Մոսկվայի Ցեղասպանագիտական գիտաժողովը կընձեռի ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը գրավելու հնարավորություն

Մոսկվայի հայկական վանական համալիրում հոկտեմբերի 23­-ին մեկնարկող Ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովը կընձեռի ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը գրավելու հնարավորություն:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-­ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: «Հոկտեմբերի 23­-24­-ը Մոսկվայում կայանալիք գիտաժողովը և դրա իրականացման վայրը ավելի խորհրդանշական են՝ հաշվի առնելով գիտաժողովի խորագիրը՝ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր­ բարոյական հանցագործություն»:

Գիտաժողովը շատ կարևոր տեղ է գրավում 2015թ. տեղի ունեցած միջազգային գիտական միջոցառումների շարքում մի քանի պատճառով: Նախ, այն տեղի է ունենում Մոսկվայում, ինչը հնարավորություն է տալիս գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը: Ռուսաստանում, ցավոք, ցեղասպանագիտությունը, որպես գիտական ոլորտ, դեռևս այդքան էլ զարգացած չի, և մենք հույս ունենք, որ այս գիտաժողովը թույլ կտա որոշակիորեն փոխել իրավիճակը: Մեզ համար դա կարևորագույն խնդիր է»,­ ընդգծեց Սուրեն Մանուկյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-­ինստիտուտի փոխտնօրենը հավելեց, որ գիտաժողովը նաև կարող է զարկ տալ հենց Մոսկվայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին: Այն կարող է հետաքրքրություն առաջացնել մոսկվաբնակ հայ երիտասարդների մոտ՝ Հայոց ցեղասպանության թեման իրենց հետազոտության առարկա դարձնելու համար: «Գիտաժողովն մասնակցելու են աշխարհի 15 երկրից մոտ երեք տասնյակ անվանի հայագետներ և ցեղասպանագետներ, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու նախագահներ՝ ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը և նախկին նախագահ Ալեք Հինթոնը», ­ հայտնեց Սուրեն Մանուկյանը: Երկօրյա գիտաժողովում հնչելու են զեկույցներ տարբեր ցեղասպանությունների մասին, հատկապես Հայոց ցեղասպանության պատմության և վավերագրերի, Մեծ եղեռնի և դրա հետևանքների հաղթահարման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու դերի, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական դիտանկյունների մասին, գրականության, կերպարվեստի, կինոարվեստի, երաժշտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլման և այլ արդիական խնդիրների վերաբերյալ: Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը:

Scroll Up