Financial Times. Երաժիշտները հիշատակում են Հայաստանի ամենամռայլ պահը

Հանրահայտ Financial Times ամսագիրը հրապարակել է բրիտանացի մշակութային լրագրող Մայա Ջեգիի հոդվածը: Հեղինակը Երևան էր ժամանել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների ժամանակ և իր հոդվածում ներկայացնում է 24/04 Համաշխարհային նվագախմբի համերգը, որը ոչ միայն սգում էր մահացածներին, այլև ցնծում կենդանի մնացած մշակույթի համար: Հոդվածը, խմբագրական աննշան փոփոխություններով, ներկայացնում է armeniangenocide100.org-ը.

«Ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի՝ խորհրդային տարիներին կառուցված Օպերայի շենքի մուտքի մոտ հազարավոր մարդկանցից բաղկացած հերթ էր: Այդ օրը Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ ծաղիկներ էին դրել ձյունածածկ Արարատ լեռանը հայացքը սևեռող Հայոց ցեղասպանության հուշակոթողի անմար կրակի մոտ:

1915-ի Ցեղասպանության մեկնարկը հիշատակում էր պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգը: Երաժշտությունը ոչ միայն սգում էր մահացածներին, այլև ցնծում կենդանի մնացած պատմության համար:

Հայ ջութակահար և դիրիժոր 27-ամյա Սերգեյ Սմբատյանի համար դա հաստատում էր, որ հայերը դեռ կան և հաջողութունների են հասնում.- «Մենք կորցրել են մեր հողն ու 1.5 մլն մարդկանց»: Օսմանյան կառավարության օրոք 1915-1918 թվականներին 1.5 մլն հայ էր մահացել կամ բռնի երթերով ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ: Համերգի հաջորդ օրը Սմբատյանն ասել է. «Մենք ներկայացրել ենք վերջին 100 տարիների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ցույց տալու այն ժողովրդի գանձերն ու հարստությունը, որն այդպես ջանասիրաբար փորձում էին ոչնչացնել»: «Երաժշտությունը միշտ մեր ազգի ուժն էր: Նման փոքր երկրի համեմատ մենք շատ երաժիշտներ ունենք և զարմանալիորեն գեղեցիկ ժողովրդական երաժշտություն»,- ասել է 30-ամյա ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Ժողովրդական երաժշտության անսովոր ռիթմերն ու հին գործիքները, ինպիսին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկն է, հարմարեցվել էին սիմֆոնիկ նվագախմբերի համար 19-րդ դարում ռուսների կովկասյան նվաճումներից հետո:

Որտեղ էլ լինի, Խաչատրյանը վերստին ծափահարություններով է նվագում այդ երաժշտությունը և այս տարի կթողարկի իր և դաշնակահարուհի քրոջ՝ Լուսինեի համատեղ ձայնասկավառակը: Նրանց հայրական մեծ պապը Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից էր:

«Նույնիսկ այդ ամենին անմիջապես կապ չունեցողներիս ներսում վերքեր կան: Մենք՝ հայերս, պետք է միշտ հիշենք: Դա ոչ միայն մեր մռայլ պահերն են, այլև աշխարհի պատմության ողբերգությունն է: Պատասխանատվություն պետք է ստանձնի ոչ միայն Թուրքիան: Այլ երկրներ նույնպես պետք է պատասխանատու լինեն»:

Ֆրանկֆուրտում բնակվող Խաչատրյանը Երևան էր վերադարձել Տորոնտոյում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններից հետո:

Երևանյան համերգը մեկն էր այս տարի աշխարհով մեկ կազմակերպված մի շարք համերգներից, որոնց նպատակն էր Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու իրազեկվածության բարձրացումը: Ինչպես Խաչատրյանն է ասում. «Մշակույթը մեզ համախմբված պահող միակ ուժն էր և շարունակում է այդպիսին մնալ»:

«Մենք ցանկանում ենք ներկայացնել մի մշակույթ, որը գոյություն ուներ Ցեղասանությունից առաջ և մշակութային վերածնունդ, որը եկավ Ցեղասպանությունից հետո: Դժվար է հիշել որևէ հայտնի հայի, որին դա չառնչվեր: Դա ինչ-որ բնական ընթացք է՝ սրտի խորքից»,- ասել է Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որի պապը ականատեսն էր Սասունում տեղի ունեցած կոտորածի:

1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում ձերբակալում են օսմանյան կառավարության սև ցուցակում հայտնված 235 հայ մտավորականների: Նրանց թվում էր նաև քահանա-երաժշտագետ Կոմիտասը, որը ոգեշնչել էր հայ հեղինակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, և որի նոր թանգարանը բացվել էր Երևանում այս տարվա հունվարին: «Մենք իսկապես կոմպոզիտորների ուժեղ դպրոց ունենք»,- ասել է Սմբատյանը: Նվագախմբի ցանկում ներառված էին Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

2 և կես ժամ անդադար տևող համերգն անցավ խանդավառ մթնոլորտում, այն ղեկավարում էին 4 դիրիժորներ, այդ թվում՝ Միխայիլ Յուրովսկին, որին բախտ էր վիճակվել անձամբ ճանաչելու Արամ Խաչատրյանին: Համաշխարհային նվագախմբի երաժիշտները կրում էին մանուշակագույն շարֆեր և փողկապեր: Նվագախումբը ներառում էր աշխարհի 43 երկրներից և 47 նվագախմբերից, 20-ից 62 տարիքային խմբում գտնվող 123 երաժիշտների: Տեղացի 22 երաժիշտները հիմնականում Սմբատյանի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից էին, որը հիմնադրվել էր 10 տարի առաջ:

«Սա իմ ողջ կյանքի նախագիծն է», – ասել է Սմբատյանը, որի հայրական կողմի պապը կարողացել էր փախչել Վանից իր մոր և երկու եղբայրների հետ. «Ես նույնիսկ գիտեմ նրանց տան հասցեն: Նա կրկնում էր այն մինչև իր կյանքի վերջին օրը»:

Նվագախմբի անդամների մեծ մասի համար նոր էին այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, Վրաստանում ծնված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկը»: «Մասնագետները կարող են կարդալ երաժշտությունը և հասկանալ այն առանց կենսագրությանը ծանոթանալու: Որպես դիրիժոր՝ ես ավելի շատ հավատում եմ տեխնիկային, քան բառերին», – ասել է Սմբատյանը:

Խաչատրյանը նվագել էր Արամ Խաչատրյանի 1940 թվականի ջութակի կոնցերտից երկու կատարում: Արամ Խաչատրյանը կոմպոզիտոր էր, րն իր ժամանակն անցկացնում էր Մոսկվայում և խորհրդային Երևանում, նա «վերաիմաստավորել էր հայ ժողովրդական երաժշտությունը»: «Երկրորդ կատարումը նա գրել էր բոլշևիկների և մենշևիկների ողբերգական բախման մասին: Սակայն ողբերգությունը գալիս է հենց իր հայկական ոգուց»:

Նման զգացումներ ունի նաև 26-ամյա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը ծնվել է Մոսկվայում և Չայկովսկու անվան մրցույթում հաղթած առաջին հայն է:

«Այդ խորությունը զգացվում է մեր բոլոր կոմպոզիտորների աշխատանքում»: Հայ երաժիշտն այս տարվա իր բոլոր ներկայացումները նվիրել է 1915-ին, որովհետև Ցեղասպանության հիշատակումը նրա և հայերի մեծ մասի համար չափազանց անձնական է. «Մեծ պապիկիս ողջ ընտանիքը կենդանի այրվել է. նրա ծնողները, քույրերը, եղբայրները: Այդ ժամանակ պապիկս 7 կամ 8 տարեկան էր, միակն էր, որը կարողացել էր փրկվել, որովհետև տանը չէր: Երբ տուն էր վերադարձել, տեսել էր, որ ընտանիքի բոլոր անդամները թոնրում էին, որտեղ հայերը հաց էին թխում»:

Նման անձնական պատմություններն ավելի ցավոտ են դառնում, հատկապես, երբ հերքվում են անգամ մանրակրկիտ վկայությունների առկայության դեպքում: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանուն խաղաղության նման համերգները շատ փխրուն են թվում իրական քաղաքականության դիմաց: Հանդիսատեսին «հիշել և պահանջել» կոչ անող այս համերգը ներառում էր նաև հետևի ֆոնի վրա ցուցադրվող ֆոտոպատմություն և տեսանյութեր ֆիլմերից: Տեսողական և երաժշտական համադրությունը խորապես ազդեցիկ էր: Տեսարանները ներառում էին մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում ապրող ընտանեկան լուսանկարներ, հետո ոչնչացման, խոշտանգումների և սովի, ապա բարեգործական մանկատների և հայկական վերածննդի խճապատկերներ:

Որոշ հայեր գուցե չափազանց շատ են կառչում այդ պատմությունից: «Ընտանիքս ավելի պրագմատիկ է. միշտ ապագայի մասին է մտածում, սակայն շարունակում է հիշել», – ասել է թավջութակահար Հախնազարյանը»:

Scroll Up