Արցախում երկու զինծառայող է զոհվել. Ադրբեջանի գործողություններն անպատասխան չեն մնալու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/5850fc10096802ff7c930cc0ae4640cc.jpg)
Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ապրիլի 29-ի լույս 30ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: