Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Իրաքի եզդիների հանդէպ շարունակուող բռնութիւնները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զօրակցութեան գիր է յղել համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծութիւն Միրէ-Միրա Թահսիմ Բէգին, որը վերջինիս փոխանցուել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանի միջոցով: «Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցաւակցութիւններն ենք յղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչութեան նկատմամբ տեղի ունեցող զանգուածային կոտորածների կապակցութեամբ: Մենք խորապէս անյանգստացած ենք Իրաքի հիւսիսային շրջաններում իրականացուող անմարդկային բռնութիւնների եւ դրանց հետեւանքով բազմաթիւ զոհերի առնչութեամբ», – ասուած է Վեհափառ Հայրապետի գրութեան մէջ:

Խստօրէն դատապարտելով եզդի ժողովրդի դէմ իրագործուող ջարդերն ու բռնութիւնները` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն է յայտնել, որ բազմադարեայ պատմութիւն ունեցող եզդի ժողովուրդը կը տոկայ եւ կը յաղթահարի իր առջեւ ծառացած այս փորձութիւնը: Նորին Սրբութիւնը նաեւ կոչ է արել միջազգային հանրութեանն ու կազմակերպութիւններին անյապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպէսզի վերահաստատուի խաղաղութիւնը Իրաքում եւ Իրաքի աստուածասէր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կեանքը հայրենի օջախներում:

Scroll Up