«20 տարի շարունակ դրսում եմ, բայց 20 տարի շարունակ ցանկանում եմ Հայրենիք վերադառնալ». Զառա Հարությունյան
Մեզանում երբեմն անտեսվում է հոգեբանի աշխատանքի կարևորությունը, հաճախ էլ ոչ թե անտեսվում, այլ պարզապես ազգային մտածելակերպի կարծրատիպն է դրան խանգարում: Հոգեբանական աջակցության կարիք ունեն գրեթե բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից, սեռից, տարիքից, ապրելակերպից: Միայն անձնական, նյութական, հոգեկան վիճակը չէ, որ կարող է պատճառ դառնալ ցնցումների. եթե մարդը զգայուն է, ավելին՝ դյուրազգաց, ապա առօրյա կյանքում, աշխատանքում հանդիպող բազմաթիվ խոչընդոտները, անմարդկային վերաբերմունքը, անձի իրավական և բարոյական իրավունքների ոտնահարումը նույնպես կարող են նպաստել բազմաթիվ և բազմաբնույթ սթրեսների առաջացմանը: Այս և նման այլ հարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ծավալվեց մեր զրույցը ՌԴ-ի Մոսկվա քաղաքից ՀՀ սփյուռքի նախարարություն այցելած հոգեբան Զառա Հարությունյանի հետ, ով Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով սթրեսներ տարած ծնողներին, զինվորներին ցուցաբերել է հոգեբանական անվճար օգնություն :
-Տիկի՛ն Հարությունյան, խնդրում եմ պատմեք Ձեր անցած ճանապարհների և Ձեր մասնագիտական ձեռքբերումների մասին:
-Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, 1993-ին տեղափոխվել եմ Մոսկվա, ուր այժմ աշխատում եմ դպրոցում՝ որպես հոգեբան: Իմ առաջին մասնագիտությունը սոցիոլոգիան է, որից հետո մասնագիտացել եմ հոգեբանության մեջ: Ե՛վ դժվար է իմ աշխատանքր, և՛ անչափ պարտավորեցնող ու հետաքրքիր: Մոսկվայում կա հոգեբանական կենտրոն, ուր ես ունեմ իմ մասնավոր վարձակալած աշխատասենյակը, որտեղ ընդունում եմ այցելուներին, սակայն հաճախ աշխատում եմ տեսակապով, հեռախոսով: Այցելուները հիմնականում տարբեր ազգերից են, առավելապես՝ 30-ից 50 տարեկան կանայք են դիմում: Իմ մասնագիտության պահանջարկը շատ է. այսօր Երկիր մոլորակը բազմաթիվ թեժ հակամարտությունների խառնարան է դարձել, դրան զուգահեռ՝ աշխարհագրական տարբեր տարածքներում իրար են հաջորդում բնական բազմապիսի աղետներ՝ ջրհեղեղներ, փոթորիկներ, հրդեհներ, օդային և ցամաքային փոխադրամիջոցների մեծ ու փոքր վթարներ, էլ չեմ խոսում ահաբեկչության՝ օրեցօր ահագնացնող վտանգի մասին: Այսինքն՝ ոչ միայն անհատները, այլև ողջ Երկիր մոլորակն է ցնցման մեջ: Հոգեբանական սթրես է առաջանում, երբ մարդն իր հայրենիքից օտար ափեր է մեկնում, հայտնվում նոր միջավայրում: Այդ մարդիկ, անշուշտ, ունենում են հոգեբանի կարիք, սակայն ճիշտ կլիներ, որ մինչ իրենց հայրենիքից մեկնելը դիմեին հոգեբանի օգնությանը, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդը չհեռանար իր երկրից:
-Տիկի՛ն Հարությունյան, Ձեր կարծիքով հոգեբանը բժի՞շկ է:
-Այո՛, անշուշտ: Եթե հոգեբանը բուժում է, մարդուն հանում է ծանր վիճակից, իհարկե, բժի՛շկ է:
-Շա՞տ է մեծ տարբերությունը հոգեբանի և հոգեբույժի միջև:
-Ո՛չ, աննշան Է նրանց միջև եղած սահմանը. կա մի տարբերություն՝ հոգեբույժը դեղամիջոցներ է նշանակում, հոգեբանը՝ ոչ. հոգեբանը բժշկում է խորհուրդներով, խոսքով, իրավիճակների ճիշտ վերլուծությամբ և դրանք գնահատում ըստ կարևորության ու ծանրության: Հոգեբանին ծանր բեռ է բաժին ընկնում՝ այցելուին հանել այդ վիճակից, որպեսզի նա չհասնի ծայրահեղ ծանր վիճակի և հոգեբույժի կարիք չունենա:
-Ըստ Ձեզ մայրը կամ ուսուցիչը կարո՞ղ է փոխարինել հոգեբանին:
-Դժվա՛ր է ասել. եթե ծանր դեպք է, ապա պետք է անպայման դիմել հոգեբանի: Ասեմ, որ շատ հաճախ հե՛նց ծնողին է պետք հանել հոգեբանական ծանր սթրեսից, նոր անցնել նրա երեխային…Հատկապես դեռահասության տարիքո՛ւմ են ի հայտ գալիս շատ խնդիրներ, ծնողների ու երեխաների միջև լինում են վեճեր, տարաձայնություններ, և շատ հաճախ դրանք լուծվում են միայն հոգեբանի օգնությամբ, միջամտությամբ:
-Իսկ ուսուցի՞չը…
-Ես իմ կյանքում շատ լավ , Աստծուց տրված ուսուցիչ չեմ տեսել: Ես եղել եմ Լյուդմիլա Հարությունյանի ասպիրանտը, և միակը նա է, ով ինձ համար հրաշալի դասախոսի, ղեկավարի կատարելատիպ է: Միայն Աստծուց տրված ուսուցիչները կարող են փոխարինել հոգեբանին, սակայն, ցավոք սրտի, նրանց թիվը շատ քիչ է:
-Անդրադառնանք Մոսկվայի հայկական համայնքում ծավալած Ձեր մասնագիտական գործունեությանը. հաճա՞խ են Ձեզ դիմում մեր հայրենակիցները:
-Երբ դիմում են, կանչում են, ես անպայման գնում եմ: Համայնքն ունի կիրակնօրյա դպրոց, ուր ես սիրով եմ գնում: Մեր համայնքը շատ կազմակերպված մի մեծ ընտանիք է և ամուր թելերով է կապված Հայրենիքին. մենք միշտ մեր համայնքի կողքին ենք և Հայրենիքի կողքին ենք նրա դժվար պահերին: Ապրիլին ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, Արցախին ցուցաբերվող օգնության իր բաժինն ունեցավ նաև մեր համայնքը. դա յուրաքանչյուրիս պարտքն էր, որովհետև այդ տղաները պահեցին, պաշտպանեցին մեր Հայրենիքի սահմանները: Մեր արածը չնչին բան է նրանց թափված արյան դիմաց:
-Խոսենք Ձեր բարեգործական աշխատանքների մասին:
-Բարեգործություն ասվածն իմ կողմից հոգեբանական անվճար ծառայություններն են անվճարունակ մարդկանց և առաջին հերթին՝ պատերազմի հետևանքով որդեկորույս մայրերին: Հիմա նրանք արդեն էլ չեն դիմում ինձ, սակայն հարկ եղած դեպքում ես պատրաստ եմ անշահախնդրորեն օգնել: Տա՛ Աստված, որ մարդիկ դրա կարիքը չունենան:
-Վերապատրաստվու՞մ եք Ձեր մասնագիտությամբ:
-Մենք անընդհատ սովորում ենք, մենք ոչ մի բաղադրատոմս չունենք, պարզապես լսում ենք նշանավոր հոգեբանների դասախոսությունները: Սովորում ենք ողջ կյանքում, սովորում ենք հե՛նց մեր գործնական աշխատանքում:
-Տիկի՛ն Հարությունյան, հոգեբանության, մանկավարժության բնագավառում ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:
-Յանուշ Կորչակը: Ազգությամբ լեհ այդ մեծ մարդն աշխատում էր հրեական մանկատանը: Մեծ հայրենականի տարիներն էին, գերմանացիները մանկատան հրեա երեխաներին գալս են տանելու գազախցիկներ, իսկ Կորչակին, ով հրեա չէր, ասում են, որ հեռանա, սակայն նա չի լքում երեխաներին և միանում է նրանց խմբին: Այդպիսի հեղինակավոր մասնագետ է եղել նաև Վիկտոր ֆրանկլը, ով ինձ համար նույնպես մեծություն է. նա ևս Մեծ հայրենականի ժամանակ գազախցիկում է եղել և մի կերպ է փրկվել: Հոգեբանը, մանկավարժը յուրահատուկ նվիրյալ պետք է լինի . չԷ՞ որ նա գործ ունի մարդկային կյանքի, հոգու հետ:
-Չե՞ք ուզում Հայրենիք վերադառնալ:
-20 տարի դրսում եմ, բայց 20 տարի շարունակ ուզում եմ վերադառնալՀայրենիք. երկար է վերադարձի ընթացքը, սակայն կարևորն այն է, որ մի օր վերադարձը երազանքից իրականություն դառնա. կարծում եմ՝ հեռու չէ այդ օրը:
-Շնորհակալությու՛ն հետաքրքիր զրույցի համար, մաղթում եմ համբերություն և երբեք չվերջակետվող սեր ու նվիրում Ձեր աշխատանքում:
Կարինե Ավագյան