Արի տուն-2015. Գայանե Բաբլոյան. «Սփյուռքահայ երեխաների մոտ Մայրենիի հանդեպ ոգևորություն և հարգանք եմ նկատում»

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2015» ծրագրի  մասնակիցները մինչ ծրագրով նախատեսված շրջագայությունների մեկնելը՝ Հայոց լեզվի դասընթաց են ունենում Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում:

 «Հայերն այսօրը» զրուցել է արիտունցիներին Հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցչուհու՝ Գայանե Բաբլոյանի հետ:

Տիկին Բաբլոյանից հետաքրքրվեցինք, թե սփյուռքահայ երիտասարդներն ինչ չափով են տիրապետում հայոց լեզվին, և թե ինչ ոգևորությամբ են հաճախում դասերին:

 Պարզ դարձավ, որ Գայանե Բաբլոյանը «Արի տուն» ծրագրի շրջանակներում աշխատում է Ջավախքից և Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից ժամանած երեխաների հետ: Ուսուցչուհու փոխանցմամբ՝ բոլորն էլ տառաճանաչ են, ինչն էլ հեշտացնում է դասապրոցեսը:

«Հաճույքով եմ աշխատում բոլորի հետ, քանի որ սփյուռքահայ երեխաների  մոտ  Մայրենիի հանդեպ ոգևորություն և հարգանք եմ նկատում: Բանիմաց են, դասերին ներկայանում են պատրաստված, աչքի են ընկնում պարտաճանաչությամբ: Միշտ հարցեր են տալիս, փորձում հնարավորինս շատ տեղեկություն ստանալ հայոց լեզվի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին. նրանց հիմնականում պատմական տեղեկություններն են հետաքրքրում: Ես այնպես եմ կազմակերպում պարապմունքները, որ նրանց արդեն իսկ  ունեցած գիտելիքներին ավելացնեմ նորը: Բացի Հայոց լեզվից և գրականությունից, տեղեկություններ եմ հաղորդում Հայ ժողովրդի պատմությունից, արվեստից և մշակույթից»,-ասաց ուսուցչուհին:

 Գայանե Բաբլոյանը դասաժամերը նաև երաժշտական մասով է համեմում, որի մասին հետևյալը պատմեց. «Օրինակ, երբ Հայ գրականությունից Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ենք անցում, դասի վերջում խմբով տվյալ բանաստեղծության հիման վրա գրված երգն ենք երգում: Ու այսպես շարունակ: Այս միջոցի կիրառումն օգնում է, որպեսզի երեխաների հիշողության մեջ ամրապնդվի տվյալ բանաստեղծությունը»:

Ուսուցչուհին, մինչև նոր թեմային անցնելը, նախորդ դասերից կրկնություն է անում, հարցերի միջոցով օգնում վերհիշել: Տիկին Բաբլոյանը ուրախությամբ նշում է, որ պատանիները գրագետ են խոսում՝ չնայած փոքր-ինչ դժվարությունների են հանդիպում, որին ուսուցչուհին ըմբռնումով է մոտենում՝ ասելով, որ պատճառը նրանց ամենօրյա խոսքում հայերենի քիչ կիրառությունն է:

Դասընթացի սկսվելուց առաջ երեխաներից հետաքրքրվում է, թե ինչպիսի տպավորություն են ստացել այցելած վայրերից, հարցնում դրանց նշանակության մասին՝ փորձելով հասկանալ, թե որքանով են յուրացրել էքսկուրսավարի՝ պատմամշակութային վայրերի մասին հաղորդած տեղեկությունները:

Տիկին Բաբլոյանը կարծում է, որ նման դասընթացների կազմակերպումը նպատակային է. շրջագայությունների գնալուց բացի, Սփյուռքի պատանիներին ու աղջիկներին պետք է հնարավորություն ընձեռել Հայաստանի վերաբերյալ գիտելիքները զարգացնել, Մայրենին բարելավել, ինչն էլ կօգնի նրանց կապվել Հայրենիքին:

Հայոց լեզվի դասընթացի վերջին օրը «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար Գայանե Բաբլոյանը «Հրաժեշտի դաս» է անցկացնում: Առաջին մասում երեխաներն ամփոփում են յուրացրած թեմաները, իսկ երկրորդ մասում «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դե՛ռ շատանանք» խորագրով փոքրիկ միջոցառում են կազմակերպում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արիտունցիները հայրենասիրական թեմաներով և Ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ են արտասանում, երգում՝ ոգեկոչելով Սրբադասված նահատակների հիշատակը :

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up