Բարեկամության կամուրջ Երևանի և Բելգիայի դպրոցների միջև. լուսանկարներ

«Քույր դպրոցներ» ծրագիրը՝ գործողության մեջ.

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը, որի արդյունքում Սփյուռքի տարբեր տարածաշրջանների և հայաստանյան ավելի քան 2 տասնյակ կրթօջախների միջև ստեղծվել են կապեր, ակտիվ համագործակցություն է ծավալվում համատեղ կրթական ծրագրերի մշակման, առանձին հայագիտական դասընթացների հեռավար ուսուցման ուղղությամբ, կազմակերպվել են փոխայցելություններ՝ տեղում միմյանց ճանաչելու և ուսումնամեթոդական ծրագրերին տեղեկանալու նպատակով:

«Քույր դպրոցներ» համագործակցությունը, սերտ կապերը նպաստում են ուսումնական, արտադպրոցական, հայեցի կրթության ու դաստիարակության, հայապահպանության գործին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ վերջերս նման ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքներ տարվեցին Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» մշակութային կենտրոնի կիրակնօրյա և Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 հիմնական  դպրոցների  հետ, որի արդյունքում այս տարվա սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը երկու կրթօջախների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրվեց   Լիեժից միության նախագահ Լուսինե Ներսիսյանի և թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին նախարարության աշխատակիցներ, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար  Ա. Սադոյանը, սփյուռքահայ ուսուցիչներ Լիբանանից, Սիրիայից, Ռուսաստանից:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, շնորհավորելով դպրոցներին, աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի, գրի ու դպրության օրվա և «Քույր դպրոցներ» հուշագրի կնքման առթիվ, խոսեց Հայրենիքից հեռու հայ դպրոց պահելու, հայ երեխաներին հայեցի կրթելու և դաստիարակելու մեծագույն առաքելության նշանակության մասին: Միաժամանակ նշելով, որ Հայաստանի դպրոցները մեծ դեր ունեն հայապահպանության գործին սատարելու, ուժերի ներածին չափ Սփյուռքի հայկական դպրոցներին օգնելու, ավագ խորհրդատուի, գործընկերոջ խնդրում:

Երկու հաստատությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարությանը, որը բազմաթիվ հայապահպանական ծրագրերի, հսկայական աշխատանքների շարքում մշտական հոգածության է արժանացնում Սփյուռքի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծումը: Նրանք նշեցին, որ նման ծրագիր իրականացնելը, իրենց ղեկավարած դպրոցներն այս ծրագրում ներգրավելը համարում են  մեծ պատիվ  և մեծ պատասխանատվություն:

Ստ. Շահումյանի անվան դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ իր դպրոցի աշակերտական խորհուրդը, մանկավարժական կոլեկտիվը և ծնողական համայնքն ամեն ինչ կանեն՝ հուշագրի կետերն իրականացնելու համար:

Լիեժի «Մեսրոպ Մաշտոց» միության և դպրոցի ղեկավար Լուսինե Ներսիսյանը հույս հայտնեց, որ գործակցությունը հայաստանյան դպրոցի հետ երկուստեք շահավետ կլինի, որովհետև կնպաստի կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակմանը: Ինչպես նաև կրթօջախների մանկավարժների և աշակերտների փոխճանաչման նպատակով փոխայցելությունների կազմակերպմանը, մանկավարժական փորձի փոխանակմանը, առցանց հաղորդակցության ապահովմանը, հայագիտական առարկայական դասընթացների մշակմանը:

1 34 56 710 12 unnamed

Scroll Up