Գևորգ Շադոյան.«Նախապայմանս էր, որ Մոսկվայի ցուցադրության ժամանակ հնչեր «Դլե յաման» երգը…»

«Հայերն այսօրը» զրուցել է սիրիահայ դիզայներ, «Shadoyan Fashion»  նորաձևության ստուդիայի տնօրեն Գևորգ Շադոյանի հետ: Զրույցը դիզայների «Վերածնունդ» խորագիրը կրող տարազների հավաքածուի շուրջ է, որը Մոսկվայի «Էսթետ» նորաձևության շաբաթում արժանացել է «Արտասահմանյան լավագույն հավաքածու»  մրցանակին:

-Գևո՛րգ, ի՞նչ ասել է «Վերածնունդ» տարազների հավաքածու, կբացե՞ք  չակերտները:

-Ի սկզբանե ասեմ, որ այս ամենը նախաձեռնեցի իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Ցանկացա ինչ-որ կերպ մասնակից լինել իրականացվող միջոցառումներին:

Հավաքածուի մեջ ընդգրկված են հայկական տարազների կրկնօրինակները: Տարազները ստեղծելիս ջանացել եմ երևակայությանս սահմաններում վերածնունդ տալ դրանց՝ ըստ պատմության, տարածաշրջանի: Խիստ պահպանել եմ նաև գույները, տեսքը և զարդանախշերը՝  փորձելով հնարավորիս պահպանել նախկին ձևը:

Հավաքածուի մեջ ընդգրկված են 30 տարբեր հագուստներ՝ տղամարդկանց, կանանց, և երեխաների:

Առաջին ցուցադրությունը կայացել է մարտի 20-ին՝ Արցախում: Ապրիլի 18-ին «Էսթետ» նորաձևության շաբաթի ժամանակ տեղի ունեցավ երկրորդ ցուցադրությունը: Նորաձևության շաբաթին մասնակցում էին դիզայներներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության մի շարք քաղաքներից:

Մոդելների ընտրության հարցում դիմել եմ Մոսկվայի մոդելային գործակալալություններին և գոհացուցիչ արդյունք ստացել: Ընտրված 30 մոդելներից միայն մեկն էր ազգությամբ հայ, մնացած բոլորը ռուս էին:

Ինձ համար շատ կարևոր էր, որ ռուս մոդելները մեծ ոգևորությամբ, պատասխանատվությամբ մասնակցեցին ցուցադրությանը՝ տեղյակ լինելով, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրությունից հետո սոցցանցերի իրենց էջերում այդ հագուստներով լուսանկարներ են տեղադել և անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային: Հպարտ եմ, որ այլազգի երիտասարդներին կարողացա այս միջոցով ականջալուր դարձնել մեր վշտին ու ցավին:

Նշեմ նաև, որ հատուկ «Վերածնունդ» հավաքածուի համար «Անմոռուկ» կոչվող խորհրդանշական հագուստն եմ կարել: Ցուցադրության ժամանակ հանդիսատեսն իմանալով անմոռուկի խորհրդի մասին՝ հագուստի հանդեպ առավել հետաքրքրություն ցուցաբերեց: Անգամ պատվերներ ստացա, բայց երբեք չեմ համաձայնի վաճառել այն. դա ինձ համար ընդունելի չէ:

«Էսթետ» նորաձևության շաբաթում արժանացել եք «Արտասահմանյան լավագույն հավաքածու» մրցանակին, կմանրամասնե՞ք այդ մասին:

– Մրցանակն ինձ համար անակնկալ էր: Երբ անունս հայտարարեցին, այդ ժամանակ ետնաբեմում լարված աշխատում էի մոդելների հետ՝ չիմանալով, թե ինչու է անունս հնչում: Երբ ինձ  բեմ կանչեցին, նոր միայն իմացա եղելությունը: Ցուցադրությանը որպես հյուր էի մասնակցում. մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ կարող եմ մրցանակ ստանալ:

Անչափ հաճելի էր, որ ժյուրիի կողմից նման ընդունելության արժանացա: Ցուցադրությունից հետո դեռ երկար ժամանակ բոլորը ծափահարում էին, ցանկանում էին լուսանկարվել: Անհարմար իրավիճակում էի հայտնվել. իմ ցուցադրությունից հետո մեկ ուրիշն էր սկսվել, բայց հանդիսատեսը դեռ ցուցադրությանս ազդեցության տակ էր:

-Գևո´րգ, տեղյակ եմ, որ մեկ այլ ուշագրավ պահ էլ է եղել ցուցադրության ժամանակ. ռուս երգչուհու կատարմամբ հնչել է «Դլե յաման» երգը: Ինչպե՞ս հաջողվեց դա իրականացնել:

– Երգչուհու անունը Տաշա Տուրովա է, ով երգելուց բացի նաև մոդելային աշխատանքով է զբաղվում: Անցյալ տարվա ցուցադրություններից մեկի ավարտից հետո նա մոտեցավ ինձ և խնդրեց, որ իրեն ընդգրկեմ ցուցադրություններիս մեջ: Մեր կարճատև հանդիպումն այլևս շարունակություն չունեցավ:

Երբ արդեն հայտնի էր, որ մասնակցելու եմ մոսկովյան ցուցադրությանը, Տաշայից էլեկտրոնային նամակ եմ ստանում: Նա գրել էր, որ շատ է փափագում համագործակցել ինձ հետ և հիշեցրել էր մեր նախնական պայմանավորվածության մասին: Նաև գրել էր, որ կարող է երգել ցուցադրության ժամանակ, ինչը հաճախ է անում:

Տաշան մոդելային տվյալներ ունի, ուստի սիրով համաձայնեցի համագործակցել նրա հետ, նաև առաջարկեցի «Դլե յամանը» կատարել:

Այդ օրը այլ լեզվով երգ չէր կարող հնչել, միայն հայկական երգն ու երաժշտությունը պետք է թևածեր Մոսկվայում. նախապայմանս սա էր:

Նրան ուղարկեցի երգի բառերն ու երաժշտություն: Տաշան շատ լավ երգեց ցուցադրությանը՝ հիացնելով և զարմացնելով հանդիսատեսին, հատկապես՝ ինձ: Ի դեպ, «Դլե յաման»-ը հնչեց «Անմոռուկ» զգեստի ցուցադրության ժամանակ և արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Մոսկվայում մեկ այլ հաճելի անակնկալ էլ էր ինձ սպասվում: Ռուս աշխարհահռչակ օպերային երգչուհի Նատալյա Պավլովա Կալանտոնին, ով  ապրում և գործունեություն է  ծավալում Իտալիայում, ներկա էր «Էսթետ» նորաձևության շաբաթին: Օպերային երգչուհին նաև համերգ ուներ Մոսկվայում: Նա բրենդային խանութներում տեսել էր կարածս զգեստները և շատ հավանել: Եվ ցանկացավ իր համերգի ժամանակ հենց իմ հեղինակած զգեստները կրել: Այդպես սկիզբ դրվեց  ևս մեկ համաործակցության:

-Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում:

-Ես միշտ պրպտումների մեջ եմ, ուսումնասիրում եմ շրջապատս, անգամ գրքեր կարդալուց եմ ոգեշնչվում:

Օրինակ՝ «Վերածնունդ»-ի ցուցադրությանը պատրաստվելիս ինձ ոգեշնչել է, ստեղծագործելու համար ուժ տվել Հայաստանի տարբեր շրջաններ այցելելը: Տարազի մասնագետ Արմինե Ստեփանյանի հետ սկսեցինք ուսումնասիրությունները կատարել Հայաստանի քաղաքներում և գյուղերում, Արցախում:

Եղանք Արմավիրում, Թալինում, Գյումրիում, Արցախի տարբեր գյուղերում և այլուր: Հանդիպեցինք գյուղի տատիկներին, հարցուփորձ արեցինք գյուղի բարքերից, տարազներից և այլն:

Ապա շրջեցինք թանգարաններով, մշակութային միություններով, գործարաններով: Մեկ ամբողջ օր անցկացրել ենք Ազգագրության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Արցախի կարպետի գործարանում…

-Գևո՛րգ, իսկ Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա՞ ականատեսը լինելու «Վերածնունդ» տարազների հավաքածուի ցուցադրությանը, նրանց այդ գեղեցիկ ակնթարթները կպարգևե՞ք:

– Իհարկե: Տեղեկացնեմ նաև, որ երևանյան ցուցադրությունն իրականացվելու է ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ:

Միջոցառումներից մեկի ժամանակ, երբ հանդիպեցի ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանին, ներկայացրի ծրագրերս և ասացի նախարարության հետ Հայաստանում տարազների ցուցադրությունը կազմակերպելու մտադրությանս մասին: Նա անմիջապես համաձայնեց աջակցել:

Օրեր անց արդեն Սփյուռքի նախարարությունում Հրանուշ Հակոբյանի հետ քննարկեցինք համատեղ աշխատանքներին առնչվող հարցեր: Որոշվեց, որ տարազների հավաքածուի ցուցադրությունը Երևանում տեղի կունենա մայիսի 29-ին: Հանդիպել եմ նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լենա Հալաջյանին:

Տեղեկացնեմ նաև, որ տարազների ցուցադրությունը նախատեսված է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մարսելում և Իրանում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

g2g6g7 g8g9g10 g11g12g15 g16g17g18g13g14g19g20 g21 g22

g3g1a1 a2

                                                                                                   

Scroll Up