«ժամ առաջ շտապում եմ տեսնել իմ Հայրենիքի տեսարժան վայրերը». Լիլիթ Առաքելյան

Հունիսի 20-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարաության հայրենաճանաչողական   «Արի տուն-2016» ծրագրի  2-րդ փուլը, որի մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

Նարեկ-Սևակ Դեդեյան, Հունգարիա, Բուդապեշտ

-Ես եկել եմ Բուդապեշտից, ինձ հետ է նաև մայրիկս, ով Հունգարիայից եկած խմբի ղեկավարն է: Շատ ուրախ եմ, որ Հայաստան եմ եկել, կարծում եմ՝ շատ լավ օրեր պետք է անցկացնեմ և շատ լավ ընկերներ  ձեռք բերեմ:  Միշտ հարցնում էի մայրիկիս, թե երբ պետք է գնանք Հայաստան: Վերջապես այստեղ եմ, վերջապես ցանկությունս իրագործվեց: Թո՛ղ մայրիկս շարունակի խոսքը, նա շատ ավելի լավ է խոսում:

IMG_4074

Սոսե Սուսանյան, Հունգարիա, Բուդապեշտի խմբի ղեկավար

-Այո՛, տղաս ճիշտ է ասում, որովհետև ես բանասեր եմ, կրթությունս ստացել եմ Երևանում: Սիրիահայ եմ, 2003-ին եմ գնացել Բուդապեշտ և այնտեղ ամուսնացել եմ  Բուդապեշտում  ավելի վաղ  հաստատված սիրիահայի հետ: Ես սերտորրեն կապված եմ հայկական համայնքի հետ. Բուդապեշտում լույս ընծայվող  «Արմենիա» հայալեզու թերթի խմբագիրն եմ  և տեղի ազգային ռադիոյի տնօրենը: Բուդապեշտի հեռուստատեսությամբ հնարավորություն ունենք  ամիսը 10 րոպեով հայերենով  հաղորդումներ հեռարձակելու: Ես էլ շատ  եմ կարոտում Հայրենիքս: Համալսարանն ավարտելուց հետո մոտ 20 տարի չէի եղել Հայաստանում: 2013-ին, երբ ծնողներս Սիրիայից եկան, մենք  էլ եկանք շրջագայելու: Այդ այցից հետո Նարեկն անընդհատ հարցնում էր, թե երբ ենք նորից գալու Հայաստան: Հիմա այս գեղեցիկ ու կարևոր ծրագրի շրջանակներում եկել  ենք Հայրենիք. Նարեկիս երազանքը իրականություն է դարձել: Հունգարիայից եկած մեր խմբի երեխաների ուրախությանը չափ ու սահման չկա. Հայաստան գալն ու «Արի  տուն» ծրագրին մասնակցելը նրանց համար յուրօրինակ տոնախմբություն է:

Քրիստինե Փոլադյան, ԱՄՆ, Լոս Անջելես, 18 տարեկան

-Ես այս ծրագրի մասին լսել եմ մեր ծանոթներից. նրանց  տպավորությունները  Հայաստանի ու այս ծրագրի մասին ինձ շատ ոգևորեցին, որոշեցի անպայման մասնակցել: Իմ հայրիկը Երևանի հայ է, մայրս՝ ամերիկուհի, ես ծնվել եմ ԱՄՆ- ում , սակայն ինձ լիարժեք հայուհի եմ համարում, որովհետև խոսում եմ հայերեն, սիրում եմ Հայաստանը և ունեմ շատ հայ ընկերներ ու ընկերուհիներ: Մեր ընտանիքում հայերենը չի մոռացվում, որովհետև տատիկս ու պապիկս խոսում են հայերեն: Չորս  տարի առաջ եմ եկել Հայաստան և անչափ կարոտել էի. շատ էի սպասել այս օրվան:

IMG_4077

Լիլիթ Առաքելյան, ԱՄՆ,  Լոս Անջելես,  17 տարեկան

-Ես էլ եմ 4 տարի առաջ Քրիստինեի հետ եղել Հայաստանում: Ծնվել եմ Ամերիկայում, ծնողներս հայաստանցիներ են, մոտավորապես 20 տարի առաջ են տեղափոխվել Ամերիկա: Մեր տանը թագավորւոմ է արևելահայերենը, բոլորս իրար հետ հաղորդակցվում ենք մայրենիով: Դեռևս նոյեմբեր ամսից գնել էինք ինքնաթիռի  տոմսերը և անհամբերությամբ սպասում էինք այն օրվան,  երբ ինքնաթիռը վայրէջք կկատարի  «Զվարթնոց» օդանավակայանում:

Տատիկս շատ հայրենասեր է,  շատ է սիրում Հայաստանը, հրաշալի գիտի հայոց պատմությունը, հայերին բաժին հասած դժվար ճակատագիրն ու  մեր պատմության հերոսական էջերը: Նա տանը հաճախ է խոսում հայ մշակույթի, մեր մեծերի մասին: Կարծում եմ՝ այս օրերին ինքս էլ ականատես կլինեմ այն գեղեցկություններին, որոնց մասին միշտ պատմում է տատիկս: Ես անհամբեր սպասում եմ մեր ճամփորդություններին, ժամ առաջ ուզում եմ տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը:

Մեր հայրենակիցներին,  հիրավի, սպասվում են հիշարժան օրեր, որոնք, գուցեև, հետագայում դառնան  դեպի Հայրենիք բերող  վերադարձի հիմնաքարերը:

Կարինե  Ավագյան

Scroll Up