Գեղարդավանքը տպավորել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներն այցելեցին ՀԲԸՄ-ի Հայկական hամացանցային hամալսարան, Մատենադարան,Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք:
Մասնակիցները մեծ սիրով ու ոգևորությամբ էին շրջում տեսարժան վայրերով: Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում ու մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ամեն մի անկյուն: Նրանցից մի քանիսը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում կիսվել են իրենց տպավորություններով:
Անահիտ Խալաթյան, 17տարեկան, Ռուսաստան
– Տպավորված եմ Մատենադարանով ու հպարտ, որ այնտեղ պահվող բոլոր ձեռագրերը մերն են ու գրվել են հայի ձեռքով: Այնտեղ տեսա Մեսրոպ Մաշտոցի աշակերտների ձեռագրերը, ամենամեծ ու ամենափոքր գրքերը:
Ինձ նաև շատ է հիացրել Հայաստանի բնությունը, որով զմայվել եմ, երբ Գառնու տաճար և Գեղարդավանք էինք այցելել: Այն ճանապարհը, որով ես եկել եմ Հայաստան, անցնում է Վրաստանով, որի բնությունը նույնպես գեղեցիկ է: Ու չնայած այնտեղի լեռների շարունակությունը Հայաստանում է, միևնույնն է, այստեղի սարերը, լեռները, անտառը, ծառերը, անգամ օդն ուրիշ է, ամեն ինչն ավելի հարազատ է:
Կրիստինա Օհանյան 16 տարեկան, Ռուսաստան
– Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ համար մեծ ուրախություն էր հայրենիք այցելելը: Հիացած եմ Մատենադարանի սուրբ գրքերով, այն ձեռագրերով, որոնք գրվել են շատ վաղուց ու հրաշքով պահպանվել են, փրկվել Ցեղասպանությունից ու հասել մեզ. այս ձեռագրերը հիացմունքի ու զարմանքի են արժանի:
Տպավորված եմ Գեղարդավանքով, այն վայրով, որտեղ այն գտնվում է: Եկեղեցում յուրահատուկ մթնոլորտ ստեղծվեց, երբ առաջին քայլս արեցի: Մի անբացատրելի զգացում էր այդ վայրում գտնվելը: Նաև ուրախ եմ, որ Հայաստան գալով՝ կարողացա տեսնել մեզ համար այդքան կարևոր ու սուրբ դարձած լեռը` Արարատը, որը, ցավոք, գտնվում է Թուրքիայի տարածքում:
Գարուն Որբերյան, 12 տարեկան, Իրաք
– Առաջին անգամը չէ, որ Մատենադարան էի այցելում, բայց այս օրը տարբերվեց: Տպավորություններս այլ էին, ավելի հետաքրքրությամբ ու հուզմունքով էի շրջում և ուսումնասիրում ամեն մի ձեռագիր: Գառնիի տաճարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Զարմանալի է, որ այսքան դարեր պահպանվել է ու հասել մեզ: Սակայն ամենից շատ ինձ տպավորեց Գեղարդավանքն իր յուրօրինակ շինությամբ ու առեղծվածներով:
Անի Հարությունյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի