Հայոց ցեղասպանութեան մասին Բունդեսթագի նախագահի ելոյթը անհանգստացրել է Թուրքիայի Մէջլիսի նախագահին

«Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելոյթը անհանգստացրել է պաշտօնական Անկարային: Թուրքիայի Մէջլիսի նախագահ Ջեմիլ Չիչէքը այդ կապակցութեամբ յատուկ նամակ է ուղարկել Լամերթին` իր մտահոգութիւնը յայտնելով վերջինիս խօսքերի առնչութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Մասնաւորապէս թուրքական կողմին չի գոհացրել այն, որ բունդեսթագի նախագահը միջոցառման ժամանակ յայտարարել էր հետեւեալը. «Հայերի աքսորի եւ ոչնչացման հետ մէկտեղ տեղահանումն ու մասսայական սպանութիւնը վերածուել էին պատերազմական գործիքի»:

Իր նամակում Թուրքիայի Մէջլիսի նախագահը թուրքական կողմին յատուկ ձեւով արդարացել է, թէ «հայերի տեղահանութիւնը պայմանաւորուած է եղել պատերազմական պայմաններով, եւ այն չի կարող համարուել ոչ աքսոր, ոչ էլ զանգուածային սպանութիւնէ:

Չիչէքը նշել է, որ պատերազմը «թե’ հայերի, թե’ թուրքերի համար մեծ ցաւերի շրջան է եղել»:Անդրադառնալով Լամերթի խօսքերին` մէջլիսի նախագահը կոչ է արել Գերմանիային «անկողմանակալ վերաբերմունք ցուցաբերել»: Իր նամակում նա յայտնել է նաեւ իր ցանկութիւնը` քննարկելու խնդրի մանրամասներն առաջիկայ հանդիպման ժամանակ:

armenpress.am

Scroll Up