«Արի տուն-2015»-ի մասնակից. «Անհամբեր սպասում եմ Խոր Վիրապ այցելելուն, որպեսզի Արարատը մոտիկից տեսնեմ»

Միքայել Դալլաքյանը Ուկրաինայի Դոնեցկ քաղաքից է: Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով 2014 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան:

Սակայն, ինչպես Միքայելն է ասում, ամառային արձակուրդներին միշտ եկել է Հայաստան և լավ ժամանակ անցկացրել: Տասնչորսամյա պատանին հետաքրքրված  է Հայոց պատմությամբ, ուզում է իմանալ, թե ի՞նչ ծագում ունի հայ ժողովուրդը և ի՞նչ ճանապարհ է անցել:

Միքայելին հոգեհարազատ են Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերը:  Երբ ամեն առավոտ պատուհանը բացելով Արարատ սարն է տեսնում, նրա հոգում հայ լինելու հպարտությունը մեծանում է:

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների  «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին  մասնակցել խորհուրդ տվել է մայրիկի ընկերուհին, ով քաջատեղյակ է եղել ծրագրից: Տղան նույնպես իմացել է, որ Սփյուռքի նախարարությունը նման ծրագրի է իրականացնում և ոգևորությամբ սպասել է, թե երբ է մասնակցելու համար հայտադիմում լրացնելու:

Նրա համար կարևորն այնն է, որ ծրագրի շրջանակներում ևս մեկ անգամ հնարավորություն կունենա մանրամասն տեղեկություն ստանալ Հայաստանից, ազգային արժեքներից, ինչը նվաճում է համարում իր կյանքում: Իսկ հասակակիցների հետ մտերմանալը հեշտ է ստացվել, առանց խնդիրներ առաջացնելու շփվում են միմյանց հետ և պատմում իրենց երկրների սովորույթների մասին:

Արդեն մի քանի օր է՝ Միքայելը «Արի տուն» ծրագրով շրջագայում է Հայաստանի տարբեր վայրերով: Հարցին, թե ինչ տպավորություններ է հասցրել ստանալ ծրագրից, նա պատասխանեց. «Տպավորություններս հիանալի են, ամեն ինչ հիանալի է կազմակերպված, անհամբեր սպասում եմ Խոր Վիրապ այցելելուն, որպեսզի Արարատը մոտիկից տեսնեմ»:

Գևորգ Չիչյան

Scroll Up