«Լրագրությունն այն եզակի մասնագիտությունն է, որը գտւնվում է ներկայի, անցյալի և ապագայի կիզակետում». Արամ Անանյան

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական համաժողովը, որի ընթացքում հնչեցին Սփյուռքի և Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների ելույթներ: Նրանց այս համաժողովում միավորել են լրագրողական դաշտին առնչվող այլևայլ խնդիրներ, մտահոգությություններ, որոնց լուծման ճանապարհներն անպայմանորեն համագործակցության արդյունքում կգտնվեն: Այդ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար իմ զրույցը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ:
-Պարո՛ն Անանյան, ես կարդացի Ձեր զեկուցման թեման՝«Լրատվության ապագան: ժամանակակից լրատվական միտումները՝ համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում». անշու՛շտ, կարևոր թեմա է լրագրության ապագան, սակայն պակաս կարևոր չէ լրագրության ներկան. ո՞րն է Ձեզ մտահոգող ամենակարևոր խնդիրն այդ ոլորտում:
-Լրագրությունն այն եզակի մասնագիտությունն է, որը գտնվում է ներկայի, անցյալի ու ապագայի կիզակետում: Որքան մեզ շրջապատող աշխարհում ավելանում ու արագանում են փոփոխություններն, այնքան լրագրությունը տեղափոխվում է դեպի ապագա. դա, իհարկե, չի նշանակում, որ մենք ճշմարտությունն ու իրականությունն արձանագրելու փոխարեն պետք է գլխակորույս նետվենք կանխատեսումների դաշտ, այլ այն, որ խնդիրները, որոնք մեր մասնագիտության առջև ծառանալու են 5-10-15 տարի հետո, շատ ավելի արագ են դառնում առօրեական: Այս առումով 5 կարևոր միտումներ կան, որոնցից մեկը տեխնոլոգիաների զարգացումն է, երկրորդը, որն այսօր խիստ ակնհայտ է, բովանդակության համար կատաղի պայքարն է, երրորդը տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ լրատվամիջոցների թվի աճն է, չորրորդը՝ պետություն-լրատվամիջոցներ-բիզնես ձևաչափերի փոփոխությունը և հինգերորդը՝ մասնագիտական առումով ամենակարևորներից մեկը, էթիկական լրատվության խնդիրները, որոնք նույնպես ձևափոխումների են ենթարկվում: Սա՛ է հարցերի այն մոտավոր շրջանակը, որոնց ես անդրադառնում եմ, որովհետև այդ համաշխարհային միտումներն այս կամ այն չափով ազդում են նաև համահայկական լրատվական իրականության վրա:
– Ծնվելով ու մեծանալով ճանաչված մտավորականի՝ հայերենասեր ու հայրենասեր Լևոն Անանյանի ընտանիքում, կարծում եմ՝ Ձեզ էլ ժառանգաբար փոխանցվել են այդ արժեքները, և Դուք, որպես հայ ու լրատվամիջոցի ղեկավար, անշուշտ, պետք է մտահոգված լինեք հայոց լեզվի վիճակով մեր լրատվամիջոցներում :
-Իհարկե՛, այդ մտահոգությունը կա. մեծացել է լրատվամիջոցների թիվը, և դա չի կարող բացասաբար չազդել թե՛ լեզվի, թե՛ մատուցվող լրատվության որակի վրա, որովհետև առաջարկի և պահանջարկի հավասարակշռության բացակայությունը մեզ կանգնեցրել է մի իրողության առջև, երբ խմբագիրները, լրատվամիջոցների ղեկավարները շատ սահմանափակ ընտրություն են ունենում՝ զտելու լավ կադրեր: Ասեմ նաև, որ մեր բազմաթիվ լրատվամիջոցների տնտեսական վիճակն էլ նախանձելի չէ, և դա էլ լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում, սակայն դրանք արդարացում չեն կարող լինել, և հայոց լեզուն, լրատվամիջոցների հայերենն այդ ամենից չպետք է տուժի. յուրաքանչյուրն, ով իրեն տեսնում է այդ ոլորտում, պետք է մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվի հայոց լեզվին:
-Համամի՞տ եք արդյոք ստեղծված այն կարծիքին, թե համացանցը, կայքերը մեր կյանքից դուրս են մղել տպագիր մամուլը:
-Ես կարծում եմ, որ պատմությունը փաստել է, և կապի որևէ միջոց, տպագիր մամուլ չի անհետացել. եթե այն ասելիք ու անելիք ունի, երբեք չի անհետանա, պարզապես կարող են փոխվել կրիչները, կարող է փոխվել տեխնոլոգիան, սակայն չի անհետանալու այն լրատվամիջոցը, որն առաջարկելու է ինքնատիպ, հետաքրքիր, բովանդակալից նյութեր՝անկախ կրիչից. խնդիրը կրիչը չէ, այլ՝ բովանդակությունը:
-Որքանո՞վ եք կարևորում նման համաժողովները, և արդյոք զգալի, շոշափելի՞ է դրանց արդյունավետությունը:
-Սա արդեն 8-րդ համաժողովն է, որը համընկել է Հայաստանի անկախության 25-ամյակին, դրանում էլ մեծ խորհուրդ կա: Փաստը վկայում է, որ համաժողովների նման ձևաչափերը խիստ պահանջված են. միայն մենք չենք, որ այս ձևաչափով համաժողովներ ենք անում: «Արմենպրես»-ը Հայաստանի ամենամեծ միջազգային ներգրավվածություն ունեցող լրատվամիջոցներից է. մենք շուրջ 20 գործակալությունների հետ երկկողմ հարաբերություններ ունենք, մի քանի միջազգային լրատվական կազմակերպությունների անդամ ենք և տեսնում ենք, թե մեր գործընկերներն իրենց երկրներում ինչպես են կազմակերպում նման համաժողովները: Այսինքն՝ այսպիսի համաժողովները պահանջված են, և ակնկալում եմ, որ քննարկումները կլինեն նույնքան արդիական, որովհետև խորագիրը Հայոց պետականության շուրջ համախմբվելն է:
Զրուցեց Կարինե Ավագյանը