«Մենք պատուհաններ շատ ունենք, բայց լուսամուտները քիչ են. թո՛ղ ամեն պատուհան լուսամուտ՝ Լույսի մուտք դառնա». Արամ Սեփեթջյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում մշտապես լուսաբանվում են սփյուռքահայ մտավորականների կյանքի ու ծավալած գործունեության մասին հոդվածներ, հարցազրույցներ:

Բարեգործներ, արձակագիրներ, բանաստեղծներ, լրագրողներ, թարգմանիչներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, սփյուռքյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու ահեստավորներ, մանկավարժներ, համայնքային կառույցների ու երիտասարդական կազմակերպությունների  ղեկավարներ, անդամներ, աշակերտներ, ուսանողներ, պարախմբեր ու երգչախմբեր, անհատ կատարողներ ու մարզիկներ, գրականագետներ ու լեզվաբաններ, մանկավարժներ ու բժիշկներ, հայրենադարձներ, ազատամարտիկներ…Ահա այսպիսի բազմաբնույթ ու բազմաբովանդակ լուսաբանումներով  է բացվում օրը և դառնում հագեցած ու նշանակալից. այդպիսի մի օր էլ նշանավորվեց  լիբանանահայ գրող, հասարակական, մշակութային գործիչ Արամ Սեփեթջյանի հետ ունեցած իմ զրույցով, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

«Ծնունդով Ալեքսանդրեթից եմ, 1938-ին ընտանիքով հաստատվել ենք Բեյրութում, նախնական ուսումս ստացել եմ  Նոր Մարաշի Սուրբ Քառասնից վարժարանում, հետագայում միջնակարգ կրթությունս ստացել եմ ՀԲԸՄ-ի վարժարանում, այնուհետև երկրագիտական, հողագիտական  դասընթացների եմ մասնակցել, այդտեղի շրջանավարտ եմ, որից հետո հեռակա կարգով Անգլիայում ուսանել եմ   շինարարական կառույցների տնտեսագիտական բաժնում. ահա այս մասնագիտություններով  էլ ապահովել եմ իմ կյանքն ու կենցաղը, ապրուստս: Ազատ ժամերին գրականությունն է եղել իմ ուղեկիցը. սկսել եմ արձակից և այդպես էլ շարունակել: Իմ ուսուցիչները եղել են Վահե Վահյանը, Զավեն Մելքոնյանը, Արա Թոփչյանը: 5 տարի  հայագիտական առարկաների գծով ազատ ունկնդիր եմ եղել և ինձ շնորհել են համապատասխան վկայական: Գրական ասպարեզ եմ իջել  16 տարեկանում. 1951թ. «Պայքար» հայկական օրաթերթում լույս տեսավ իմ «Մեղա քեզ, հայրենիք»  պատմվածքը: Օրաթերթի խմբագիրը Հրաչ Երվանդն էր: Ես մի կողմ դրեցի իմ իսկական անուն ու ազգանունը և ընտրեցի գրական կեղծանուն՝ Արմեն Հրաչ. հորս անունը Արմենակ էր, իսկ Հրաչ Երվանդն իմ գրական կնքահայրն էր, ուստի միացրեցի իմ երկու հայրերի՝ ծնողիս և կնքահորս անուններն ու ստացա գրական անունս: Այնուհետև սկսեցի աշխատակցել Լոս Անջելեսում Անդրանիկ Անդրեասյանի գլխավորությամբ լույս տեսնող «Նոր օր» թերթին. Անդրանիկ Անդրեասյանն էլ մամուլի ասպարեզում է եղել իմ  առաջին ուսուցիչը, դպրոցում Վահե Վահյանն էր: Ես դարձա «Նոր օր»-ի լիբանանյան թղթակիցը:  Շատ նրբանկատ, ուշադիր անձ էր Անդրեասյանը. ամեն Նոր տարվա օրերին փոքրիկ ծրար էր ուղարկում, որի մեջ կամ գիրք էր, կամ գրիչ, որևէ  հուշանվեր: 1956 –ին Բեյրութի  Թեքեյան մշակութային միությունը ունեցավ իր գրական ամսագիրը՝ «Շիրակ», և մեր սերունդը՝ 20-ամյա երիտասարդներ, սկսեցինք թղթակցել, մեր գործերը տպագրել այդ ամսագրում:

Առաջին պատմվածքս, որը լույս տեսավ այդ ամսագրում, կոչվում էր «Արտասվող նկարին առջև». այդ վերնագրով մի նկարի հեղինակ կար՝ պոլսահայ նկարիչ Ժակ Իհմալյանը, ով այդ նկարի պատմությունը պատմել էր իմ սերնդակից նկարիչ Հարություն Թորոսյանին, նա էլ ինձ պատմեց, և այդ պատմության հիման վրա ես գրեցի իմ պատմվածքը: Լրանում է իմ գրական-ստեղծագործական կյանքի 60 տարին և մեր հրատարակած «Կամար» պարբերագրքի 10-ամյակն ու 25-րդ համարի լույս ընծայման տարեդարձը, որի առիթով  վաղը ես  գրական զրույց պետք է ունենամ Հայաստանի գրողների միությունում, սակայն չեմ ցանկանում գրական գործունեությանս 60-ամյակի մասին խոսվի, անհամեստություն չթվա. առանց բարձրաձայնելու՝ ես իմ ներաշխարհիս մեջ կնշեմ այդ հոբելյանական թիվը: Բացի արձակ ստեղծագործություններից՝ ես գրել եմ նաև հոդվածներ:

Երկու տարի առաջ իմ  80-ամյակն  էր.  Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի կոնդակով ամբողջ աշխարհում, երբ ինքը 40-ականներին Նյու Յորքում  առաջնորդ էր, հոկտեմբերը  ողջ հայության համար հռչակվեց հայ  մշակույթի ամիս, ես մտածեցի անտիպ և հատորներիցս դուրս մնացած գործերս ամփոփել երկու հատորների մեջ. առաջինը «Ձայներ լռության մեջ» վերնագրով հոդվածներիս շարքն էր, որում կային նաև «Խոհեր և պահեր Հայրենիքից» խորագրով հոդվածներ, որոնք գրել էի 1986-87 թթ. Հայաստանի գրողների 9-րդ համագումարի առիթով Հայրենիք այցելելու տպավորությամբ, 1987-ին «Շիրակ» ամսագրի 30-ամյակը նշվեց. այդտեղ տպագրվել են իմ  պատմվածքները, գրախոսականներս, իսկ հոդվածներս՝«Զարթոնք»-ի, «Ազդակ»-ի, «Արարատ»-ի,«Նոր օր»-ի,«Մարմարա»-ի,«Նոր Յառաջ»-ի, «Արարատ»-ի էջերում: «Սովետական Հայաստան» ամսագրում խմբագիր Լևոն Զաքարյանը տպագրեց «Անլույս գիշերներ» պատմվածաշար-վիպակիս գրախոսականը: Երկրորդ գիրքս «Կյանքի կարոտը» վերնագրով 200 էջանոց պատմվածքների ժողովածուն է,  3-րդ գիրքս, որը լույս տեսավ 1978-ին, վերնագրված է «Ողջակեզ». այն վիպակ է, որը ներկայացնում է 1975-ից մինչև 1992թթ. լիբանանյան քաղաքացիական ընդհարումների սկզբնավորումը: Այս վիպակը ներքին երկվության  ծնունդն է, Լիբանանն էլ ներքին երկվությունից էր տառապում: 1943 թվականին, երբ  մենք արդեն ապրում էինք Լիբանանում, մեզ արդեն լիբանանցի էինք զգում, որովհետև արդեն ինքնության թուղթ ունեինք, Լիբանանն այդ ժամանակ դարձավ անկախ, ինքնիշխան փոքրիկ պետություն: Լիբանանին հայրենիք չենք կարող ասել, այն ինձ համար  ծննդավայր էլ չէ, որովհետև այնտեղ չեմ ծնվել. Լիբանանը մեզ որդեգրող երկիրն է, մենք տարագիր Սփյուռքն ենք, որը սկիզբ առավ 1923-ից:  Ալեքսանդրեթն է իմ ծննդավայրը, իսկ ծնողներս Չորքմարզվանից  են, Կիլիկիայից, որտեղի նարինջների խենթացնող բույրը  տարածվում էր ամենուր, և բնակավայրին մոտեցողները հեռվից արդեն զգում էին այդ բույրը:

Մեր՝ Սեփեթջյանների տոհմը, 1806-ին  Քեսաբից է տեղափոխվել Չորքմարզվան:  Հաջորդ գրքերս են ՝«Կյանքի կարոտը», «Հող և մորմոք»-ը( վերջինը՝ երջանկահիշատակ Լևոն Անանյանի խմբագրությամբ, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2001-ին, Երևանում,Արամ Խաչատչյանի տուն–թանգարանում. պարտական եմ Լևոն Անանյանին), «Տագնապը բանաստեղծությունների մեջ»(2005թ.) գրական ուսումնասիրությունների հավաքածու, «Ժամանակահույզ խոհեր»-ը: 2014-ին ցանկացա, որպեսզի հոդվածներիս ժողովածուին հաջորդեն  մյուս  հոդվածներս, խմբագրականներս…1992-ից մինչև 1996-ի վերջը՝ 15 տարի, եղել եմ ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի խմբագիրը.հավաքեցի բոլոր հոդվածներս, վերնագրեցի «Ձայներ լռության մեջ», որը նվիրեցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հաջորդ գիրքս՝«Գրական հանդիպումներ» 560 էջանոց  ժողովածուս է, որը հոգուս պարտքն էր… Չասեմ վերջին գիրքս է, ինչպես Վահե Վահյանը կասեր՝ վերջնեկն է, ոչ՝ վերջինը: Ասեմ, որ գրքերիցս թարգմանվել են տարբեր լեզուներով՝  պարսկերեն, անգլերեն…25 տարի է, ինչ հիմնել եմ «Սիփան» հրատարակչությունը, ընտրեցի այս անունն՝ իբրև մեր պահանջատիրության խորհրդանիշ, նաև շատ մոտիկ է իմ ազգանվանը, իսկ արաբ ֆրանսախոս ընկերներս ուրիշ ձևով են ընկալում՝ սկզբնատառերը թարգմանելով՝  գեղարվեստական տպագրական գործերի  արտադրությունների  ընկերակցություն (S.I.P.A.N): «Շիրակ» ամսագիրը լույս ընծայվեց մոտ 45 տարի, որից հետո  խմբագրական կազմի 5 անդամներս շարունակում ենք մեր աշխատանքը «Կամար»-ում, որի գլխավոր խմբագիրն է մատենագետ Ժիրայր Դանիելյանը. Հայրենիքից ունենք շատ գրողներ, աշխատակիցներ: Ես դեռ անելիքներ ունեմ, նոր գրքի նախագիծ՝ «Գրական հանդիպումներ հայրենի գրողների հետ»:

Մտահոգ եմ արևմտահայերեն լեզվի խնդիրներով. մենք կորցրեցինք Պատմական Հայաստանը, հոգևոր արժեքներ՝այնտեղի մշակութային օջախները, կենտրոնները, դպրոցներ, 800 մտավորականներ, գրողների մի աստղաբույլ…Ի՞նչ մնաց մեզ՝ արևմտահայերեն լեզուն, որը պետք է պահենք, պահպանենք սրբությամբ: Դասական ուղղագրությամբ մենք ավելի շուտ կգտնենք բառի արմատները: Պետք է Հայաստանի դպրոցներում ուսուցանվի գրաբար, մինչ այդ պետք է պատրաստել գրաբարի մասնագետներ, որից հետո  արևմտահայերենին անցնելը, դասական ուղղագրութունը յուրացնելը շատ դյուրին կլինի: Անկարելի բան չկա՛: Ես նաև Թեքեյան մշակութային միության  երկարամյա անդամ եմ: Մեր գործունեությունը միշտ նպատակաուղղված է եղել նաև Հայրենիքի գիտակրթական ոլորտին. մենք ապագա սերունդների առաջ ամոթով չպետք է մնանք: Գրողն այն անձն է, որը բարձրացնում է հավաքական մտածողության  ձայնը: Ես մտատանջվում եմ Հայրենիքից  հեռացողների համար, Հայրենիքը սրբության սրբոց է. «Արարատի փեշերին մենք տուն ունենք անկործան….»,- մի գրող է ասել: Դուք «պատուհան» եք ասում (պատից հանած), ունենք նաև «լուսամուտ» բառը՝ լույսի մուտք…մենք պատուհաններ շատ ունենք, բայց լուսամուտների թիվը քիչ է. բազմացնենք մեր լուսամուտների թիվը, որ ամեն պատուհան լինի լուսամուտ»:

…Տասնյակ գրքերի հեղինակ, հասարակական, մշակութային ակտիվ ու երկարամյա գործիչ, լրագրող, հրապարակախոս Արամ Սեփեթջյանի  բազմաբովանդակ, հետաքրքիր կյանքի ու ծավալած գրական գործունեության այս պատմությունը, հիրավի,   հայ ժողովրդի  կենսագրության ՝ իր բառերով ասած՝ լուսամուտներից մեկն է:

Կարինե Ավագյան

գիրք 1գիրք

Scroll Up