, ով արդեն հրատարակել է «Կրակն իմ հոգու» վերնագրով երկրորդ գիրքը, Կիևից՝ Սալոմե Ենգիբարյանը, ով ղեկավարում է Կիևի հայ կանանց խորհորդը, Կիրովագրադում ապրում է մի հրաշալի հայուհի՝ տիկին Արուսյակը, ով գտնում է ստեղծագործող կանանց և նրանց ուղարկում ինձ մոտ: Այնտեղ է ապրում մի շնորհաշատ հայուհի՝ տիկին Ժաննան, ով եկեղեցու սպասավորների հագուստներն է կարում, ասեղնագործում է ոսկեթելով. ասես անձեռակերտ լինեն այդ ասեղնագործությունները, որոնք հիշեցնում են Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը: Հիշատակեմ նաև Կիևում ապրող նկարչուհիՄարինա Սարգսյանին, ով պետրիկովյան գեղանկարչությամբ է զբաղվում, և այս տարի նա առաջին մրցանակ շահեց իր աշխատանքներով: Կիևում ունենք ուրիշ շատ նկարիչներ, քանդակագործներ, խաչքարագործ վարպետներ, բրուտներ, եկեղեցիներ հիմնած կարգին հայեր, որոնց բոլորին Աննա Գևորգյանը համախմբել է իր շուրջը: Սոնիկ Հանեյան հայուհու մեջ էլ խտացված են մեր ազգային բոլոր ծեսերը, ավանդույթները, տիկին Սոնիկն այստեղ դարձել է դրանց պահպանողն ու կյանք տվողը. նրա համար չկան մեծ ու փոքր տոներ, կազմակերպում է բարեգործական շատ միջոցառումներ…Աշխատող, ստեղծագործող այդ կանանցից ոչ մեկը երբևէ որևէ պարգև, շնորհակալագիր չի ակնկալում. նրանք աշխատում են անշահախնդիր, նվիրումով: Ամսագրում ունենք Շիրազի համանուն բանաստեղծության տողերով սկսվող՝«Ո՞րն է Բաբո, մեր հայրենիք» խորագրով էջ, որտեղ ամեն անգամ անդրադառնում ենք մեր Հայրենիքի պատմամշակութային հուշարձանների մանրամասն պատմությանը, լուսանկարներ ենք տեղադրում, ներկայացնում ենք դրանց մատենադարանների և ձեռագրատների կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան ու մատենադարանի հետ: Ունենք լեզվի բաժին, որը վարում է բանասիրական գիտությունների թեկնածու Ռոլանդ Ավետիսյանն, ով ոսկերչական աշխատանք է կատարում՝ տալով շատ բառերի արմատական վերլուծությունն ու բացատրությունը: Վերջերս ներկայացրել էր ավստրիացի մեծ հայագետ Էմիլ Դիլոնի աշխատանքները: Մենք ունենք «Մեր ստեղծագործող կանայք» բաժինը, որտեղ աչքի են ընկնում շատ կանայք՝ Սալոմե Ենգիբարյանը, Արաքսյա Հասրաթյանը, Լիզա Մոսինյանը, Անի Բադալյանը և ուրիշներ, ովքեր փորձում են իրենց աշխատանքները ներկայացնել ընթերցողների դատին: Ունենք «Խոհանոց» բաժինը, որը վարում է Սոնիկ Հանեյանը, ունենք «Խորհուրդ է տալիս բժիշկը», որը վարում է բժշկուհի Մարո Մկրտչանը, ունենք տեղեկատվություն Ուկրաինայում ապրող հայերի մասին, թե ինչով և ինչպես են ապրում նրանք, ինչով են զբաղված: Թղթակիցների հրաշալի թիմ ունենք՝ Ռուզան Շատվորյան, Ալա Պարիշչյուկ, ժենյա Ծերունյան, ով 25 տարի խմբագրում է «Արագած» թերթը, Սեդա Ղևոնդյան…
-Տիկի՛ն Ջավահիր, քանի՞ էջից է կազմված ամսագիրը, ինչպե՞ս եք այն առաքում որևէ համայնք, ինչպե՞ս եք իրացնում, ի՞նչ հիմունքներով են մարդիկ ստանում:
– Դա ամենացավոտ հարցն է. ամսագիրը եռամսյա է, կազմված է 70 էջից, ընդամենը 20 օրինակ է լույս ընծայվում, հազիվ կարողանում ենք բաժանել մեր հայկական այն համայնքներին, որտեղ կան կանանց խորհուրդներ: Ունենք նաև կայք: Հովանավորներ չունենք. տիկին Աննան է լուծում այդ հարցերը և մեծ ջանադրությամբ ու նվիրումով:
-Գիտեմ նաև , որ նաև ստեղծագործում եք, տպագրված գրքեր ունեք…
-Այո՛, գրում եմ. մի փոքրիկ գիրք ունեմ, վիպակ՝«Տատս» վերնագրով, որը նվիրված է եղեռնազարկ եղած իմ նախնիներին, մեր գերդաստանին. մայրական տատս Վանից է, հայրականը՝Ալաշկերտից: Հրաբխային մի կարոտ էր իմ հոգում, և այն անպայման պետք է դուրս ժայթքեր հե՛նց այսպես՝ գրքի ձևով, գրքի ծնունդով: Ունեմ նաև մեկ ուրիշ գիրք՝«Վասպուրական աշխարհի ժառանգորդները», որը գրվեց մեր հայ համայնքի նախագահի՝ Վիլեն Շատվորյանի ծնողների՝ տեր և տիկին Գրիգոր և Ռուզան Շատվորյանների առաջարկով. նրանք ցանկացան իրենց պատմությունն ունենալ իրենց ձեռքի տակ: Հրաշալի մարդիկ են: Այս տարի Երևանում լույս ընծայվեց «Արահետ» բանաստեղծություններիս գիրքը. այս գրքիս և մյուս գրքերիս շնորհանդեսները տեղի ունեցան այստեղ՝ Երևանում: Շնորհակալ եմ Նոր Նորքի գրադարանի տնօրենին՝ հարգարժան տիկին Նարինեին, ով շատ գեղեցիկ ու ջերմ մթնոլորտ էր ստեղծել գրքի շնորհանդեսի օրը:
-Տիկի՛ն Մխիթարյան, անդրադառնանք Ձեր ՝ Ուկրաինայում հաստատվելու պատմությանը…
-Թեև ընտանիքով բնակվում ենք Ուկրաինայում, սակայն հոգով ու սրտով, մտքով մշտապես հաստատված ենք Հայրենիքում, ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում, մնում եմ ամիսներով, մեկ տարով: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ այստեղ եմ թողել իմ ամենաթանկ զավակին՝ Հայաստա՛նս, Հայրենիքում է նաև իմ գանձերից մեկը՝աղջկիկս՝ իր գեղեցիկ ընտանիքը, սակայն այնտեղ էլ տղաս ու թոռնիկներս են: Մենք բոլորս այստեղ ունեինք աշխատանք՝ ես աշխատում էի ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, ամուսինս ճանաչված լեզվաբան Ռոլանդ Ավետիսյանն է, նա ամբիոնի վարիչ էր Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ինքս էլ եմ այնտեղ աշխատել ՝որպես գրաբարի և հայոց լեզվի դասախոս, արդեն ասացի, որ աղջիկս՝ Մարիանա Ավետիսյանը, Հայաստանում է ապրում. նա աշխատում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետում, վոկալ է դասավանդում, կամերային երգչուհի է, տղաս, ով Ուկրաինայում է, նույնպես աշխատանք ուներ Հայաստանում, նա մասնագիտությամբ իրավաբան է, սկզբում աշխատում էր Պաշտպանության նախարարությունում, հետո՝ Արդարադատության նախարարությունում, մայորի կոչում ունի, հրաշալի հարս ունեմ, 5 թոռնիկ՝ տղայիս և աղջկաս երեխաները…Սկզբում գնացել էի Ուկրաինա՝ օգնելու, մեծացնելու թոռնիկներիս, ամեն տարի տղաս ասում էր՝ արդեն կարող ես գնալ, եթե ուզում ես…ես մշտապես մնալու մտադրություն չունեի, չկարողացա տղայիս և իր ընտանիքը թողնել և այդպես էլ մնացի Ուկրաինայում: Սակայն, բնականաբար, չէի կարող նաև հեռու մնալ իմ աշխարհից՝ մշակույթից, ուստիև, գտա իմ տեղը, իմ աշխատանքը, իմ տեղը: Մեր նպատակն այն է, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերն առաջին հերթին լեզուն կենդանի պահեն:
-Դուք կապված եք հայ համայնքի հետ, կատարում եք ազգօգուտ աշխատանք ՝ հեռու հեռվից անգամ նպաստելով հայապահպան ներուժի համախբմանը. շնորհակալությո՛ւն Ձեր կատարած հայանպաստ աշխատանքի համար. Ձեր գեղեցիկ ստեղծագործություններից մեկով էլ ավարտենք մեր հարցազրույցը:
Այս աշխարհից ես ոչինչ չեմ ուզում,
Ուրիշ ոչինչ
Մի ափ՝ կարոտ,
Մի բուռ՝ ՀԱՅ խոսք,
Մի բուռ էլ՝ սեր…
Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի