Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Յովնանեան» դպրոցի աւարտական դասարանի սաներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-518.jpg)
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Յովնանեան» դպրոցի (Նիւ Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայեանի եւ դպրոցի պաշտօնէութեան ներկայացուցիչների:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց «Յովնանեան» վարժարանի աւարտական 8-րդ դասարանի սաներին` մաղթելով նրանց նախանձախնդրութիւն, փութեռանդութիւն եւ յաջողութիւններ յետագայ ուսումնառութեան ընթացքին:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ ընդգծեց, որ դպրոցի սաների` արդէն աւանդոյթ դարձած այցելութիւնները Հայաստան իւրայատուկ խթան են պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամէնը, ինչ գրքերից սովորել են Հայրենիքի ու նրա հարուստ պատմութեան մասին, հաղորդ դառնալու հայ ժողովրդի կեանքում Հայ Եկեղեցու ազգային-հոգեւոր առաքելութեանը, հայրենի հողում գտնուող սրբազան ժառանգութեանն ու սրբութիւններին: «Այս այցելութիւնը ձեր ինքնագիտակցութեան վրայ իր զօրեղ դրոշմը պիտի թողնի, եւ դուք առաւել հպարտ պիտի լինէք, որ հայ ժողովրդի զաւակներն էք»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Երիտասարդների հետ զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը յորդորեց ամուր պահել կապը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հետ եւ հաւատարիմ մնալ ազգային ինքնութեանն ու հոգեւոր արժէքներին: Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց նաեւ «Յովնանեան» վարժարանի սաների ծնողների հայրենասէր ոգին, դպրոցի հոգաբարձուների եւ մանկավարժների գովարժան հետեւողականութիւնը, որոնց շնորհիւ սաների մտքում եւ սրտում մշտարթուն է պահւում սէրը հանդէպ Մայր Հայրենիքը, Հայոց լեզուն եւ Մայր Եկեղեցին: