Գերմանիայում ստեղծվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների կազմակերպություն

Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների սերունդները Գերմանիայում կազմակերպություն են ստեղծել՝« ՀՀԱԴԵՔԱ» անունով: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, որը նաև նորաստեղծ կազմակերպության փոխնախագահն է:
Նրա խոսքով, կազմակերպության անվանումը պայմանավորված է այդ ժողովուրդների անուններով ՝ հայեր, հույներ, ասորիներ, դերսիմցիներ (զազաներ – ArmenianGenocide100.org), եզդիներ, քրդեր, ու ալեվիներ: Ըստ Ազատ Օրդուխանյանի ՝ կազմակերպության գործունեության նպատակն է լինելու բոլոր ցեղապանությունների ճանաչումն ու այդ ժողովուրդների պատմական և մշակութային իրավունքների վերականգնումը: «Նախագահ է ընտրվել մեր ընկերը ՝ Պոնտոսի հույների կենտրոնական վարչության փոխնախագահ Իլիաս Մավրիկասը: Մենք մեկ ընտանիքի նման կարողացել ենք հասկանալ իրար ու միավորվել: Կարծում եմ, որ կազմակերպությունը դեռ կնշանավորվի իր գործերով»,- շեշտել է նա: Մոտ օրերս, հավելել է Ազատ Օրդուխանյանը, կազմակերպությունը գրանցվելու է Քյոլնի առաջին ատյանի դատարանում: