Մեկնարկել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը

Այսօր առավոտյան Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբոլ ֆորումը, որին մոտ հինգ տասնյակ երկրներից մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ֆորումին զուգահեռ մեկնարկել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը, որը նախագահում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Գիտաժողովին ներկա է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն:
Գիտաժողովի հիմնական զեկուցողներն են՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում կազմակերպվող իրավաբանների համահայկական, միջազգային երրորդ համաժողովին մասնակիցը դառնալու համար:
Իր ելույթում ՀՀ սփյուռքի նախարարը շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը: Ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումն ունի ազգային, քաղաքական, իրավական, հոգեբանական, բարոյական, պատմական, քարոզչական ասպեկտներ, սակայն այն իրավական լուծումներ է պահանջում (նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը «Հայերն այսօրը» կհրապարակի քիչ ուշ):
Իր ելույթում խոսելով Հայոց ցեղասպանության հետևանքների մասին՝ նախարարն անդրադարձավ նաև հայերի անհատական, համայնքային և համազգային իրավունքների ու ազատությունների վերականգնման, արդարության հաստատման հաջորդ քայլերին:
«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը կարևոր հանգրվան է, սակայն ոչ վերջնակետ։ Այս առիթով ընդունված համահայկական հռչակագիրը ոչ միայն հենվում է միջազգային փաստաթղթերի վրա, երախտագիտություն հայտնում բոլոր պետություններին, միսիոներներին, որ պայմաններ ստեղծեցին հայկական բեկորներին վերընձյուղվելու համար, այն պետություններին ու կառույցներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ է՝ ուղղված Թուրքիային՝ թոթափելու անցյալի բեռը, առերեսվելու սեփական պատմության հետ և նպաստելու տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը»,-իր ելույթը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Մասնակիցներին ողջունեց և ելույթով հանդես եկավ նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Գիտաժողովի աշխատանքները շարունակում են:

Գիտաժողով1

Scroll Up