«Մեզ համար ապագան կանխատեսելն ամենադժվար բաներից մեկն է». սիրիահայ վարսահարդար
«14 տարի է վարսավիրությամբ եմ զբաղվում: Սիրիայում իմ վարսավիրանոցն ունեի. շատ ուրախ, երջանիկ ապրում էինք: Հայաստան «հարկադրաբար» եկանք, 2012 թվականի նոյեմբերին: Որոշել էինք Նոր տարին դիմավորել, մի փոքր հանգստանալ ու վերադառնալ…»:
Վերջին տարիներին Հայաստանում հաստատված սիրիահայերի արդեն ծանոթ ու անծանոթ պատմություններ են: Միայն «հերոսներն» են տարբեր, որն այս անգամ վարսահարդար Գոգո Գալայջյանն է, որի «Koko Kalayjyan Hair & care» սրահը գտնվում է Պուշկին 49 հասցեում:
«Հայերն այսօրի» հետ զրույցում սիրիահայ վարսահարդարը շարունակում է.
– Այս տարիների ընթացքում հաճախ էի բացակայում, բայց ի վերջո որոշեցի հաստատվել Հայաստանում և այստեղ աշխատել:
Երկու ամիս ապրել եմ Բեյրութում, տասը ամիս Ռուսաստանում աշխատելու փորձառություն ունեցա: Ցանկացա տեսնել, թե ինչու են Հայաստանում շատերն այդքան ցանկանում տեղափոխվել Ռուսաստան. ես նույնպես ցանկացա այդ փորձառությունն ունենալ: Եվ… թե աշխատանքի, թե լեզվի առումով ուսանելի ճանապարհ անցա:
– Գտա՞ք Ձեր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ են գնում:
– Գտա ու հասկացա, որ անիմաստ է այդ ամենը: Այն աշխատանքը, որ հիմնականում կատարում են հայերը (խոսքս ավելի ապահով խավի մասին չէ), կարող են այստեղ էլ անել: Կարիք չկա ընտանիքը թողնել-գնալ Ռուսաստանում աշխատել ու մենակ ապրել: Նույն բանը ես էլ զգացի: Ճիշտ է, Ռուսաստանում դու ավելի շատ ես վաստակում, բայց նույնքան էլ ծախսում ես: Արդյունքում նույնն է ստացվում:
– Ինչքա՞ն ժամանակ է, որ վարսավիրանոցը գործում է: Այս ընթացքում ի՞նչ հաջողություններ և դժվարություններ են եղել:
– Վարսավիրանոցը 2015 թվականի մարտ ամսից է գործում. մոտ ինը ամիս է արդեն:
Հաջողությունը քաղաքում մեր ձեռք բերած անունն է: Մեր սրահը ավելի ճանաչելի է դառնում, շատերն են սկսում հետաքրքրվել մեր ծառայություններով: Մասնավոր դժվարություններ դեռ չենք ունեցել, որովհետև մենք լավ ենք սերտել, թե ինչպես է Հայաստանում այս գործն իրականացվում:
Իհարկե, կան տարբերություններ: Օրինակ՝ Սիրիայում կամ Միջին Արևելքում մեր գործը տարբեր ձևաչափով է կատարվում: Այնտեղ աշխատում են որպես խումբ, իսկ այստեղ՝ որպես անհատ: Հայաստանում նախընտրում են մասնագետին, ոչ թե սրահը: Սա շատ բարդ է ու ժամանակի կորուստ: Փոխարենը կարելի է շատ ավելի և շատ արագ սպասարկում իրականացնել:
Մեր աշխատողները նախ փորձնական շրջան են անցնում, եթե համապատասխանում են մեր չափանիշներին, ընդունում ենք աշխատանքի: Մեր դռները բաց են բոլորի առաջ: Մենք ունենք սիրիահայ, պարսակահայ, երևանիցի աշխատողներ: Բնական է, աշխատանքի մոտեցման տարբերություններ կան, որոնք կամաց-կամաց կհարթվեն:
Օրինակ՝ հաճախորդին սպասարկելու մոտեցումն է տարբեր: Հաճախորդին գոհացնելու համար պետք է դեռ մի քիչ ավելի շատ աշխատանք տանել: Սրահ մտելուց արդեն հաճախորդը պետք է զգա, որ հարգված է, սպասված:
– Ովքե՞ր են Ձեր հիմնական հաճախորդները:
– Իմ հաճախորդների մեծամասնությունը տեղացի հայեր են: Այստեղ մի նուրբ հարց կա. այսօր Հայաստանում ապրող սիրահայերից շատերը չունեն նախկին հնարավորությունները: Սիրիայում մոտ 10 տարվա հաճախորդներ ունեի, որոնք շաբաթը 4 անգամ իմ սրահ էին գալիս, այստեղ 4 ամիսը մեկ են այցելում: Պատճառը. անտեղ որևէ տեղ գնալու ավելի շատ առիթներ ունեին: Այստեղ ոչ միայն շատ առիթներ չկան, այլև չունեն այդ հնարավորությունները:
– Իսկ նախասիրությունների տարբերություն կա՞:
– Հայաստանում ավելի հեշտ է աշխատելը: Արաբական աշխարհում ավելի բարդ, ֆիքսված սանրվածքներն էին ընդունված: Այստեղ ավելի բնական սանրվածներ են նախընտրում: Ոճը փոխելւո մեջ մասնագետի դերն էլ է մեծ:
– Ձեր ապագան Հայաստանում պատկերացնո՞ւմ եք:
– Մեզ համար ապագան կանխատեսելն ամենադժվար բաներից մեկն է, որովհետև մյուս շաբաթ ինչ է լինելու՝ հայտնի չէ: Աշխատանքի առումով կարելի է լավ ապագա ունենալ Հայաստանում:
Մեր ապագան կախված է նաև մեր ծննդավայրի ապագայի հետ: Առայժմ այստեղ ենք և ուրիշ բանի մասին չենք մտածում:
Մեր սխալն այն էր, գոն իմ, որ չէինք կարողանում կենտրոնանալ, թե որտեղ պետք է լինենք: Հիմա կենտրոնացումս միայն այստեղ է: Ու եթե ամեն ինչ լավ լինի, ուրիշ տեղ գնալու ոչ նպատակ, ոչ էլ տրամադրություն ունեմ:
– «Լավ» ասելով ի՞նչ նկատի ունեք:
– Հանգիստ, լավ գործ ու լավ ապագա: Աշխատող մարդու համար ամեն ինչ հնարավոր է:
Հայաստանում իմ սրահը մոտ ինը ամսվա կյանք ունի, իսկ Սիրիայում մոտ 10 տարվա (հիմա այլևս չկա, որովհետև հրթիռը վնասել է այն): 10 տարեկանը 9 ամսականի հետ չի կարող բաղդատվել: Սիրիայում 8 աշխատող ունեի, եթե 24 ժամ բաց լիներ վարսավիրանոցը, ապա 24 ժամ էլ կաշխատեինք: Այնտեղ ամեն ինչ արդեն կայունացած էր: Այստեղ կայունանալու, հաստատվելու ու հունի մեջ ընկնելու համար դեռ ժամանակ է պետք: Մի փոքր մանր քարեր էլ կլինեն ճանապարհին, բայց դրանք էլ կհաղթահարվեն:
– Արդյո՞ք հայստանյան հնարավորությունները բոլորի համար նույնն են:
– Գործի ասպարեզները տարբեր են և մեկը մյուսին համեմատելի չէ: Հայաստանում շատ գործեր կան, որ հանգիստ կարող ես հաջողել, գործեր էլ կան, որ անհույս են Հայաստանի պարագայում, գոնե առայժմ: Վարսավիրությունը հեշտ գործերից մեկն է:
Սիրիահայերի մեծ մասը գործարարներ էին, գործարանատերեր: Բոլորն իրենց փաստած մարդիկ էին: Նրանց փորձառությունը քննարկման ենթակա չէ, բայց այստեղ չեն կարողանում հարմարվել: Հայաստանում կա հնարավորությունների պակաս, օրենքների տարբերություն, արգելքներ:
Սիրիահայերի մեծամասնությունն արդեն 3 տարի է այստեղ է, և որոշ չափով կարողացել է ճանաչել քաղաքը, օրենքները, կարգերը: Կան մարդիկ, որոնք ցանկանում են Եվրոպա, Կանադա գնալ:
Իմ կարծիքով, եթե հնրավարություն կա մի բան ստեղծելու Հայաստանում, ավելի լավ է մնալ այստեղ, մի քիչ էլ ավելի տանջվել, քան անծանոթ երկիր գնալ, որի կենցաղը, լեզուն կամ ապրելակերպը քեզ ծանոթ չէ:
Եթե հնարավորություն կա, հայը պետք է ապրի Հայաստանում: 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ է, իսկ պատմությունը սիրում է կրկնվել: Որպեսզի այդ ամենը չկրկնվի, պետք է մնալ այստեղ: Բայց, անշուշտ, հնարավորություն պետք է լինի, միջոցներ, աշխատանք…
Ուր էլ գնանք՝ ժամանակավոր հյուր ենք: Այս երեք տարիների ընթացքում ես էլ շատ բացակայեցի, վերապատրաստման, գործի առումով, բայց երբ օդանավակայան եմ հասնում, ինձ ուրիշ եմ զգում: Սրանք լոկ խոսքեր չեն, Հայաստանում ինձ ավելի հանգիստ եմ զգում: Բայց աշխատանք պետք է լինի: Քաղաքը կարող է գեղեցիկ լինել, կենցաղը շատ լավ, բայց եթե դու այդ ամենից չես կարողանում օգտվել, այդ ամենն անիմաստ է դառնում:
Լուսինե Աբրահամյան