ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Մադրիդում
Սեպտեմբերի 27-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իր շնորհավորական ուղերձում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների գլխավոր ձեռքբերումներին, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու կարևորությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Դեսպան Ադոնցը խոսեց նաև հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների և դրանց մեծ ներուժի մասին: Իր խոսքում ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի դերակատարությունը:
Միջոցառմանը մասնակցեցին Իսպանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԻԹ արտաքին քաղաքական և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ռեգիոնալ իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, գիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։