«Լրագրողը պետք է ազնիվ լինի ու խղճով աշխատի». Մարիա Գաբրիելյան
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի խորագիրն իսկ՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», արդեն համահավաք, հայահավաք ներուժի մասին է խոսում, իսկ այդ ներուժի մի մասն էլ կազմում են աշխարհով մեկ սփռված ավանդական և նորօրյա լրատվամիջոցներն ու նրանց ներկայացուցիչները, որոնցից մեկի՝ Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի թղթակից Մարիա Գաբրիելյանի հետ մի փոքրիկ զրույց ունեցանք՝ «Հայերն այսօր»-ի համար:
-Մարիա՛, Դուք շուրջ 15 տարի աշխատում եք այդ շաբաթաթերթում. դա քիչ ժամանակ չէ՝ լրագրողի տեսանկյունից դիտարկելու և որոշակի սեփական կարծիք ձևավորելու լրագրողական դաշտի մասին. խոսքս վերաբերում է թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքյան լրատվական աշխարհին: Ի՞նչն է պակասում լրատվադաշտում:
–Ես միշտ հետևում եմ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի լրագրությանը, մասնավորապես՝ Միջին Արևելքի երկրներում հրատարակվող թերթերին, և կարծիքս, ընդհանուր առմամբ, դրական է: Անկախ հայոց լեզվին, լրագրական մոտեցումներին առնչվող մասնագիտական խնդիրների՝ ես մի խնդրանք ունեմ բոլոր լրագրողներին, որ որևէ լուր գրելիս՝ անպայման դիմեն ստույգ աղբյուրին: Հիշատակեմ վերջերս Հայաստանից Սիրիա ուղարկված օգնության, օժանդակության մասին, որը շատ անմակարդակ, վատ քննադատության արժանացավ, կարելի է ասել՝ բամբասանքի վերածվեցին այդ մասին եղած լուրերը: Մի շարք լրատվամիջոցներ չդիմեցին ստույգ, պաշտոնական աղբյուրին: Եթե անգամ ժողովրդին են դիմում, նրանից են լուր առնում, գոնե պետք է դիմել նրանց, ովքեր անմիջական կապ ունեն տվյալ իրադարձության հետ, ականատես են եղել տեղի ունեցող աշխատանքներին: Հալեպահայ չլինելով հանդերձ, Հալեպում չապրելով՝ ճիշտ չէ իրենց կարծիքը, խոսքը, տեսակետը ներկայացնելը դրսից: Վատ է այդ ամենը թե՛ հալեպահայության, թե՛ ուղարկող մարմնի համար, որին մենք, իսկապես, շնորհակալ ենք, որովհետև մարդիկ օրուգիշեր աշխատում են, մարդկանց օժանդակում են…չի՛ կարելի այդպես վարվել, մե՛ղք է այդ ամենը:
-Սիրելի՛ Մարիա, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը, կամային ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի:
-Ինչպես Դուք նշեցիք, լրագրողը միայն լուր փոխանցող չէ. այո՛, լրագրողի դերն ավելին է. խաղաղ պայմաններում դա կարող է այդքան էլ ակնառու չլինել, սակայն արտասովոր պայմաններում, արտակարգ իրավիճակներում լրագրողի աշխատանքը շատ բացահայտ է դառնում, նրա դերը շատ կարևոր է լինում: Այդպիսի իրավիճակներում լրագրողը կարող է ստեղծված ընդհանուր խուճապը նվազեցնել կամ էլ՝ ճիշտ հակառակը՝ խուճապ առաջացնել, հողմապտույտ փոթորիկ ստեղծել: Լրագրությունը չորրորդ իշխանություն է և մեծ է նրա դերակատարումը հասարակական-քաղաքական իրադարձությունների շրջապտույտում: Ես լրագրություն եմ դասավանդում Հալեպի հայագիտական մի հիմնարկում և իմ աշակերտներին միշտ ասում եմ, որ այն, ինչ չեն կարող անել ո՛չ իշխանությունները, ո՛չ դատախազությունը, ո՛չ պաշտոնական իրավաբանական մարմինները, լրագրողն իր գրչո՛վ կարող է անել. նա կարող է իր հետախուզական աշխատանքով, իր հարցախույզով շատ կարևոր հարցեր բարձրացնել, պարզաբանումներ տալ: Լրագրողը պետք է ազնիվ լինի ու խղճով աշխատի. այս և այլ հարցերի շուրջ համաժողովի ընթացքում կարծիքներ փոխանակեցի ուրիշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որն անպայման կտա իր դրական ու շոշափելի արդյունքները:
Զրուցեց Կարինե Ավագյանը