Կանադահայ Կարո Տոնոյանը հետևել է Սփյուռքի նախարարի կոչին

Կանադահայ Կարո Տոնոյանը Սփյուռքի նախարարի կոչով պատրաստվում է իր երեք աղջիկների անունով 9000 դոլար ավանդ դնել հայկական բանկում:
Հայազգի Կարո Տոնոյանն ապրում է Կանադայում: Հայաստանում վերջին անգամ եղել է 20 տարի առաջ: Այս տարի ամռանը նա իր կնոջ ու երեք դուստրերի հետ պատրաստվում է ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Ի դեպ, նրա դուստրերն առաջին անգամ են լինելու Հայրենիքում և ըստ Կարո Տոնոյանի՝ մեծ ոգևորությամբ են սպասում Հայաստան ուղևորությանը: Երեքն էլ Կանադայում հաճախում են Սբ. Հակոբ հայկական դպրոց:
Հետևելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, որը հնչել էր Կանադայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում՝ ներդրում կատարել հայկական բանկերում, պատրաստվում է 3000-ական դոլար ներդրում կատարել յուրաքանչյուր աղջկա անունով՝ ընդհանուր առմամբ 9000 դոլար:
«Գիտեմ, որ ինչ-որ չափով կաջակցեմ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հիմնական նպատակս է երեխաներիս անունով ավանդ ներդնել, ինչը նաև խորհրդանշական կերպով կմիացնի նրանց Հայրենիքի հետ»,-գրում է նա Սփյուռքի նախարարությանն ուղղված իր նամակում: