Ամփոփվեցին «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» մրցույթի արդյունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/images3.jpg)
ՀՀ Սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությունը՝ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք,» մրցույթը, ամփոփվեց Մոսկվայի տանը, ուր եկել էին մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պետական պաշտոնյաներ: Իսկ բեմում մրցույթի մի քանի տասնյակ մասնակիցներն էին: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին ու ներկաներին, ասաց. «Այսօրվանից սկսվում են մեր մայրաքաղաք Երևանի տոնին նվիրված հանդիսությունները: Վաղը, մյուս օրը մայրաքաղաքը կապրի խնդության պահեր, մարդիկ մեկ անգամ ևս հայացք կհառեն պատմությանը, կտեսնեն փառավոր էջեր, կնայեն նաև այսօրվան՝ նորոգ ու գեղեցիկ Երևանին, որը միշտ հին է ու միշտ նոր: Եվ ամենուրեք կհնչի «Երևան-Էրեբունի» երգը՝ իբրև քաղաքի ու նրա պատմության խորհրդանիշ: Արգենտինայում, Ավստրալիայում, աշխարհի տարբեր կողմերում հաճախ հնչող այս երգի բառերը երբեմն իրենք՝ կատարողներն էլ չեն հասկանում, որովհետև չեն տիրապետում մայրենիին, սակայն հուզումը մեծ է, ուրախությունը մեծ է, ամեն մեկի աչքերում խանդավառություն ու ուրախություն է ամփոփվում… Սա մեր քաղաքի ու մեր երկրի երգն է…, Երևանն ու Հայաստանը չտեսած պատանիների համար այս երգը դառնում է աղոթք ու սիրո արտահայտություն, նրանք երգի միջոցով են տեսնում մեր հնամյա երկիրը: Ու անհնար է այդ պահերին չհուզվել»:
Ապա տիկին նախարարը խոսեց մրցույթի նշանակության ու դերի, նրա բովանդակության մասին: Կարևորեց այն, որ նման մրցույթները դառնում են հայրենաճանաչության դասեր, հեռվում ապրողների մեջ սեր արթնացնում հայրենիքի հանդեպ, միաժամանակ հաստատում աշխարհին, որ Պարույր Սևակի բառերով ասված՝ «Մենք եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք»:
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ևս անդրադարձավ մայրաքաղաքի տոնին, ապա ողջունեց մրցույթը, մասնավորաբար խոսեց այն մասին, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, դառնալով այս մրցույթի ոգեշնչողներից մեկը, մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի մասնավորաբար սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կարողանան ճանաչել իրենց պապերի երկիրը: «Երբ տիկին նախարարի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Արի տուն» ծրագիրը, թերահավատները շատ էին, ոմանք պնդում էին, թե Սփյուռքում ապրող ընտանիքները չեն համաձայնի իրենց երեխաներին Հայաստան ուղարկել, ու ծրագիրը կձախողվի: Այսօր այլ իրողություն ունենք, «Արի տուն» ծրագիրը դարձել է Սփյուռք-Հայաստան յուրատեսակ կամուրջ, հարյուրավոր պատանիների ու աղջիկների համար տեսանելի ու հարազատ դարձրել Հայաստանը: Այս մրցույթն էլ կայացավ, այս մրցույթն էլ մի նոր նախաձեռնություն և մի նոր քայլ դարձավ»:
Մրցույթի մասին խոսեց և մասնակիցներին մրցանակներ հանձնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Արդեն իններորդ անգամ ենք մենք ամփոփում այս մրցույթը, որտեղ հաղթողներ և պարտվողներ չկան, որովհետև հաղթողը Հայաստանն է: Եկող տարի արդեն կլինի հոբելյանական՝ տասներորդ մրցույթը, և ես խոստանում եմ, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում տեղի ունեցող մեր մրցույթի ամփոփման երեկոյին մասնակցեն նաև հայաստանյան փուլի հաղթողները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մենք կքննարկենք հոբելյանական մրցույթի կազմակերպման, ինչպես նաև Երևանում նոր ծրագրերի ներդրման հարցերը: Ես ողջունում եմ նաև իր հինգամյակը նշող Սփյուռքի նախարարությանը: Հինգ տարին փոքր ժամանակահատված է, սակայն Սփյուռքի նախարարությունը հսկայական աշխատանքներ է կատարել: Այս նախարարության գոյությունը հաստատեց մի բան, որ մենք վերջապես գիտենք, որ ունենք հստակ հասցե, գիտենք, թե ինչ հարցով դիմել»- ասաց Արա Աբրահամյանը:
Այնուհետև տեղի ունեցան պարգևատրումներ: