Նկարչական ցուցահանդես՝ «Թբիլիսիի ստվերներ»
Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ «Թբիլիսիի ստվերներ» խորագրով Հայաստանի եւ Վրաստանի մի խումբ երիտասարդ նկարիչների համատեղ պլեների արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ժամանած տասնմեկ երիտասարդ արվեստագետներ իրենց համախոհ վրացի վեց նկարիչների հետ միասին միջոցառման 5 օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել գտնվելու Վրաստանի գեղատեսիլ վայրերում եւ կտավին հանձնել աշնանային գունագեղ պատկերները, որոնք ներկայացված էին եզրափակիչ ցուցահանդես-վաճառքում:
Նախաձեռնության հեղինակների` թբիլիսահայ երիտասարդ ստեղծագործողներ Լանա Բաբայանի եւ Գայանե Մանասյանի մտահղացմամբ ստեղծված «InterArtBridge» հասարակական կազմակերպության նպատակներից մեկը մշակույթի միջոցով տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների մերձեցումն ու համագործակցությունն է:
Ցուցահանդես-վաճառքի հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվեց Թբիլիսիի Գլդանի շրջանի մանկատան օգնության հիմնադրամին,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: