Ստամբուլում կկայանա «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքի շնորհանդեսը

Գերմանացի լրագրող, գրող Յուրգեն Գոդշլիգը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում կներկայացնի իր «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքը:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Demokrat haber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ գրքի շնորհանդեսի ժամանակ գրողը հատվածներ կկարդա գրքից, ապա կպատասխանի ներկաների հարցերին:
Գիրքը ներկայացնում է, թե ինչպես Գերմանիան, որը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր տիրապետությունը հաստատել Արևելքում, Թուրքիային ներքաշեց պատերազմի մեջ: Կայսրության բանակում ծառայող գերմանացի զինվորները հայերին լրտես և դավաճան էին համարում: Իսկ երբ հայերի բռնի տեղափոխությունը ցեղասպանության վերածվեց, գերմանական կառավարությունը գտավ, որ միլիոնավոր մարդկանց կոտորածը «դաժան, սակայն արդյունավետ մեթոդ է»: Ըստ հեղինակի` Գերմանիան անտեսել է հայերի դեմ կատարվող վայրագությունների վերաբերյալ դիվանագետների և հոգևորականների մտահոգությունները:
Յուրգեն Գոդշլիգը գիրքը գրելիս այցելել է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, հանդիպել է ցեղասպանության զոհերի հարազատների հետ, ուսումնասիրել է գերմանական և թուրքական արխիվները: