«Արի տան» ընկերներով հաջորդ տարի կրկին կհանդիպենք հայրենիքում».«Արի տուն-2016» ծրագրի մասնակից

«Արդեն երեք օր է՝ շրջագայում ենք Հայաստանի տարբեր վայրերով, որոնք ինձ համար բացահայտումներով լի են: Թանգարաններ այցելություններից եմ տպավորված. Հայոց պատմությունը և հայկական մշակույթը ներկայացնող շատ հետաքրքիր փաստերի ականատես եղա»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ Արշամ Թամազյանը և հավելեց, որ «Արի տուն» ծրագրի մասին դպրոցում են տեղեկացրել, և մայրիկի հետ խորհրդակցելուց հետո՝ որոշել է մասնակցել:

Արշամն անկեղծորեն ասաց, որ գալուց առաջ մտավախություն է ունեցել, թե ինչպես կանցի շրջագայությունը, արդյոք ամեն ինչ լա՞վ կընթանա, սակայն նրա  անորոշությունը միանգամից փոխվել է՝ Հայաստանում տեսնելով մարդկանց ջերմ ընդունելությունն ու բարիացակամ վերաբերմունքը:

Արշամը հասակակիցների հետ այն աստիճան է մտերմացել, որ կարծես՝ միմյանց վաղուց են ճանաչում: Խոսք են տվել ծրագրի ավարտից հետո էլ շարունակել ընկերությունը՝ թեկուզ սոցիալական ցանցերի միջոցով: Նրանք արդեն ծրագրել են հաջորդ տարի  Հայաստան այցելելիս՝  ընկերներով անպայման հանդիպել:

Հայոց լեզվի դասընթացներին էլ հաճույքով է մասնակցում: Դասերի թեմաների մեծ մասն իրեն ծանոթ է, քանի որ տանը միշտ հայ գրականություն է կարդում և հայոց լեզվի գիտելքիները հարստացնում:

Հավելենք, որ տասնչորսամյա Արշամը Սանկտ Պետերբուրգի թիվ 259 ռուսական դպրոցի 9-րդ դասարանում է սովորում: Դպրոցում մեծ թվով հայ աշակերտներ կան, որոնց հետ էլ ընկերություն է անում: Արշամի ընտանիքում հայերեն խոսելը կարևոր նախապայման է, ինչն էլ օգնում է օտար միջավայրում հայ մնալ:

Ուզում է դերասան դառնալ, դեռևս փոքր տարիքից նրա ուշադրությունն այդ մասնագիտությունը գրավել է: Դերասանական վարպետություններ ստանալու համար՝ այժմ դասընթացների է հաճախում:

Գևորգ Չիչյան

Scroll Up