Թուրքիայի փոխվարչապետը մասնակցել է Ստամբուլի Սուրբ Խաչ հայկական դպրեվանքի ավարտական արարողությանը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցել է Ստամբուլի Ուսքյուդարի (Սկյութար) Սուրբ Խաչ հայկական դպրեվանքի ուսումնական տարվա ավարտական արարողությանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, Թուրքիայի հայկական համայնքին և Հայոց ցեղասպանության հարցին, գրում է Artsakhpress-ը:

Թուրքական Haberler.com-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության խնդրին՝ Արընչը թուրքական պաշտոնյաների համար արդեն սովորական դարձած խոսքերով կրկնել է միտքն այն մասին, որ «կատարվածը շատ ողբերգական է եղել և դրա վնասը զգացել են բոլոր կողմերը»: Թուրքիայի փոխվարչապետը ցանկություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն: «Մի օր, վստահ եմ, որ նման ավարտական արարողությանն այստեղ կլինեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, գուցե և մենք կարողանանք որոշ շփումներ ավելի հանգիստ, միասնական և ընկերական անենք»,- նշել է Արընչը: Նա Թուրքիայում բնակվող հայերին անվանել է երկրի անբաժան մասը՝ հավելելով. «Եթե դուք չլինեք, մենք կիսատ կլինենք»:

Իր խոսքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Հրանտ Դինքի սպանությանը՝ կատարվածը սարսափելի դեպք որակելով:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս՝ Արընչը դուրս չի եկել պաշտոնական Անկարային բնորոշ հռետորաբանությունից և կրկին հիշատակել է թուրքական կողմի համար ավանդական դարձած առաջարկն արխիվները պատմաբանների կողմից ուսումնասիրելու վերաբերյալ:

Scroll Up