Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը ներկայացվեց Ամմանում

Հուլիսի 28-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանի սրահներից մեկում Ավստրալիայի բեմի տաղանդավոր արվեստագետ Վարուժ Սանջյանի ներկայացմամբ՝ կայացավ Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմի բեմականացումը՝ կազմակերպությամբ ԱՄՄ-ի մշակութային հանձնախմբի:  Ձեռնարկը նվիրված էր Հայաստանի և Արցախի անկախության 25 և Արաբական հեղափոխության 100 ամյակներին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ԱՄՄ-ից:

Երեկոյի հյուրերն էին Հորդանանի խորհրդարանում երկրի քրիստոնյա համայնքը ներկայացնող երեսփոխան Աթեֆ Քաուարը, համայնքի հոգևոր հայր Տեր Ավետիս Էփրեջյանը, բարձրաստիճան անձինք, համայնքի միությունների վարչությունների անդամներ:

Երեկոյի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԱՄՄ-ի ատենապետ Հակոբ Սերփեքյանը, իսկ Վարուժ Սանջյանի կենսագրականն ու վերոնշյալ պոեմի թեման ներկայացրեց ԱՄՄ-ի մշակութային հանձնախմբի պատասխանատու Հակոբ Հակոբյանը:

Անդրադառնալով «Տատրագոմի հարսը»  ներկայացմանը՝ անկեղծ և անաչառ գնահատական տված կլինենք տաղանդավոր դերասանին, նշելով, որ այն ինչ ներկայացրեց Վարուժան Սանջյանը՝ յուրօրինակ, անկրկնելի բեմական արվեստ էր՝ բարձր կատարողությամբ, բեմական խաղի, շարժուձևի, ձայնի ելևէջների, անկեղծ զգացումների կատարյալ համադրությամբ, որը և գերեց ոչ միայն հայ, այլև օտար հանդիսատեսին: Այն ստիպեց, որ հանդիսատեսը հուզմունքով, համակ ուշադրությամբ ականատես լինի 20-րդ դարասկզբի հայ իրականության ողբերգական պատմության դրվագին:

Տևական հոտընկայս ծափողջույնները հանդիսատեսի անկեղծ գնահատանքն էին տաղանդավոր դերասանին: Բեմից իր գնահատանքի և հիացմունքի խոսքը հայտնեց նաև համայնքի գերաշնորհ հայր Տեր Ավետիս Էփրեջյանը:

Երեկոն եզրափակվեց պահպանիչ աղոթքով:

Հավելենք, որ Վարուժ Սանջյանը ծնվել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ 1962 թվականին: Մանկական տարիքից ակնհայտ էր վերջինիս հակումները և ձիրքերը արվեստի՝ մասնավորապես գրականության, պոեզիայի և երգարվեստի հանդեպ: ԱՄՄ-ի վարչության քաջալերանքով Վարուժ Սանջյանը 1982 թվականին մեկնեց հայրենիք՝ հետևելու երգարվեստի, ասմունքի և թատերական դասընթացների:

Ավարտելով վերոնշյալ դասընթացները՝ 1985թվականին վերադարձավ Ամման, որտեղ և սկսեց իր մշակութային գործունեությունը թատերական ասպարեզում՝ իբրև բեմադրիչ:

1987 թվականին մշտական բնակության մեկնելով Ավստրալիա՝ շարունակեց իր գործունեությունը որպես ասմունքող և երգիչ:

Տատրագոմի հարսը1Տատրագոմի հարսը2

Scroll Up