Հալեպի «Գանձասարն» ահազանգ է հնչեցնում` սիրիահայերն անելանելի վիճակում են

Սիրիահայն ու հատկապես հալեպահայը, անվտանգության բազմաթիվ դժվարությունների կողքին տնտեսական լուրջ խնդիրների է դիմագրավում:
Հալեպի «Գանձասար» թերթն ահազանգ է հնչեցնում, որ Հալեպի բնակիչը գործազրկության ու սղաճի պատճառով դժվարությամբ է ապահովում իր օրական ապրուստը: «Հալեպից դուրս գալ ցանկացողները սիրիական լիրայի համեմատական անկման հետևանքով մեծ գումարներ են ծախսում նախ Լիբանան մուտք գործելու, ապա Հայաստան մեկնելու օդանավի տոմս ձեռք բերելու համար: Լիբանանում բնակվելը նույնպես մեծ ծախսեր է պահանջում, իսկ հարազատների մոտ ապաստան գտնելը ժամանակավոր հանգրվան է, որովհետև լիբանանցու համար ևս ապրուստն ապահովելը դժվար է: Հայաստանում հանգրվանող սիրիահայը բնակարան, աշխատանք ձեռք բերելու և ընդունելի կենսամակարդակով ապրելու մտահոգություն է ապրում, հատկապես, երբ բազմանդամ ընտանիք ունի: Այսպիսի դժվարությունների ծանր լծի ու անորոշության մեջ տագնապով ապրում է սիրիահայն ու հատկապես հալեպահայը»,-գրում է «Գանձասարը»: