Պատերազմի երկու գույները
Մայիսի 9-ը տոն է ինձ համար դեռ մանկությունից: Պապիկս՝ Աղվան Աբրահամյանը, Հայրենական պատերազմի հերոս է: Հիմա նա չկա, ապրող պատմություն է ոչ միայն մեր ընտանիքի, այլև մի ողջ ժողովրդի:
Մայիսի 9-ը հաղթանակի, հպարտության օր է ինձ համար իմ ծնված օրից, սակայն ես երբեք այդ օրը պապիկիս ուրախ չեմ հիշում: Երբ հավաքվում էին նրա յոթ զավակները, թոռները, ծոռները, նա միշտ տխուր էր, ժպտում էր միայն, երբ ցանկանում էր թաքցնել աչքերում կուտակված արցունքները: Խոսում էր շատ քիչ, ու պարտադիր խոսքն ավարտում նախադասությամբ, որը բոլորս անգիր գիտեինք. «Ցանկությունս է, որ Ձեզ երբեք նման առիթներով չշնորհավորեն, որ Ձեր հաղթանակներն ու շնորհավորանքները խաղաղ օրերի ծնունդ լինեն»:
Մենք զարմանում էինք՝ հպարտանալու, ուրախանալու փոխարեն նա ինչ է ասում: Տարիներ հետո միայն հասկացա, որ այդ ժամանակ պատերազմը մեզ համար միայն մի երես ուներ՝ հաղթանակ, իսկ պապիկիս համար…
Արդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը ինձ համար դարձել է Եռատոն, երբ մեր նորագույն պատմության հերթական էջը լրացվեց Շուշիի հաղթանակն ավետող հերոսական տողերով: Շուշին դարձավ մեր անպարտ ոգու, անկասելի բազկի նորօրյա առհավատչյան ու այն մշտարթուն հերոսը, որը ցանկացած պահի կարող է արթնանալ յուրաքանչյուրիս հոգիներում ու առաջնորդել:
Դարձյալ հաղթանակ, հպարտություն ու պատերազմ միայն մի երեսով: Միակ տարբերությամբ, որ այս անգամ մյուս երեսը տեսանելի էր դառնում արցախյան պատերազմի տխուր ու հերոսական պատմություններով, լեռներում կատարվող «հարսանիքներով» ու Եռաբլուրում հանգչող քաջերի աներևույթ գոյությամբ:
Պատերազմն ինձ համար շարունակում էր միայն հաղթանակ լինել, քանի դեռ ապրիլյան մի օր չէր թակել յուրքանչյուրիս դուռը հպարտության ու ցավի գույներով: Այդժամ ես տեսա պատերազմի երկու երեսը: Հաղթանակ ու պարտություն. երկու երես, որոնց կշռաքարերը հավասարապես են կշռում մեր բանականության ու սրտի նժարներին:
Ահա հաղթանակն իր ողջ գույներով. հերոս տղաներ, աներևակայելի սխրանքներ, արդեն իսկ լեգենդ դարձած պատմություններ, դհոլ ու զուռնայով մարտի մեկնող կամավորներ ու բոլորիս երկինք հանող հպարտություն:
Տեսա նաև պարտության գույնը. չապրած կյանքեր, արդեն միայն լուսանկարից ժպտացող երիտասարդ հերոսներ, սևազգեստ մայրեր, որբացած մանուկներ, սգացող ու արտասվող մի ողջ ազգ…
Այո՛, հաղթեցինք 2016-ի ապրիլին, այնպես, ինչպես 1945-ին, 92-ին, հաղթեցինք սակայն՝ տանուլ տալով չապրած կյանքեր ու չիրականացած երազանքներ…
Հիշեցի պապիկիս… Ու հիմա ես եմ ուզում ասել՝ թող մեր բոլոր հաղթանակներն այսուհետ նվաճված լինեն խաղաղության մեջ, այլ ոչ պատերազմում…
Լուսինե Աբրահամյան