Ազգային պարերի միջազգային փառատոն՝ Մոսկվայում
Ապրիլի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ՝ Մոսկվայի «З�?Л» մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Հայորդիք» ազգային պարերի միջազգային ամենամյա փառատոնը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է փառատոնի ղեկավար, «Հայորդիք» երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը:
Արդեն երրորդ անգամ իրականացվող փառատոնի նպատակն է՝ սփյուռքյան տարբեր համայնքներում գործող պարախմբերի մասնակցությամբ օտարության մեջ ապրող հայերին հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցել, իսկ մատաղ սերնդի հոգիներում՝ ազգային դաստիարակություն սերմանել:
Փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ: Ըստ անվանակարգերի՝ պարախմբերին մրցանակներ կտրվեն: Ակնկալվում է նաև հայաստանյան երկու պարախմբի մասնակցություն:
Հավելենք, որ «Հայորդիք» երգի-պարի խումբը ստեղծվել է 1991 թվականին՝ Երևանում՝ ի հիշատակ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և մյուս հերոս-հայորդիների, որոնք, կենաց-մահու պայքար մղելով, զոհվեցին Արցախյան պատերազմում:
1998 թվականից առ այսօր խումբը հայապահպան գործունեություն է ծավալում Մոսկվայում: